կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-06 04:35
Քաղաքական

Եթե հանրահավաքին մարդ գա...

Եթե հանրահավաքին մարդ գա...

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօրվա ասուլիսը, սովորության համաձայն, սկսեց երկրում տիրող կոռուպցիայի, արտաքին ու ներքին ճակատում իշխանության պարտությունների մասին հայտարարությամբ:

«Գործ ունենք կատարելապես ձախողված իշխանության հետ, որը չունի պաշտոնավարման շարունակության համար որեւէ արդարացում: Մեր նպատակն է այս ռեժիմից օր առաջ ազատվելը, եւ բոլորին կոչ եմ անում լծվել այդ գործին»,- ասաց նա:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով` «Հայաստանում ծավալվել է պատմական պայքար ժողովրդի ազատագրման համար»:

Ըստ ՀԱԿ համակարգողի` ընդդիմությունը միավորված է իշխանության դեմ, պարզապես պայքարի մեթոդներն են տարբեր:

ՀԱԿ-ի յուրաքանչյուր հանրահավաքից առաջ այդ կառույցի կողմից հանդես եկող յուրաքանչյուր գործիչ հանրահավաքում ժողովրդի մասնակցություն ապահովելու համար ուշագրավ գովազդային արշավ է սկսում` հանրահավաքում անակնկալ լուծումներ խոստանալով: Իսկ թե ի՞նչ է լինելու ապրիլի 8-ի հանրահավաքին, դեռ իրենք էլ չգիտեն, սպասում են ժողովրդի ներկայացրած առաջարկներին, որոնք քննարկելուց հետո էլ գուցե հենց հարթակում պայքարի տրամաբանությունը հայտնի լինի:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լեւոն Զուրաբյանի խոսքերով, սպառիչ պատասխան կտա հարցին, թե իրենց հնչեցրած երեք պահանջները (քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի բացահայտման կամքի դրսեւորում եւ Ազատության հրապարակում երաշխավորված հանրահավաքների անցկացում) մինչեւ ե՞րբ են ուժի մեջ:

Լեւոն Զուրաբյանը նաեւ նշեց, որ եթե 200 հազար մարդ գա հանրահավաքին, իրենք կհաղթեն:

ԵՐԿԻՐ-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք նշված թվով մարդկանց ներկայության դեպքում էլ նրանց դարձյալ տուն չեն ուղարկի, ՀԱԿ համակարգողը պատասխանեց. «Եթե այդքան մարդ գա, ցտեսություն կասենք իշխանությանը»:

Մեր հաջորդ դիտարկմանը, թե` որքանո՞վ վստահ լինենք, որ այս անգամ պայքարը կհաջողի, եթե երեք տարի նույն պահանջներն են դնում, սակայն որեւէ արդյունք չկա, Լեւոն Զուրաբյանը զարմացավ, որ մենք չենք տեսնում, որ իրենց պայքարը հաջողվել է:

Մեր հարցին, թե նախորդ եւ գալիք հանրահավաքների միջեւ ընկած ժամանակահատվածում իր առջեւ դրված ծրագրերին հասնելու համար ի՞նչ է արել ՀԱԿ-ը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, թե ակտիվ աշխատանքներ, վերլուծություններ ու քննարկումներ են իրականացնում եւ կրկին վերհիշեց «100 քայլ» ծրագիրը: