կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-01 05:31
Արցախ

Նոր գիրք` Ադրբեջանի պետական ահաբեկչության մասին

Նոր գիրք` Ադրբեջանի պետական ահաբեկչության մասին

Ի պատասխան այս օրերին «ադրբեջանցիների ցեղասպանության» վերաբերյալ Ադրբեջանում բարձրացված հերթական հիստերիայի՝ այսօր Շուշիի «Կաճառ» գիտակրթական կենտրոնի նորաբաց գրասենյակում տեղի է ունեցել կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակված «Ադրբեջանի պետական ահաբեկչությունը եւ էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ» գրքի շնորհանդեսը։

«Մենք մեկ անգամ եւս ուզում ենք հանրությանն իրազեկել այն մասին, որ Ադրբեջան պետությունը, լինելով ահաբեկիչ, ցեղասպան, էթնիկական զտումներով զբաղվող պետություն, այսօր էլ մեր տարածաշրջանում պատերազմի մշտական օջախ է, փորձում է իր քարոզչությամբ ներկայացնել հակառակը եւ ամեն ինչում մեղադրել հենց հայկական կողմին։ Այս գիրքը լավագույն վկայությունն ու ապացույցն է այն բանի, որ իրականում հենց ադրբեջանցիներն են այդ քաղաքականության կրողները»,- շնորհանդեսի ժամանակ ասել է կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը։

Գրքում զետեղված են անցած տարի նույն թեմայով Ստեփանակերտում եւ Շուշիում անցկացված միջազգային գիտագործնական կոնֆերանսների զեկույցները, որոնցում հիմնականում խոսվում է 20-րդ դարի առաջին քառորդում Բաքվում, Գանձակում եւ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների պատճառների եւ հետեւանքների, Շուշիի մարտյան ողբերգության եւ այլ փաստերի մասին։

ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ` 500 տպաքանակով տպագրված գիրքը կտարածվի հանրապետությունում եւ դրանից դուրս։ «Կաճառ» կենտրոնը նպատակ ունի այն տարածել նաեւ համացանցով՝ ընթերցողների ավելի լայն շրջանակի ցույց տալու Ադրբեջանի իրական դեմքը, տարածաշրջանում նրա վարած քաղաքականությունը, պետական ահաբեկչությունն ու իրականացրած էթնիկական զտումները։