կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-31 06:24
Տնտեսական

Գերարածեցված արոտներ

Գերարածեցված արոտներ

Արոտավայրերը մեր երկրում համարվում են պետական սեփականություն, սակայն դրանց հետ կապված էլ լուրջ խնդիրներ կան:

Բնապահպաններն այն կարծիքին են, որ այդ տարածքների համար հարկավոր է մշակել կառավարման մոդելներ, որոնց համաձայն` դրանք կհանձնվեն համայնքային ու միջհամայնքային կառավարման, այլ ոչ թե կտրվեն ինչ-որ մեկին` վարձակալության:

Ներկայումս Հայաստանում հաշվառված են 1մլն 104 հազար հա արոտներ: Դրանցից շատերը ջրարբիացված չեն, եւ այդտեղ արածող անասունները ստիպված են կիլոմետրեր կտրել ծարավը հագեցնելու համար:

«Ամեն անգամ այդքան տարածք կտրելով` նույն անասունը ստիպված է լինում տրորել եւ փչացնել կենսաբազմազանությունը»,- «Երկիր»-ին ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը` հավելելով, որ արդյունքում ունենք գերարածեցված արոտավայրեր:

Մի շարք միջազգային ծրագրերով եւ պետբյուջեից հատկացվող գումարներով Հայաստանի կառավարությունն արդեն մի քանի տարի է` լծվել է արոտավայրերի ջրարբիացման խնդիրը կարգավորելուն, սակայն հարցը դեռ չի լուծված: Գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման եւ մելիորացիայի վարչության հողերի օգտագործման բաժին պետ Ազատ Ասատրյանը «Երկիր»-ին հայտնեց, որ արոտներում ջրարբիացման ցանց կառուցելու համար մեծ ծրագիր գոյություն ունի, սակայն այն դեռ չի իրագործվում անհրաժեշտ գումարի բացակայության պատճառով:

Գալուստ ՆԱՆՅԱՆ