Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցությունները, ասենք, որ բացասական կողմ էլ ունեն: Հիմա որ նախարարի դուռը ծեծում ես, ասում են` գյուղերն է գնացել, հանդերն է գնացել, սարն է գնացել: Քաղաքում մի մարդ չի մնացել, որ քո հոգսով գնաս մոտը:
Մարտի 22-ին տեղում չէր նույնիսկ վարչապետը: Արագածոտն է գնացել, պատասխանեցին` չեք իմացե՞լ, սարերը ջուր են քաշում: Տգետ չերեւալու համար որոշեցի չհարցնել, թե սարերն ինչու են ջուր քաշում: Բայց իրենք շատ շուտ կռահեցին միտքս ու շարունակեցին` գիտե՞ք, ոչխարը հեռավոր արոտներում որ արածում է, շատ է ծարավում, իսկ այնտեղ ջուր չկա:
Ես գլխով հավանության նշան տվեցի` վարչապետ եմ ասել, է: Բավական է նախագահը նրան դեմքով ուղղի դեպի Բաքու, եւ այս ֆրոնտում էլ հարցերը կլուծվեն: Մտքով փորձում էի հաշվել, թե Արագածոտնի Ավան համայնքում քանի ոչխար է վարի գնալու վարչապետական այցին ընդառաջ, բայց հետո մտածեցի` արժան ա, մեր վարչապետը լավ մարդ ա: Այդ այցի շրջանակներում մեր կառավարությունն այնպիսի հմտություններ ձեռք կբերի անասնապահության ճյուղի մեջ, որ հնարավոր չէ բառերով պատմել:
Խեղճ Տիգրան Սարգսյան` բանկիր մարդն ախր ի՞նչ իմանար. որ ոչխարը ջուր էլ է խմում: Իրեն ասել են՝ ծրագիր կազմիր, ինքն էլ կազմել է` նվաճում ենք հեռավոր արոտավայրերը: Ասացինք չէ՞, այդպես կարելի է նվաճել մինչեւ Բաքու, բայց մեր հովիվները փոխադրամիջոց չունեն ու ոչ էլ այդքան ոտք, որ ոչխարի հետ հասնեն հեռավոր սարերն ու ծարավից տապակվեն: Ուրեմն ջուրը պետք է նաեւ սարերը հասցնել: Եվ կանենք, գիտե՞ք: Ամբողջ աշխարհը սարերից է խմելու ջուր բերում, մենք ջուրը տանում ենք սարերը, որ ոչխարն ու հովիվը ջրամատակարարում ունենան:
Ահա թե ինչ է նշանակում դեմքով դեպի գյուղացին շրջվելը: Մտածեցի` եղբայր, եթե վարչապետն է սարերն ընկել, նշանակում է գյուղնախարարի դուռը թակելն ընդհանրապես անիմաստ է: Բայց ի՞նչ իմանաս: Ու գնացի գյուղնախարարություն:
Կարմիր թշերով մի աղջիկ, որ սկզբում ինձ բողոքավոր գյուղացու տեղ էր դրել, հարցմանս ի պատասխան արագ-արագ պտպտացրեց, որ, ինչպես ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հիմա կաբինետներում նստելու ժամանակը չէ: Գնացեք` բերքահավաքից հետո կգաք: Ես բացատրեցի, որ ինձ անձամբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը պետք չի, այլ կուզեի ընդամենը իմանալ, թե հատկապես ի՞նչ հարցով է Արմավիրի մարզ մեկնել պարոն նախարարը:
Ձայնագրիչիս տեսքը զգաստացրեց կարմիր թշերով աղջկան ու նա ավելի դանդաղ եւ բառերը հատ-հատ արտաբերելով` ասաց.
- Նա գնացել է գյուղերը` այգեգործների կողքին լինելու եւ նրանց փոխանցելու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը` այս տարի լավ աշխատել ու շատ բերք ստանալ, այլապես բոլորիս, գյուղացիներին էլ մեզ հետ, գործից կհանեն: Խեղճը հիմա էս անձրեւին, էս ցեխին, այգիներն ընկած, նախագահի պատգամներն ա փոխանցում:
- Բայց ինքը լավ մասնագետ է, չէ՞, ինչո՞ւ սեփական փորձով չի առաջնորդվում, ինչո՞ւ է գյուղացիներին փոխանցում նախագահի պատգամներն ու որոշումները, եթե դրանք իրեն են վերաբերում առաջին հերթին:
-Է՜, ախպեր ջան, մեր նախարարին ձմռանը գործի նշանակեցին: Նա ի՞նչ իմանար, որ գարնանը պիտի բացեին ծառաբներն ու տեսնեին, որ մկները կեղեւը կերել են: Էս ի՞նչ փորձանք եկավ մեր գլխին: Գյուղակադեմիան գիտե՞ք, մեր երիտթեւը, նրանց էլ են ոտքի հանել մկների դեմ: Ուսանողի բռնած մեկ մկան համար «զաչոտ» են դնում, յուրաքանչյուր տասներորդ մկան համար` քննություն: Գործը որ լավ առաջ գնա, երեւի մյուս բուհերին էլ ներգրավենք:
Խմբագրության ճանապարհին ասացի` մտնեմ էկոնոմիկայի նախարարություն եւ հարկային տեսչություն: Դատարկություն: Առիթից օգտվող հավաքարարներն են միայն մնացել, որ ազատ կաբինետներն են պռտում: Նրանցից էլ իմանում եմ` թիվ մեկ էկոնոմիստը ինչ-որ ձեռնարկությանը տրված վարկի ետեւից է գնացել` պարզելու, թե ինչի վրա են ծախսել փողերը, իսկ հարկայինն իր ողջ կազմով մասնակցում է մի երկհատորյակ գրքի շնորհանդեսի, որի ողջ տիրաժը բաժանվելու է հարկային ու մաքսային մարմիններին` կարդալու համար:
Խեղճ տղերք… Բա կարծում էիք նախագահի մոտ խորհրդակցության գնալը կատա՞կ բան է: Մեր տեղեկություններով` այդ գրքում գրված է, որ հարկային տեսուչն առանց լուրջ հիմքերի այլեւս իրավունք չունի ստուգում անցկացնելու եւ գործարար բռնելու: Մկների դեմ պայքարողներն այս հարցում ազատ են` բռնիր ինչքան կարող ես` մի մուկը` զաչոտ, տասը մուկը` քննություն:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ