կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-23 06:29
Քաղաքական

Րաֆֆի ծոմը կրոնական չէ

Րաֆֆի ծոմը կրոնական չէ

«Ես մարտի 15-ին Ազատության հրապարակ մտա` որպես Հայաստանի հպարտ քաղաքացի՝ իրացնելու քաղաքացիական,  սահմանադրական իմ իրավունքը, այլ ոչ թե քրիստոնեական ծիսակատարության կամ Մեծ Պահքի շրջանակներում»,- այսօր բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Սա պատասխան էր Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ինքը հանրահավաքի ժամանակ չի մոտեցել Րաֆֆի Հովհաննիսյանին` ելնելով քրիստոնեական սկզբունքներից. քրիստոնեությունը մերժում է ծոմապահության ցուցադրականությունը:

 

ՀԱԿ առաջնորդը հղում էր արել Հովհան Մանդակունուն, ով գրել է, թե  սատանան կործանում է թե' ծոմապահին, թե' նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է  դասում եւ ցանկանում է, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, եւ մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ:

 

Սրա վերաբերյալ Ր. Հովհաննիսյանը նշեց. «Հանրապետության առաջին նախագահին սիրով եւ անկեղծաբար մաղթում եմ Աստծո օրհնություն եւ երկարատեւ կյանք։ Եթե կա մարդ, ով ինձ ցանկանում է սատանայի կործանում, դա նրա իրավունքն է։ Սակայն կոչ եմ անում բոլորիս կարդալ եւ հղում անել նույն Հովհաննես Մանդակունու այն բաժնին, որում խոսվում է ոխ պահելու եւ վրեժ լուծելու մասին»:

 

Նշենք, որ երեկ լրացավ Ր. Հովհաննիսյանի հացադուլի 7-րդ օրը: Նա նշեց, որ ներողամտաբար է մոտենում թե' իշխանական, թե' ընդդիմադիր թեւերի իր մասին արվող ոչ պարկեշտ մեկնաբանություններին: