կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-10 01:25
Քաղաքական

"Տհաճ ու անցանկալի" երեւույթը հրահրվա՞ծ էր

"Տհաճ ու անցանկալի" երեւույթը հրահրվա՞ծ էր

Հանրապետության հրապարակում մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպը «տհաճ ու անցանկալի» երեւույթ է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

 

«Չնայած այդ օրերին ես հիվանդ եմ եղել, բայց թերթերից մեկում տեսած լուսանկարից պարզ է դառնում, որ ագրեսիան եղել է երկկողմանի»,- նշեց նա` նաեւ զարմանք հայտնելով, թե ինչու են «Ժառանգության» մասնակցությամբ բողոքի ակցիաներն ավարտվում ոստիկանական ուժերի հետ բախումներով, «այն դեպքում, երբ ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքների ժամանակ նման բան տեղի չունեցավ»:

 

«Երկիր»-ի հարցին, թե պրն Հարությունյանը տեղյակ չէ՞, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հանրահավաքից երկու օր անց քննադատեց ոստիկանությանը, որ քաղաքացիական հագուստով բազմաթիվ ոստիկաններ են մասնակցել հանրահավաքին, իսկ ոստիկանական հագուստով ոստիկանները չեն ապահովել ցուցարարների անվտանգությունը, ՀՀԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Ես միայն ասացի, որ ՀԱԿ-ի վերջին միտինգն առանց միջադեպերի է եղել, եւ կզարմանայի, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարեր, թե իդեալական հարաբերություններ են ստեղծվել մեր եւ ոստիկանության միջեւ»:

 

Ավելին, ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ «Ժառանգության» ներկայացուցիչների ստեղծած լոկալ բախումները կազմակերպված են, ղեկավարվում են որոշ կենտրոններից: Հարցին, թե ի՞նչ կենտրոններ են դրանք, պատգամավորն ընդամենը պատասխանեց, որ դա իր անձնական կարծիքն է:

 

«Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, հակադարձելով ՀՀԿ ներկայացուցչին, հայտարարեց, որ երկկողմ ագրեսիայի մասին խոսք լինել չի կարող, եւ մարտ 3-ի միջադեպի պատճառը միմիայն ոստիկաններն են` իրենց վարքով։

 

«Պատկերացնում եք, այդ օրը Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը եւ փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը մոտենում են Անահիտ Բախշյանին, ով մեր կուսակցության կողմից լիազորված է յուրաքանչյուր հինգշաբթի մասնակցելու կառավարության նիստերին եւ հայտարարում, որ տկն Բախշյանը հայհոյել է կառավարությանը: Այնուհետեւ բարձրաստիճան ոստիկանները, չգիտես ինչու, թուրքերենով հայհոյանքներ են տեղում ցուցարար կանանց հասցեին»,- ասաց Ս. Սաֆարյանը։

 

Նա նաեւ տեղեկացրեց, որ օրվա ընթացքում իրենքպատրաստվում են այդ միջադեպի կապակցությամբ հաղորդում ներկայացնել Հատուկ քննչական ծառայություն, գլխավոր դատախազություն եւ իրավապահ այլ մարմիններ։