կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-05 04:20
Քաղաքական

Համակերպվելու կոչ

Համակերպվելու կոչ

Ոստիկանները բռնություն էին գործադրել պատգամավորների հանդեպ` երեկ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

 

«Մենք ունենք մեկ գերխնդիր. ո՞վ է տվել հրաման` «մաքրել» կառավարության հարակից տարածքը, ի՞նչի հիման վրա, ի՞նչ պատասխանատվություն է կրելու այդ անձնավորությունը: Ոստիկանական կամայականությունը չի կարող կանգնել, եթե չկան կոնկրետ անձինք, ովքեր պատասխանտու են»,- ասաց պատգամավորը:

 

Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, որ այս իրավիճակում պետք է երկու կողմերն էլ հանդուրժող լինեն. «Ուժային կառույցները եւ ցուցարարներն անհրաժեշտաբար իրենց գործողությունները պետք է տեղավորեն բարեկրթության եւ օրենքի շրջանակներում: Այդ շրջանակներից դուրս արված ցանկացած քայլ բերում է անցանկալի հետեւանքների»:

 

Գ. Մինասյանը նշեց նաեւ, որ փողոցային առեւտուրն արգելելու դեմ բողոքողները միայն տասը տոկոսն են այն առեւտրականների, ովքեր իրենց աշխատանքը կորցրել են օրենքը կիրառելի դարձնելուց հետո: Նրանց 90 տոկոսին փոքր շուկաներում հատկացվել են տարածքներ, որոնց վարձավճարային պայմանները բավականին մեղմ են:

 

«Եթե 90 տոկոսը համակերպվում է քաղաքակիրթ առևտրի կանոններին, ապա բոլորս պետք է կոչ անենք մյուս 10 տոկոսին ևս ենթարկվել այդ կանոններին»,- ասաց պատգամավորը: