Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական RTR հեռուստատեսության «60 րոպե» հաղորդաշարով հեռարձակվում էր Արցախյան պատերազմի մասին թոք-շոուն: Ելնելով ստեղծված իրավիճակում գործող ազգային համերաշխության սկզբունքից` ես չեմ անդրադառնա Հայաստանի վարչապետի առցանց հարցազրույցին: ԻՆձ ցնցեց Ռուսաստանի կայսերապաշտական գաղափարներով տոգորված, ինչպես ինքն է անընդհատ շեշտում, կիսով չափ հայ՝ ռուս մորից և Արցախի հանրահայտ Մելիք-Շահնազարյանների անմիջական ժառանգից ծնված անվանի ռեժիսոր, քաղաքական թոք-շոուների ակտիվ մասնակից Կարեն Շահնազարովի խոսքը: Նա Ազնավուրի բանաձևով կարող էր իրեն անվանել հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ռուս, բայց նշանավոր արվեստագետը, հավանաբար, չի հաղթահարել խառնամուսնություններից ծնված զավակներին բնորոշ ազգային ինքնության դուալիզմը, անձի երկատումը: Երևի դա է պատճառը, որ նրա խոսքը լսելիս պետք է տարանջատել, թե տվյալ պահին նրա ո՞ր կեսն է խոսում: Հավանաբար, այդ դուալիզմով է պայմանավորված նաև այն, որ նա անընդհատ կրկնում է «այսպես ասած» դարձվածքը և աչքերը թաքցնում մուգ, անթափանց ակնոցների տակ:
Ալիևի խոսքից հետո ճանաչված գործիչն ասաց, որ ինքը հարգում է Հեյդարովիչին և նրան համարում է արդեն ոչ թե կիրթ ու գրագետ, այլ փորձառու և իմաստուն: Մասնակցելով հաջորդ հաղորդմանը՝ նա լրացրեց իր հիացմունքը՝ նշելով, որ Ալիևի խոսքն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի խոսքի, անհամեմատ համոզիչ էր, ինքնավստահ ու պատրաստված: Իմ մեջ ծնվեց նրա հայկական կեսի հետ անկեղծորեն զրուցելու, հարցեր ուղղելու գաղափարը: Նրա ռուսական կեսն ինչ ուզի՝ կասի, բայց հայկական, արցախյան կե՞սը:
Չժխտելով նրա խոսքում առկա ճշմարտության հատիկը՝ կապված երկու ղեկավարների հարցազրույցների հետ և վերանալով նրա ազգային դուալիստական մտածողությունից՝ ուզում եմ հարցնել պարոն Շահնազարովին՝ որպես մարդու, որպես արվեստագետի՝ մի՞թե հարգանքի կարող է արժանանալ շատ վարժ ու կշռադատված սուտ, կեղծիք, անազնվություն արտահայտող մի երկրի ղեկավար, որը, նայելով մարդկության աչքերի մեջ, խաբում է և այդ խաբեությամբ իրականությունը շրջում գլխիվայր, քողարկում հայ ժողովրդի դեմ գործած ու գործվող իր հանցանքները, Թուրքիայի հետ ձեռք ձեռքի շարունակում մշակութային վանդալիզմն ու ցեղասպան քաղաքականությունը՝ տարածաշրջանն ու աշխարհը կանգնեցնելով նոր աղետի, նոր պատերազմի, նոր ողբերգությունների ու էսկալացիաների առջև:
Հարգում են ազնիվ մարդուն և իմաստուն են անվանում գիտուն, բայց բարի, լուսավոր, աստվածավախ առաջնորդին: Ի դեպ, իրենց մեջ հայի արյան ոչ մի կաթիլ չունեցող բազմաթիվ քաղաքագետներ, փորձագետներ ու վերլուծաբաններ բացահայտում են ալիևյան կեղծիքներն ու տարածաշրջանի ու աշխարհի համար ծայրահեղ վտանգավոր Թուրքիա-Ադրբեջան տանդեմի պանթյուրքիստական նկրտումները, դրանք կյանքի կոչող գործողությունները, ծրագրերը: Այնինչ` Դուք նրան անվանում եք իմաստուն:
Երբ նա Արցախն անվանեց Ադրբեջանի պատմական հող, Շուշին ադրբեջանական մշակույթի մարգարիտ, հայերին անվանեց օկուպանտ, այնպես էի սպասում, որ Դո՛ւք, հենց Դո՛ւք կտաք համարժեք պատասխան: Չգիտեմ` քանի տոկոսով հրեա, բայց հարյուր տոկոսով հայ Սոլովյովը տվել է այս հարցի պատասխանը. «Եթե հայերը օկուպացրել են Արցախը, ապա Նոյյան տապանից իջնելուց հետո»:
Գուցե Ձեր տոհմի պատմության մեջ առկա պարադո՞քսն էր պատճառը, գուցե չուզեցի՞ք բարձրաձայնել, որ Շուշին կառուցել է Ձեր ուղղակի կամ անուղղակի նախնին, Ձեր տոհմի պատմության մեջ անիծված, անփառունակ Մելիք Շահնազարը ու նվիրել թուրքական մի ցեղախմբի սրիկա, հանցագործ Փանահ խանին, ինչպես վկայում է Րաֆֆին՝ իր Խամսայի մելիքություններին նվիրված աշխատությունում, չեմ կարող ասել: Մի կերպար, որի դավաճանության ու նենգության պատճառով կործանվեց հայոց պետականության վերջին հանգրվաններից, վերջին կղզյակներից մեկը՝ Պարսիկ Նադիր շահի բարեհաճությամբ ստեղծված Ղարաբաղի մելիքությունների ինքնավարությունը, որը ձգտում էր ծաղկել Ձեր սիրելի ռուսական կայսրության՝ Պյոտր Մեծի իշխանության ներքո:
100 տոկոսով ռուսը կամ այլ ազգերի ներկայացուցիչները փաստեցին, որ երբ Արցախ աշխարհում ծաղկում էր հնադարյան հայկական մշակույթը, ռուսները չկային, էլ ուր մնաց 100-տարվա պատմություն չունեցող Ադրբեջանը:
Ասացիք` Ղարաբաղյան խնդրի լուծումը ԽՍՀՄ-ը վերականգնելը կլինի, իսկ ես սպասում էի, որ կասեք, թե կարմիր կայսրությունը հայոց հնամենի հողերը՝ Արցախն ու Նախիջևանը, երկու կտոր հացի պես բաշխեց արհեստածին պետությանը՝ Ադրբեջանին:
Սպասում էի, որ կասեք, թե Արցախը Հայկ Նահապետի թոռան Սիսակի ստեղծած երկիրն է, որ կոչվել է Առանի երկիր, ուր Քրիստոսի Թադևոս առաքյալը հիմք է դրել Թադեի վանքին, Մեսրոպ Մաշտոցը հիմնել է Ամարասի դպրոցը: Որ հռոմեական կայսրության կերտած քարե քարտեզում է նշված Առանի երկիրը:
Չասացիք Ալիևին, որ հարյուր տարում որքան էլ ոչնչացրիք հային ու հայկական հետքը Նախիջևանում` 3000 հազար խաչքարերի կոտորածով, երկու հատվածում էլ հայոց վանքերն ու ամրոցները, գունագեղ մանրանկարներն ու վիշապագորգերը, սրբագիր մատյանները կորստյան մատնելով կամ սեփականելով, միևնույն է, հերոսացած Արցախի ժողովուրդը դեռ պահպանել է անջնջելի բազում վկայություններ, և դրանց նմուշները նաև Ձեր ձեռքին են: Դուք չասացիք, որ Ղարաբաղյան խնդիրը ծագել է, որ դադարեցվի Արցախ աշխարհի հայաթափումն ու մնացած ոչ թե մարգարտյա, այլ ադամանե մշակույթը պահպանվի, որ վերականգնվի բոլշևիկների կողմից խեղած պատմական արդարությունը:
Ժիրինովսկին հաղորդման էր եկել Հայոց հին քարտեզներով` Ուրարտուի, ծովից ծով Հայաստանի ու Կիլիկիայի քարտեզներով: Այնպես էի ուզում, որ Դուք Ձեզ հետ բերեիք Ձեր ռուսական կեսի խոր, դիվանագիտական գզրոցներում թաքցրած Մելիք-Շահնազարյանների տոհմական փաստաթղթերը, որ փոխանցվում է սերնդե սերունդ, տրվում է ավագ որդուն, ինչպես փոխանցվում էր մելիքական կոչումը: Շատ կուզեի, որ ցույց տայիք ու ասեիք, որ եթե ռուս կայսրերն ավելի հետևողական լինեին ու ավելի արագ գործեին, ռուսական երանելի կայսրության կազմում Դուք ո՛չ թե ռեժիսոր կլինեիք, այլ Մելիք Կարեն Շահնազարյան: Այդ դեպքում գուցե Ձեր փաստարկները, որ Ղարաբաղն արցախցիների պատմական հայրենիքն է, ավելի հիմնավոր լիներ, քան իմաստուն Ալիևի կեղծ, շինծու հավաստիացումները: Կուզեի, որ հպարտությամբ անեիք դա, որովհետև Ձեր տոհմում եղել են բազում հրաշալի մելիքներ ու բեկեր և ընդամենը մեկ դավաճան, որը կործանեց նախ իր եղբոր, ապա մյուս մելիքական տները և պետականություն կերտելու` Արցախի ժողովրդի երազանքը: Երազանք, որ տարիներ շարունակ փորձում էին իրականություն դարձնել Իսրայել Օրին, Մինասն ու Արցախի մելիքները՝ ամենակալ Պյոտրի դռան առաջ չոքած կամ Պարսկաստանում նրա կամքը կատարելիս:
Ինձ ապշեցրեց այն, որ գրեթե բոլոր փորձագետներն ու վերլուծաբանները պնդում էին, որ արցախցիներն այլևս երբեք չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում, և միայն Դո՛ւք առաջարկեցիք հանձնել մի քանի շրջան և վստահեցրիք, որ արցախցիները, ինչպես առաջ ,խաղաղ կապրեն Ադրբեջանի կազմում:
Արցախի ազնվական ծագում ունեցող պարո'ն ռեժիսոր, իսկ մի՞թե խաղաղ են ապրել նրանք: Ես սպասում էի, որ կհարցնեք, թե ի՞նչ մեթոդներ էր կիրառում ալիևների փորձառու կլանը էթնիկ զտումներ, կոտորածներ, մշակութային ցեղասպանություն իրականացնելիս, հարցնեիք, թե որքա՞ն մշակութային կոթողներ անհետացան, ինչո՞ւ, ի վերջո, Շուշիի 47 հազար բնակչությունից մնաց երեք հազար ադրբեջանցի, ովքե՞ր էին մյուսները: Չասացիք, որ 1920 թվականի մարտի 23-ին թուրք-ադրբեջանական զորքերը հրկիզեցին և կողոպտեցին Շուշիի հայոց թաղը: Դատարկվեցին և մոխրակույտերի վերածվեցին 7 հազար բարեկարգ երկհարկանի տներ, մշակութային, վարչական տասնյակ հիանալի շենքեր: Երեք օրվա ընթացքում քաղաքի բնակչությունը նվազեց 65 տոկոսով: Շուշիի 47 հազար հայ բնակչությունից 30 հազարը զոհ գնացին թուրք-մուսավաթական ավազակախմբերին: Ավերակների վերածվեցին Շուշիի հինգ հայկական եկեղեցիները, մյուս հայկական հետքերը:
Փառաբանեիք նրա փորձառությունը մինչև վերջ, որ վարպետորեն կիրառում է Մոսկվայի հայտնի դիվանագիտական ինստիտուտում ստացած գիտելիքները ու կարողանում է իր ազգակից ցեղասպան Թուրքիայի ձեռագրով յուրացնել կամ ոչնչացնել նաև այլ ժողովուրդների՝ պարսիկների, աղվանների, թալիշների, անգամ` հնդիկների մշակութային արժեքները:
Արցախցիները չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում, որովհետև դա հազարամյակներով նրանց հողն ու հայրենիքն է, և նրանք եղել ու մնում են այդպիսին, ինչպիսին նկարագրել է Րաֆֆին. «Երկրի անմատչելի դիրքը նպաստում էր այնտեղ հայոց իշխանության պահպանվելուն դառն ժամանակների փոթորիկներից։ Վայրենի բնությունը, դարավոր խուլ անտառներով պատած ահագին լեռները, անդնդախոր ձորերի մթությունը, ստեղծել էին այստեղ մի մթին ժողովուրդ, որը իր շրջապատող ժայռերի նման ամուր կուրծք աներ և իր ծմակների վագրների նման աներկյուղ սիրտ ուներ։ Այդ ժողովուրդը ապրում էր իր սիրելի լեռների այրերի մեջ, քարանձավների խորքում, ապրում էր գետնի տակ, կերակրվում էր իր անտառների պտուղներով, իր անասունների բարիքներով և, որպես մի դարանամուտ գազան, իր թաքստի միջից հարձակումներ էր գործում, երբ թշնամին հանդգնում էր վրդովել նրա խաղաղությունը»։
Դուք մտադրություն ունեք ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության և Արցախի մասին: Խորհուրդ կտամ Արցախի մասին ֆիլմի սյուժեն կառուցել Վարանդայի Ձեր մելիքական տան ողբերգական պատմության վրա և այն կոչել «Գանձասարի գաղտնիքը»: Իրականում Գանձասարի կաթողիկոսարանում, որը սերնդեսերունդ տնօրինում էին Ջալալյանները, Խամսայի հինգ մելիքությունների՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքները պարբերաբար գաղտնի ժողովներ էին անցկացնում իրենց ամենատարբեր խնդիրների և ամենագլխավորի՝ Պարսկաստանի կազմից դուրս գալու և Պյոտր Մեծի կայսրության կազմում խաղաղ ապրելու ու արարելու ծրագրի վերաբերյալ: Կարծում եմ` Ձեր ֆիլմի կուլմինացիան պետք է լինի դավաճան հորը՝ Մելիք Շահնազարին չներելու և նրա առաջարկած ժառանգությունը, արյան ու ավերի գնով ձեռք բերված ունեցվածքը չընդունելու` նրա չորս որդիների մերժումը:
Արցախի ճակատագրի համար կործանիչ ազդեցություն թողած Մելիքի անփառունակ մահից հետո Գանձասարի վանքի գաղտնի ժողովն ընդունեց մի հետաքրքիր վարքականոն, որը, ասես, մելիքական Արցախի սահմանադրությունն էր, նրա մասին, թե ինչպիսին չպետք է լինի մելիքն ու մելիքությունը՝ կետ առ կետ մերժելով Շահնազարի կործանարար վարքը:
Իսկ այդ սահմանադրության ամենամեծ խորհուրդը, ամենահզոր ուղերձը, ամենաուսանելի պատգամն այն է, որ երբեք չի կարելի խնդիրներ լուծելու համար դավաճանել սեփական ժողովրդին, գաղտնի համաձայնության գալ Փանահ խանի նման իմաստունի հետ, այնքան իմաստուն, որ կործանեց Արցախի ինքնավար մելիքություններին, երկիրը բերեց հեղեղեց թյուրքական վայրագ` մեկ տասնյակից ավելի քոչվոր, անհայրենիք ցեղերով, այնքան իմաստուն, որ այսօր Փանահ խանի ու այդ թուրանական կամ գուցե պարսկական անապատներից հայտնված ցեղերի ժառանգորդները, նրանց կիրթ ու գրագետ, փորձառու ու իմաստուն ժառանգորդ Ալիևը Առանի երկիր հայոց Արցախն՝ իր փառահեղ մշակույթով, համարում է ադրբեջանցիների հայրենիք:
Ձեր հայրը՝ խորհրդային նշանավոր գիտնական, Գորբաչովի խորհրդական Գեորգի Շահնազարովը, «Վերակառուցում» ծրագրի հեղինակներից մեկը, երբ Ձեզ է հանձնել տոհմական փաստաթղթերը, երևի թաքուն հույս է ունեցել, որ դրանք մի օր Դուք կկիրառեք ըստ արժանվույն: Գուցե Ձեր ձեռքին է 17-րդ դարի վերջում պարսից Աբաս շահի` Ձեր մյուս արժանավոր նախահոր՝ ավագ Մելիք Շահնազարին տրված հրովարտակը, որով, ինչպես վկայում է Առաքել պատմիչը. «Եվ հաստատուն նոմոս (հրովարտակ) գրեց և կնքեց թագավորական կնիքով և տվեց նրանց, որ այդ ժառանգությունները անփոփոխ լինեն, թե՛ նրանց համար և թե՛ նրանց զավակների համար, սերունդից սերունդ մինչև հավիտյան»։ Ի դեպ, պատմիչը Ձեր այս նախնու մասին գրել է. «Եվ այս Մելիք-Շահնազարը հայոց ազգից էր, հավատով քրիստոնյա, նա փառավոր և հզոր իշխան էր»
Եթե չեք կիրառում, գուցե մի օր այդ փաստաթղթերը նվիրեք Արցախի մատենադարանին կամ Հայաստանի պատմության թանգարանի՞ն:
Կարծում եմ` Մելիք Շահնազարի պատմությունն ու Գանձասարի գաղտնիքը իր համար պետք է բացահայտի յուրաքանչյուր հայ, մասնավորապես` առաջնորդի հավակնություն ունեցող հայ:
Հ.Գ. Զարմանալի զուգադիպությամբ, երբ ավարտեցի հոդվածս, առաջին սարսափելի լուրը, որ լսեցի, հայ զինվորական պաշտոնյայի պետական դավաճանության մասին էր: Պաշտոնյա, որը չի բացահայտել Գանձասարի գաղտնիքը և դավաճանել է Հայրենիքը՝ գործակցելով Փանահ խանի զարմի հետ: Սարսափելի է նրա ոճիրը և սևազգեստ մայրերի, ողջ ժողովրդի անեծքը, որ կրելու է հավիտյանս:
Էվելինա Բաղդասարյան