կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-16 01:05
Հասարակություն

Տնօրեն` քննությամբ

Տնօրեն` քննությամբ

«Ոչ բոլոր տնօրեններն են, որ իրենց մակարդակով, բարոյական կերպարով ու մասնագիտական որակով բավարարում են մեզ ու կարող են աշխատել դպրոցում, եւ այս բոլոր բարեփոխումներն ուղղված են նրան, որ մենք կարողանանք դպրոցում, ի դեմս տնօրենների, ունենալ բարձրակարգ մասնագետներ»,- այսօր ասաց ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը` տեղեկացնելով, որ կրթության եւ գիտության նախարարությունը որոշել է այսուհետ հատուկ ատեստավորում անցկացնելուց հետո միայն մանկավարժին թույլ տալ տնօրեն աշխատել:

 

Տնօրենների մրցույթին կարող են մասնակցել այն մանկավարժները, ովքեր անցել են վերապատրաստման դասընթացներ եւ ունեն ԿԳՆ-ի կողմից տրված համապատասխան վկայագրեր:

 

«Եթե մինչեւ հիմա բողոքներ էին լինում տնօրենի մասնագիտական կամ բարոյական որակներից, նախարարությունը ոչ մի պատասխանատվություն չէր կրում, բայց հավաստագրման գործընթացներից հետո ԿԳՆ-ն արդեն պատասխանատվություն է վերցնում իր վրա. մենք տալիս ենք հավաստագիր, իսկ դա նշանակում է, որ երաշխավորում ենք այս կամ այն մասնագետին լինել տնօրեն, քանի որ ե'ւ մասնագիտական, ե'ւ բարոյական որակներով նա համապատասխանում է այդ պաշտոնին»,- նշեց Մանուկ Մկրտչյանը:

 

Տնօրենների ատեստավորման գործընթացը կսկսվի փետրվարի 18-ից: Առաջին փուլը կլինի գրավոր` թեստային տարբերակով: Նրանք, ովքեր 90 տոկոսից բարձր բալեր կհավաքեն, կանցնեն բանավոր փուլ: Քննություններն անցկացվելու են Երեւանի թիվ 114 դպրոցում:

 

Մ. Մկրտչյանի փոխանցմամբ` գործող տնօրենների կեսն անգամ չի մասնակցել վերապատրաստման դասընթացներին: Ինչ վերաբերում է տնօրենների`հարցաշարերից դժգոհելուն, փոխնախարարը նշեց. «Բնական է, որ ցանկացած նոր բան պետք է որոշակի բողոքի առիթ տա, ամբողջ հարցն այն է, թե որքանով են հիմնավորված այդ բողոքները: Եթե իսկապես լուրջ առիթներ կան բողոքելու, ապա ինչո՞ւ են այդ բողոքները հատուկենտ, ոչ թե մասսայական: Ինչ վերաբերում է հարցաշարերին, ապա դրանք անընդհատ կատարելագործվում են ու ճշգրտվում, ոչինչ երբեք կատարյալ չի լինում»: