Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան, Երևան-Էջմիածին ճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով որպես տուժող ճանաչված կամ որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նախաքննության ընթացքում առգրավվել է մեկ հատ «Մակարով» տեսակի ատրճանակ, որը որևէ անձի անունով հաշվառված չէ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պարզելու զենքի փաստացի պատկանելությունը: Քրեական գործով իրականացվել և իրականացվում են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում քաղաքացի Կ. Արմենակյանի բնակարանից հայտնաբերվել են ապօրինի կերպով ձեռք բերված` ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:
Նշված դեպքի վերաբերյալ նյութերով հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում Կ. Արմենակյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Արամ Գրիգորյանից հաղորդում է ստացվել առ այն, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի գերեզմանատան հատվածում, «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահից ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և նրա եղբայր Արման Գրիգորյանը, ապա` դիմել փախուստի:
Ըստ հաղորդման՝ «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղից արձակվել են կրակոցները, գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը։ Գրիգորյանը հայտնել է, որ հետապնդել են «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենային, որին միացել է նաև Ա.Գրիգորյանի վարած «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենան, հարվածել «ՎԱԶ 21-06» ավտոմեքենային, կանգնեցրել: Սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ վերցրել են ատրճանակը, որով կրակոց է արձակվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Նախաքննական մարմինը սեպտեմբերի 17-ին տեղեկացվել է, որ Ա.Թումանյանը և նրա կողմնակիցը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: