կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-07 22:31
Հասարակություն

Համախմբվածություն է հարկավոր

Համախմբվածություն է հարկավոր

Փետրվարի 2-ին ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը հերթական հանդիպումն է ունեցել Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախաձեռնողը եղել է 2010 թվականի փետրվարին ստեղծված Մոսկվայի Հայկական կազմակերպությունների ֆորումը, որն ընդգրկում է 30-ից ավելի հասարակական կազմակերպություններ, երիտասարդական միություններ, կրթա-մշակութային ընկերություններ:

 

Հանդիպման ժամանակ Օլեգ Եսայանն առանձնահատուկ նշել է, որ հայ համայնքի հետ համագործակցությունը դեսպանության գործունեության կարեւոր ուղղություններից է, ընդ որում՝ այդ խնդիրը յուրաքանչյուր դեսպանության ու դեսպանի առաջադրել են Հայաստանի նախագահը եւ արտգործնախարարը:

 

«Հայաստանը ձեզ հետ միասին մի պետություն է, առանց ձեզ՝ մեկ այլ: Եվ մեր պետության կարեւորագույն խնդիրներից մեկը հենց այդ մյուս Հայաստանի ամրապնդումն է: Ժողովուրդը, որի մեծ մասն ապրում է պաշտոնական պետականության սահմաններից դուրս, համազգային խնդիրների հարթության վրա դրանից ավելի լուրջ խնդիր չպիտի ունենա»,- նշել է դեսպանը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-ռուսական հարաբերություններին, նաեւ՝ Արցախի հիմնահարցին: Դեսպանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել. Մադրիդյան սկզբունքներից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է:

 

«Հայաստանը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ, որի պարտադիր պայմաններից է ղարաբաղյան կողմի պարտադիր մասնակցությունը բանակցություններին»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ հաջողության հասնելու համար համախմբվածություն է հարկավոր:

 

Հանդիպման վերջում հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց տեսակետներն ու առաջարկներն են ներկայացրել Հայրենիք-Սփյուռք համագործակցության վերաբերյալ: