Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 27-ին` Հայոց բանակի 19-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններից մեկ օր առաջ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր զոհված զինծառայողների հարազատների հետ, որոնք ամեն հինգշաբթի բողոքի ակցիաներ են անցկացնում կառավարության շենքի առջեւ, որպեսզի գոնե պատասխան ստանան, թե ինչո՞ւ են հայրենիքի ծառայության համար բանակ մեկնած իրենց որդիների դիակները հետ ստանում:
Հանդիպումը բողոքի ակցիայի մասնակիցների հետ նախատեսված չէր: Սերժ Սարգսյանը դուրս էր եկել նախագահականի բակ՝ հայրենիքին ծառայություններ մատուցած զինվորականներին պարգեւատրելուց հետո նրանց հետ լուսանկարվելու, եւ տեսել ու մոտեցել էր նախագահականի դիմաց ցույց կազմակերպած սեւազգեստ կանանց: Գերագույն գլխավոր հրամանատարը կարճ զրույց էր ունեցել նրանց հետ, բայց վանդակաճաղի հետեւից:
Նախագահը ցուցումներ էր տվել նորանշանակ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս ընդունի եւ լսի ցույցի մասնակից որդեկորույս մայրերի բարձրացրած խնդիրներն ու պատասխանի դրանց:
Խաղաղ պայմաններում բանակ մեկնած եւ բռնության զոհ դարձած զինծառայողների հարազատները պահանջում են բացահայտել կատարված հանցագործությունները եւ պատասխանատվության ենթարկել իրական մեղավորներին:
Զոհված զինծառայողների հարազատներին եւ նրանց փաստաբաններին շաբաթ օրն ընդունել է զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ գործերը վարող քննիչներն ու վերահսկող դատախազները: Զինդատախազը առաջնահերթության կարգով լսել է տուժող կողմին` զինծառայողների ծնողներին ու նրանց փաստաբաններին, ապա`քննիչներին ու դատախազներին:
Անահիտ Մկրտչյանի որդին` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Արայիկ Ավետիսյանը, բանակում սպանվել է 2001 թվականին: Մայրը պնդում է, որ որդուն գնդակահարել է գումարտակի հրամանատարը՝ ականատեսների ներկայությամբ: Սակայն իրական մեղավորներն այդպես էլ չեն պատժվել: Թեեւ տիկին Անահիտը 9 տարի պայքարում է` իրական հանցագործին պատասխանատվության ենթարկելու, սակայն նա դեռևս ազատության մեջ է:
Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից զորակոչված Վալերի Մուրադյանի դին ծնողներին են հանձնել զինվորական ծառայությունից ընդամենը երեք ամիս անց: Դին Երեւան բերած զինվորականները ծնողներին ասել են, որ մարտի 14-ին իրենց որդուն հայտնաբերել են զորամասի բակում` մարզաձողից կախված: Նշենք, որ ըստ քրեական գործի տվյալների,`մարզաձողն ունեցել է 149 սմ բարձրություն, իսկ տղայի հասակը 180 սմ է: Այս գործով կալանավորվածներ չկան, իսկ գործի քննությունը կասեցվել է:
Ըստ պաշտոնական վարկածի` Վալերի Մուրադյանը ինքնասպան է եղել կախվելու միջոցով: Զինծառայողի հարազատները, սակայն, կտրականապես հերքում են պաշտոնապես առաջ քաշված ինքնասպանության վարկածը եւ համոզված են, որ իրենց որդուն սպանել են: Ասում են, որ որդու մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերել:
Անցած տարի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասում պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող Արտակ Նազարյանի դին ծնողներին հանձնեցին ծառայությունից վեց ամիս անց: Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե նա ինքնասպան է եղել, սակայն, երբ պարզվեց, որ 30-ամյա երիտասարդը ենթարկվել է աննկարագրելի խոշտանգումների, պաշտոնական վարկածը փոխվեց. այս անգամ քրեական գործը հարուցվեց «ինքնասպանության հասցնելու» հատկանիշներով:
Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, սակայն, համոզված է, որ որդուն դաժանաբար սպանել են եւ ինքնասպանության իմիտացիա ստեղծել: Զինծառայողի մահվան մեջ մեղադրվում են երեք շարքային զինծառայողներ եւ գումարտակի հրամանատարի տեղակալը: Նշենք, սակայն, որ զինդատախազի հետ հանդիպման էին եկել նաեւ կալանքի տակ գտնվող զինծառայողների ծնողները, ովքեր պնդում են, որ իրենց որդիները առնչություն չեն ունեցել կատարված հանցագործության հետ:
Հանդիպմանը մասնակից ծնողները եւ նրանց շահերը ներկայացնող փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտարարեցին, որ սպասելու են հանդիպման արդյունքներին:
Ժաննա Ալեքսանյան