Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ ForexClub-ի տվյալների՝ անցյալ շաբաթ պղնձի գինն աճել է 3,29%-ով՝ մինչև $4.11 մեկ ֆունտ պղնձի դիմաց, իսկ նոյեմբերի վերջին արձանագրվել է 4% աճ։ Այս հանգամանքը կապված է մի շարք գործոնների հետ։ Առաջին գործոնը Չինաստանում առկա բարձր գնաճը և «կարմիր մետաղիե նկատմամբ պահանջարկի աճն է՝ պայմանավորված տոկոսադրույքների բարձրացման նկատմամբ Չինաստանի պահպանողական մոտեցումով, ինչը վկայում է պղնձի նկատմամբ կայուն պահանջարկի պահպանման մասին։ Պղնձի գնի համաշխարհային աճն ազդել է նաև հայաստանյան շուկայի վրա՝ միևնույն շաբաթվա ընթացքում արձանագրելով պղնձի գնի 3.9% աճ։
Ըստ ForexClub-ի փորձագետների՝ «կարմիր մետաղիե գնի բարձրացմանը նպաստել է ԱՄՆ-ի բարենպաստ մակրոտնտեսական վիճակը, մասնավորապես՝ արդյունաբերական արտադրության, մանրածախ առևտրային և արտադրական գնաճի տվյալները նոյեմբեր ամսվա համար։ ԱՄՆ-ի մակրոտնտեսական տվյալների ակնկալվող դրական զարգացումների դեպքում պղնձի գինը կշարունակի աճել՝ տատանվելով մեկ ֆունտի դիմաց $4.05- 4.30 գնային սահմաններում։
Պղնձի գնի աճը պայմանավորված է նաև Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի պահուստների 0.22% կրճատումով։ Բացի դրանից` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` հարկային արտոնությունները ևս երկու տարով երկարացնելու մասին որոշումը երկրում կխթանի տնտեսական աճը և կպահպանի մետաղների բարձր պահանջարկը։
Այս հանգամանքների արդյունքում 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է $149.47 մլն մաքսային արժեքով 87364 տոննա պղնձի հանքաքար և խտանյութ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` պղնձի հանքաքարի և խտանյութի արտահանման ծավալներն աճել են 57,88%-ով, իսկ մաքսային արժեքը` 149%-ով: Սովորաբար` Հայաստանից ավելի շատ չզտած պղինձ (այսինքն` խտանյութը վերամշակման ենթարկված) է արտահանվում: Տարվա սկզբի համեմատ դեկտեմբերի կեսին պղնձի գինն աճել է 31%-ով՝ տարվա ընթացքում դրսևորելով աճի անկանոն բնույթ։
Դրական միտում
Մետաղների միջազգային գների բարձրացումը Հայաստանի տնտեսության համար բարենպաստ գործոն է։ Ստացվում է, որ ի տարբերություն այլ ապրանքների՝ պղնձի դեպքում համաշխարհային շուկան ազդում է հայկական շուկայի վրա՝ շուկայական մեխանիզմով ձևավորելով պղնձի գինը։ Դա բնական է, քանի որ պղինձը հիմնականում արտահանվող հումք է, և հանքատերերն ի զորու չեն ֆիքսել դրա գինը։ Միջազգային շուկայում պղնձի գների աճը նպաստել է հանքարդյունահանման աճին, սակայն չի նպաստել Հայաստանում պղնձի վերամշակման ճյուղին, հանգամանք, որ հատուկ է թույլ զարգացած երկրներին:
Համաշխարհային տնտեսության վերականգնման և ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսությունների կայուն աճի պայմաններում պղնձի պահանջարկի միջնաժամկետ հեռանկարները, ForexClub-ի փորձագետների գնահատմամբ, դրական են։ Պղնձի գինը հաջորդ շաբաթվա ընթացքում կախված կլինի տոկոսադրույքների մասին ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի որոշումից, զգալի պետական պարտք ունեցող եվրոգոտու երկրների իրադարձություններից։
Կանխատեսվում է, որ պղնձի գինը հաջորդ շաբաթ կկազմի $4,00-4,20 մեկ ֆունտ պղնձի դիմաց։ Բացի դրանից, ըստ ForexClub-ի, պղնձի գնի վրա միջնաժամկետ կտրվածքով կարող են ազդել Չինաստանում կատարվող իրադարձությունները, որտեղ 2010թ. դեկտեմբերի 20-ից Ժողովրդական բանկը 0.5%-ով բարձրացնելու է պահուստային պահանջները բանկերի և ֆինանսական հաստատությունների համար։ Այս որոշումը կայացվել է կանխարգելելու գնաճային բացասական ազդեցությունները և տնտեսության գերտաքացումը։ Սակայն սաստկացող գնաճը զսպելու համար կիրառվող դրամավարկային քաղաքականությունը հաջորդ տարի կարող է հանգեցնել պղնձի պահանջարկի կրճատման՝ նվազեցնելով նաև դրա գինը։
Ոսկի
Ըստ ForexClub-ի՝ ոսկու գնի տատանման կանխատեսվող միջակայքը այս շաբաթ կլինի $1360-1440 մեկ ունցիայի դիմաց: ԱՄՆ-ի գործազրկության բացասական ցուցանիշները, պարտքային խնդիրների առջև հայտնված եվրոպական երկրների նկատմամբ վստահության նվազումը և համաշխարհային տնտեսության վերականգնման հստակ պատկերացումների բացակայությունը մեծացրել են ոսկու` որպես պահուստային ակտիվի դերը: Ըստ ForexClub-ի՝ ԱՄՆ ՀՆԱ-ի երրորդ եռամսյակի, նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները, առաջնային շուկայում բնակարանների վաճառքի ծավալը կայուն կպահեն ԱՄՆ դոլարի փոխարժեքը, սակայն բացասաբար կազդեն ոսկու գնի վրա։ Նախորդ շաբաթվա առաջին կեսին ոսկու գինը շարունակում էր աճել ԱՄՆ-ի զբաղվածության թույլ ֆոնի վրա։ Ոսկու գնի աճին նպաստել է նաև ԴՊՀ-ի նախագահ Բեն Բեռնանկենի հայտարարությունը, որով նա ընդգծել է ոսկու՝ որպես պահուստային ակտիվի դերը։ Արդյունքում ոսկին հասավ ռեկորդային մակարդակի՝ $1,430.67 մեկ ունցիայի դիմաց։ Ոսկու գնի նախկին բարձրակետը 1981թ. էր, երբ ունցիայի գինը $873 էր, և երկարամյա ստագֆլյացիան ու տնտեսական ճգնաժամը դարձել էին ոսկու մեծ պահանջարկի պատճառ։
Շաբաթվա երկրորդ կեսին ոսկու գինը սկսեց անկում ապրել, ինչի պատճառը նախ ԱՄՆ-ի Գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության ավելացումն էր, ինչի արդյունքում կայունացած դոլարը ճնշում էր գործադրում ոսկու վրա։ Երկրորդը՝ ԱՄՆ-ի բարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունն էր, ըստ որի՝ առևտրի դեֆիցիտը նոյեմբերին նվազեց ավելի, քան վերլուծաբանների կանխատեսումներն էին։ Արդյունքում ոսկու գինը իջավ 2.0%-ով՝ մինչև $1,386.10, մեկ ունցիայի դիմաց։ Սակայն Հայաստանում նախորդ շաբաթվա ընթացքում ոսկու գինը մնաց անփոփոխ՝ չարձագանքելով համաշխարհային միտումներին, բայց տատանվելով շաբաթվա ընթացքում։ Տարվա սկզբի դրությամբ Հայաստանում ոսկու գինն աճել է 24%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամիս՝ 3%-ով։
Ընդհանուր առմամբ 2001-ից սկսած՝ ոսկու գներն աճել են 450%-ով: Ընդ որում` ոսկու պահանջարկը սկսել է փոխվել ճգնաժամի ընթացքում: Ոսկու գների համաշխարհային մրցավազքի պատճառներից մեկը մի քանի երկրի՝ Չինաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հոնգ Կոնգի՝ ոսկու ևոսկյա զարդերի նկատմամբ պահանջարկի աճն է։ Քաղաքացիներից բացի՝ ոսկի կուտակելու քաղաքականությունը որդեգրել են նաև այդ երկրների կառավարությունները:
Չինաստանը, որը հսկայական արտարժութային պաշարներ ունի, մինչև վերջերս փոքր քանակի ոսկի էր պահում: Սակայն վերջին 5 տարում Չինաստանի ոսկու պաշարներն աճել են 80%-ով՝ հասնելով 1054 տոննայի:
Հայաստանում ոսկու գնի աճը հիմնականում պայմանավորված էր ներքին սպառման աճով։ Տարվա կտրվածքով ոսկու արտահանումը կրճատվել է 45%-ով՝ կազմելով 275 կգ` $5.3 մլն մաքսային արժեքով: Նվազել է նաև ոսկերչական իրերի արտահանումը` 2010թ. կազմելով 119 կգ՝ 2009թ. 140 կգ-ի համեմատ: Սակայն արտահանման մաքսային արժեքը մնացել է նույնը` $3 մլն: Նկատենք, որ վիճակագրությունը ցույց է տալիս ոսկերչական արտադրության 38% աճ:
Եթե արտադրության աճի պարագայում արտահանման նվազում է տեղի ունեցել, նշանակում է` ներքին շուկայում սպառումն ավելացել է, այն էլ ավելի բարձր գներով։
Ըստ ForexClub-ի փորձագետների գնահատականի՝ ոսկու միջնաժամկետ հեռանկարները դրական են, և շուկայում առկա շահույթի ֆիքսման երևույթը չի կարող հանգեցնել ոսկու միտումների փոփոխությանը, քանի որ համաշխարհային տնտեսության զարգացման անորոշությունը, եվրոգոտու անկում ապրող երկրների և ԱՄՆ-ի տնտեսություն լրացուցիչ իրացվելիության ներարկման ծրագրերը շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա։
Կանխատեսվում է, որ հաջորդ շաբաթ ոսկու գինը կտատանվի $1361,90-1415,50 տրոյական ունցիայի դիմաց։