կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-16 02:44
Քաղաքական

ՀՅԴ խմբակցության մտահոգությունները հաստատվում են

ՀՅԴ խմբակցության մտահոգությունները հաստատվում են

Այսօր Ազգային ժողովը շարունակել է քննարկել նախորդ երկու օրերի օրինագծերն ու օրենսդրական փաթեթները:

 

Նիստի սկզբում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը հայտնել է, որ նախօրեին արած իր հայտարարության մեջ հնչած մտահոգությունները հաստատվում են. «Գնումների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ կառավարությանն ուղարկված ՀՅԴ բոլոր առաջարկները մերժվել են: «Այդպես էլ պետք էր ակնկալել. մի քանի ժամում կառավարությունը չէր կրող դրանք լուրջ քննարկել»,-ասաց նա:

 

Միեւնույն ժամանակ Վահան Հովհաննեսյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` արտահերթ նստաշրջանի օրակարգում առկա խնդրահարույց նախագծերի վերաբերյալ մտահոգությունները հասկանալու նպատակով բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին նախօրեին իր մոտ հրավիրելու համար: «Որքան մեզ հայտնի է, կառավարությունը համաձայնել է որոշ դեպքերում երկրորդ ընթերցումներն ետ քաշել այս արտահերթ նստաշրջանի օրակարգից: Եթե այդպես է` դա փոխում է վիճակը»,-ասաց նա` հավելելով, որ կսպասեն ԱԺ-ի ղեկավարության եւ կառավարության միջեւ շարունակվող բանակցությունների արդյունքներին:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր հայտարարեց, որ դեմ է «որեւէ մի օրենքի նախագիծ կոծկելուն»: Ըստ նրա, եթե պատգամավորներն ունեն մտահոգություններ, ինքը պատրաստակամ է իրականացնել կազմակերպչական բոլոր գործառույթները, հրավիրել տվյալ հարցի պատասխանատու կառավարության ներկայացուցչին` բոլոր մտահոգություններին պատասխանելու համար:

 

Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցությունն` ընդվզելով կառավարության գործելաոճի դեմ, նախօրեին հայտարարել էր արտահերթ նստաշրջանի աշխատանքներին չմասնակցելու  իր որոշման մասին: