կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-24 18:23
Քաղաքական

Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե...

Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե...

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս իրականացրած գործողություն՝ կարագացնի մեր կողմից ԼՂՀ ճանաչումը»

 

Նախագահն այդ մասին ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը գերխնդիր է ողջ հայության համար: 

 

«Ցավոք, նշելու արժանի նորություններ դեռ չունենք: Իմ դիրքորոշումը չեմ կարծում, որ տարբերվում է ձերինից: Արցախն արդեն 20 տարուց ավել վայելում է իր անկախությունը եւ չի կարող կարգավորման արդյունքում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այն, ինչն արդեն ունի եւ ինչը վաստակել է իր որդիների արյամբ:

 

Ղարաբաղի անկախությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը որեւէ դեպքում չեն կարող հարցականի տակ դրվել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք շարունակում ենք բանակցությունները Ադրբեջանի հետ: Բանակցությունները չէի անվանի ոչ արդյունավետ, սակայն մյուս կողմից, Կազանը լավագույն օրինակն էր, որ Ադրբեջանը կառուցողականությամբ շատ աչքի չի ընկնում: Մեր նպատակը եղել եւ մնում է հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, այդ թվում՝ ճանաչմանը Ադրբեջանի կողմից: Անհարկի, միակողմանի զիջումները բացառվում են, եւ այդ մասին առիթ ենք ունեցել բազմիցս խոսելու»,- ասել է Սերժ Սարգսյանը: