Յուրաքանչյուր օր կարեւոր է անկախության ճանաչման գործընթացում
Այսօր ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ ճանաչման հարցի քվեարկության տապալումը ԵՐԿԻՐԻ թղթակցի խնդրանքով մեկնաբանել է նաեւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով նշել է, որ նախ նկատի պետք է առնել, որ ՀՀ-ում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն` լինի դա խորհրդարանական կամ այլ մակարդակներում, ինքնին իր ազդեցությունն է թողնում հայության տարբեր հատվածների վրա:
Ողջ հայության ուշադրության կենտորնում գտնվող ԼՂՀ ճանաչման հարցի` Հայաստանի խորհրդարանում անպտուղ քվեարկությունը կամ քննարկումները, ըստ Դավիթ Իշխանյանի, թողնում են իրենց բացասական ազդեցությունը: “Պարզապես մնում է ափսոսալ, որ համազգային նման խնդիրների շուրջ հայությունը չունի միասնական եւ կենտրոնացված տեսակետ: Վաղը ոչ միայն Արցախում, այլեւ ողջ հայությունը տոնում է ԼՂՀ 1991թ. հանրաքվեի եւ ԼՂՀ Սահմանադրության ընդունման օրը: Եւ դեկտեմբերի 10-ի նախօրյակին ողջ հայությանը նման անակնկալ մատուցելը կունենա իր բացասական ազդեցությունը, որից բնականաբար օգտվելու են մեր հակառակորդները, հատկապես մեր հարեւանները”,-ընդգծել է Դավիթ Իշխանյանը:
Նրա կարծիքով, հայության համար յուրաքանչյուր օրը շատ կարեւոր է, հատկապես` անկախության ճանաչման գործընթացում, ուստի յուրաքանչյուր պահ պետք է օգտագործել: “Մենք ափսոսանքով ենք վերաբերում այն փաստին, ինչ տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանում”,-ավելացրել է ՀՅԴ ներկայացուցիչը: