կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-12-09 02:09
Հասարակություն

Սկանդալային միջադեպի միջազգային արձագանքը

Սկանդալային միջադեպի միջազգային արձագանքը

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի միջեւ տեղի ունեցած սկանդալային պատմությունն արդեն արձագանք է գտել միջազգային մամուլում: Քիչ առաջ newsru.com կայքը, հղում անելով ИнтерФакс-ին, մանրամասներ է ներկայացրել երկու օր առաջ տեղի ունեցած սկանդալային միջադեպից:

Հիշեցնենք. դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում կայացավ աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի համերգը, որին ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հրավիրված էր նաեւ Երեւանի քաղաքապետը, ով չէր կարողացել ներկայանալ եւ նրա հրավիրատոմսով համերգն ունկնդրելու էր եկել տիկինը ՝ընկերուհու հետ: Բեգլարյանի տիկինը նստել է հենց այն աթոռին մոտ, որտեղ պետք է նստեր Սերժ Սարգսյանը: Եվ քանի որ, ըստ արարողակարգի, Սարգսյանի կողքին կարող են նստել ոչ թե հրավիրյալների տիկնայք, այլ բարձրաստիճան հյուրերը, արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանը մոտեցել էր Բեգլարյանի տիկնոջը եւ խնդրել ընկերուհու հետ մեկ աթոռ հեռու նստել: Այդ խնդրանքը խիստ վիրավորել է Բեգլարյանի տիկնոջը, որն էլ, ըստ երեւույթին, գանգատվել էր ամուսնուն: Ամուսինն էլ, ըստ շրջանառվող լուրերի, նախագահականից մի քանի րոպեով դուրս էր հրավիրել Կանդայանին եւ, նստեցնելով իր մեքենան, հարվածել էր Կանդայանի դեմքին՝ նետելով՝ «Դու ո՞վ ես, որ իմ կնոջն ասես, թե ուր նստիե:

 

Միջադեպի մասին իմացել է Սերժ Սարգսյանը, ով, ըստ շրջանառվող լուրերի,  հրաժարվում է ընդունել եւ լսել Բեգլարյանին, քանի որ խիստ վրդովված է:

Մեր  տեղեկություններով Երեւանի քաղաքապետը արդեն  հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն, ամենայն հավանականությամբ, այն չի ընդունվի: Իրականում, ինչպես մեզ հայտնի դարձավ, երեկ մինչեւ ուշ երեկո սույն թեմայով քննարկումներ  էին տեղի ունենում Բաղրամյան 26-ում:

Ինչ վերաբերում է Գ.Բեգլարյանին, նա արդեն մի քանի օր է, սարսափելի անհարմար վիճակում է: Թե Ինչ ավարտ կունենա  այս սկանդալային պատմությունը դեռ պարզ չէ, բայց ակնհայտ է, որ այն արդեն հայտնվել է միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: