Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 27-ի լուսաբացից արցախա-ադրբեջանական հակամարտող կողմերի շփման գծի ողջ երկայնքով թշնամու կողմից սանձազերծված ռազմական գործողությունները միջազգային լրատվամիջոցներ ուշադրության կենտրոնում են: Yerkir.am-ը ներկայացնում է հեղինակավոր պարբերականներից մի քանիսի արձագանքը:
Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը երեկ հրապարակել է հոդված «Լեռնային Ղարաբաղ. Ալիևի առաջին պարտությունները» վերնագրով: Հոդվածագիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ռազմական գործողությունների դադարեցման և առանց նախապայմանների բանակցություններ վերսկսելու վերաբերյալ հնչած հայտարարությունները որակում է «լակոնիկ»:
Ընդգծվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: «Հանդես գալով որպես նոր պատերազմի հրահրող՝ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար ստեղծեցին բարենպաստ պայմաններ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչելու համար»,- նշվում է հոդվածում:
Հոդվածագիրն ընդգծում է, որ Ադրբեջանի քայլը՝ հակամարտությունը լուծել ուժի միջոցով, չի ողջունվում միջազգային հանրության կողմից:
Հոդվածն ավարտվում է հետաքրքիր հարցադրմամբ`ի՞նչ հույսեր ունի Ալիևը՝ գիտակցելով, որ տարածաշրջանում հակամարտության հետագա զարգացման դեպքում Մոսկվան, վաղ, թե ուշ, ստիպված է լինելու միջամտել:
BBC-ն իրավիճակը ներկայացնելիս ընդգծում է, որ, չնայած կրակը դադարեցնելու մասին կոչերին, կողմերը շարունակում են ռազմական գործողությունները: Միևնույն ժամանակ, հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի դաշնակից Թուրքիան ևս մերժում է հրադադարի պահանջները: Հոդվածում հղում է արվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությանը՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
BBC-ն մատնանշում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, համաձայն որի՝ կան հստակ ապացույցներ, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: «Սա շատ կարևոր փաստ է, որը փոխում է իրավիճակը»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Լրատվամիջոցը հղում է տալիս իր արաբական ծառայությանը, որին Աբդուլա անունով ներկայացած մարդը պատմել է՝ ինչպես են իրեն ուղարկել Լեռնային Ղարաբաղ` ադրբեջանական ուժերի կողմից կռվելու: Միևնույն ժամանակ, նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են Թուրքիայի կողմից գրոհայինների ուղարկումը պատերազմի դաշտ:
BBC-ն նաև մեջբերում է հայկական կողմի փաստարկը, որ հայկական Սու-25-ը խոցվել է թուրքական Ֆ-16-ի կողմից՝ նշելով, որ այս փաստը ևս Թուրքիան հերքել է:
Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը՝ BBC-ն հիշեցնում է՝ ՌԴ-ն Հայաստանի ռազմական գործընկերն է և այստեղ տեղակայված ռազմաբազա ունի, թեև Ռուսաստանը սերտ կապեր ունի նաև Ադրբեջանի կառավարության հետ:
Մոսկվայի և Ադրբեջանի հարաբերությունների մասին խոսում է նաև «Ալ Ջազիրան»: Ըստ ԶԼՄ-ի` եթե իրավիճակը հանգեցնի լայնամասշտաբ պատերազմի, ապա սա սպառնալիք է ոչ միայն Թուրքիայի, այլև Մոսկվայի համար: Նշվում է, որ Մոսկվան, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով հանդերձ, Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունի:
«Ալ Ջազիրան» հատուկ ընդգծում է, որ ՌԴ նախագահ Պուտինը արդեն երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունենում ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ՝ նշելով, որ կողմերը պիտի էսկալացիայի չգնան: Նշվում է, որ Ալիևի հետ Պուտինի հեռախոսազրույցի կամ այլ հաղորդակցության մասին հրապարակային տեղեկություն չկա:
«Մոսկվան կապեր ունի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, ու կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն ցուցաբերելը միայն յուղ կլցնի կրակի վրա»,- գրում է լրատվամիջոցը:
Հոդվածում ընդգծվում է, որ հակամարտությունը վերստին հարստացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հետ կապված մտահոգությունները, որոնք կարող են ձգվել դեպի Թուրքիա և Ռուսաստան:
Բրիտնական հեղինակավոր պարբերական «Գարդիանը» նույնպես այս օրերին անդրադարձել է ռազմական գործողություններին: Այն, մասնավորապես, ներկայացնում է այս օրերին իրավիճակի վերաբերյալ կողմերի հայտարարությունները: Պարբերականը շեշտում է, որ Հայաստանը պաշտոնական մակարդակով պնդում է՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ադրբեջան է ուղարկում սիրիացի մարտիկների և զենք, այդ թվում՝ Ֆ-16 կործանիչներ: Նշվում է նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան հերքել են տեղեկությունը:
«Գարդիանը» նաև մեջբերում է միջազգային հանրության կողմից կողմերին ուղղված կոչերը: Պարբերականը հոդվածն ավարտում է Կրեմլի խոսնակ Պեսկովի հայտարարության մեջբերմամբ. «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես` մեր գործընկերներին, ինչպիսին է Թուրքիան, անել ամեն ինչ` կողմերին հանդարտեցնելու, կրակը դադարեցնելու և հակամարտության խաղաղ կարգավորման ձևաչափ վերադառնալու համար»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում և Արցախում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է արտակարգ դրություն: Մինչ այսօր մարտերը շարունակվում են: Հակառակորդը թիրախավորում է նաև խաղաղ բնակչությանը: