Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-09-09 16:30
Քաղաքական

Քառյակի 12 կետերի կատարման վերջնական ամփոփումը դեռ առջևում է

Քառյակի 12 կետերի կատարման վերջնական ամփոփումը դեռ առջևում է

Այսօր քառյակի հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ամփոփելով քննարկման արդյունքները, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախնական ամփոփել են քառյակի կողմից վաղօրոք հրապարակված` կառավարությանն ուղղված 12 պահանջները:

 

«Վերջնական ամփոփման ժամկետը, որը մենք հայտարարել էինք` սեպտեմբերի 30-ը, դեռ չի սպառվել, ուստի վերջնական ամփոփումը կլինի ավելի ուշ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին կամփոփի այդ արդյունքները, որից հետո կորոշվի համատեղ դիրքորոշումը` ընդհանուր գնահատման առումով»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

12 կետերի ամփոփման նախնական քննարկման արդյունքներով, պատգամավորի խոսքով, գնահատականները բաժանվում են երեք խմբի` ընդհանրապես չկատարված կետեր, մասնակի կատարված կետեր և անորոշ մնացած կետեր, որոնց վերաբերյալ դեռևս դժվար է գնահատական տալ, որովհետև շոշափելի գործընթաց չի երևում:

 

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քառյակի ներսում տարբեր դիրքորոշումներին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ կան սկզբունքային հարցեր, որոնց հետ կապված` տվյալ քաղաքական ուժը հավատարիմ է մնում իր որդեգրած դիրքորոշումներին, և քառյակի գործընկեր քաղաքական ուժերը ըմբռնումով են վերաբերվում այդ մոտեցմանը:

 

Քառյակից եռյակ դառնալու մասին հայտարարությունը Արմեն Ռուստամյանը համարեց անիմաստ` շեշտելով, որ քառյակի օրակարգում ընդգրկված ութ հարցերից յոթում քառյակը գործում է համատեղ, միայն սահմանադրական փոփոխությունների հետ կապված է տարակարծություն, այն էլ` երեք ուժերը ոչ թե դեմ են սահմանադրական բարեփոխումներին, այլ ներկա պահին նպատակահարմար չեն համարում այդ փոփոխությունները:

 

«Քառյակը քառյակ է այնքանով, որ համաձայնում ենք համատեղ ինչ-որ բան անել: Հիմա, յոթ կետերի հետ կապված, քառյակ ենք, մի կետով, այո, տարբերություն կա, բայց դա չի բերում նրան, իբրև քառյակից դուրս ենք գալիս, կամ քառյակ չկա»,- ասաց Արմեն Ռուստամյանը: