կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-26 20:28
Հասարակություն

Հեղափոխությունը դեռ առջևում է. Արմեն Ռուստամյան

Հեղափոխությունը դեռ առջևում է. Արմեն Ռուստամյան

Քիչ առաջ Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկեց ՀՅԴ նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Դիմելով  հայրենակիցներին` նա ասաց. «Իսկապես` վայրը պարտադրող է:  Դաշնակցության այս ընտրարշավը, որ սկսում ենք Արամ Մանուկյանի արձանի մոտից, բոլորիս պարտավորեցնում է ժողովրդի հետ խոսել անկեղծ և շիտակ, ներկայացնել մեր մտածումները, մեր գնահատականները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև մեր անելիքները:

Դաշնակցությունը գալիս է` մասնակցելու այս ընտրություններին, որովհետև անցումային շրջափուլում գտնվող Հայաստանն այսօր դիմակայում է լրջագույն վտանգների և մարտահրավերների: Գլխավոր վտանգը` նորը չդառնա լավ մոռացված հնի կրկնություն կամ նախկինի նորօրյա փաթեթավորում: Վտանգն իրական է, որովհետև բոլոր տեսակի իշխանությունների մոտ, իսկ ներկայիս իշխանությունները բացառություն չեն, գայթակղությունը միշտ մեծ է` իշխանության գալով ապրապնդել սեփական իշխանությունը` հին քաղաքական ու տնտեսական մենաշնորհները փոխարինելով նորերով: Դրա նշաններն արդեն կան:

Թեև հայտարարվում է, թե իբր կատարված են բոլոր խոստումները, սակայն դեռևս չի վերացվել նրանց իսկ կողմից քննադատված սուպերվարչապետական համակարգը: Ավելին` չկա երաշխիք, որ այն չի փոխարինվի սուպերնախագահականով:

Նույն դեմքերը մնում են, բայց հայտարարվում է, որ օլիգարխներն այլևս չկան, թերևս այն պատճառով, որ նրանք արդեն դարձել են յուրային:

Տնտեսական դաշտում նույն  սուբյեկտները պահպանել են իրենց գերակա դիրքերը, բայց պարզվում է, որ մենաշնորհներ էլ այլևս չկան, թերևս այն պատճառով, որ նրանք պատրաստակամություն են դրսևորում սպասարկելու նոր իշխանավորներին:

Վերջապես, 90-ականներից տեսել ենք, թե ինչպես կարելի է, 80 տոկոսից ավելի ժողովրդի վստահությունը սեփական իշխանության ամպրապնդմանը ծառայեցնելով, շեղվել համազգային նպատակներից ու մսխել համազգային զարթոնքի հզոր ներուժը ու կանգնել Արցախի հաղթանակը կորցնելու վտանգի առաջ:

Մենք իրավունք չունենք նույն փորձությանը տանել մեր ժողովրդին: Դրա համար է Դաշնակցությունը գալիս` մասնակցելու այս ընտրություններին:

Գլխավոր մարտահրավերները` գիտակցված մերժումով անցնել զարգացման:

Այն, ինչ մինչև հիմա եղել է, ըստ էության, վարչախմբի փաստացի փոփոխություն է, բայց ոչ լիարժեք հեղափոխություն: Հեղափոխությունը դեռ առջևում է: Հեղափոխությունը իշխանության գալով չի սկսվում, այն սկսվում է իշխանության գալուց հետո: Հեղափոխությունը կլինի լիակատար, երբ դրական տեղաշարժերը կզգացվեն բոլորի կենցաղում, երբ ոչ մի չքավոր հայ չի մնա մեր երկում, երբ կադրերը կնշանակեն ոչ թե ԽԾԲ շրջանակից, այլ արժանիներից, վաստակ ու գործ անելու ընդունակ մարդկանցից: Երբ կունենանք իսկապես արդար Հայաստան:

Անցած ընտրություններին պատահական չէր, որ ՀՅԴ-ն մասնակցում էինք «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: Նոր սկիզբը դրվեց խորհրդարանական նոր համակարգով, և առաջին իսկ փորձությունը հաջողությամբ պսակվեց. խորհրդարանական համակարգի` ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո տեղի ունեցավ վարչապետի անարյուն փոփոխություն, որն իսկապես աննախադեպ էր մեր նորանկախ պատմության մեջ:

Մեզ մնում է, որ այս նոր սկիզբը տանի մեզ դեպի արդար Հայաստան:

Դրա համար է ՀՅԴ-ն մասնակցելու այս ընտրություններին: ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու է իր ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական ու հեղափոխական տեսակին ու առաքելությանը համապատասխան:

Հավատարիմ մեր մնայուն ու անսասան արժեքներին:

Հավատարիմ հողին ու հային»: