Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Նոյեմբերի 19-20-ին, Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմասնակցելու որոշումը պարզաբանելու համար տարածված հաղորդագրությունում մեջբերվում է հետեւյալ հիմնավորումը. «ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում…: Հաշվի առնելով այս մտահոգությունը, Հայաստանի նախագահը որոշում է կայացրել՝ չմեկնել Լիսաբոն»:
Այն, որ նախագահը նման կերպ վարվելու լուրջ պատճառներ ուներ, բացարձակապես պայմանավորված չէ «հարավկովկասյան հակամարտությունների լուծման նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանման» փաստով, որովհետեւ իրականում ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովը ոչ թե պահպանել էր այդ ձեւակերպումը, այլ կատարել մի շատ էական, սկզբունքային լրացում, որն ընդհանրապես նոր լույս է սփռում ԼՂ հարցի և Հարավկովկասյան տարածաշրջանի մասով Արևմուտքի և, մասնավորապես, Հյուսիսատլանտյան դաշինքի հավակնությունների վրա:
Նոր չէ, որ ՆԱՏՕ-ն հռչակագրերի միջոցով անդրադառնում է հարավկովկասյան հակամարտություններին: Առաջինը նման անդրադարձ կատարվել է 2006թ., Ռիգայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: Ընդունված Հռչակագրի 43-րդ կետով դաշինքն իր աջակցությունն էր հայտնում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը և կոչ էր անում առկա հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Ո'չ 2002թ. Պրահայի, ո'չ 2004թ. Ստամբուլի գագաթաժողովների հռչակագրերում ընդհանրապես այդ մասին որեւէ ակնարկ չի եղել: Իսկ ահա 2008թ. ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում այս կապակցությամբ հստակ նշվում է. «Մենք մտահոգված ենք Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում շարունակվող տարածաշրջանային հակամարտությունների կապակցությամբ: Մեր երկրները կողմնակից են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Մենք կշարունակենք աջակցել այն ջանքերին, որոնք ուղղված են վերոնշյալ սկզբունքների հիման վրա այս տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»: Այսինքն` 2006-ից ՆԱՏՕ-ն հետեւողականորեն, արդեն երրորդ անգամ, անդրադառնում է «հարավկովկասյան հակամարտություններին»: Ու քանի որ փաստաթղթում չի մասնավորեցվում, որ խոսքը աբխազական ու հարավօսական հակամարտությունների մասին է, հասկանալի է դառնում, որ դաշինքը նկատի է առնում և նշվածներին հավասարեցնում նաեւ ղարաբաղյան կոնֆլիկտը: Ուշագրավ է, որ ո'չ 2006, ո'չ էլ 2008 թթ. ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին Հայաստանը չի մասնակցել երկրի առաջին դեմքի մակարդակով` Պրահա և Բուխարեստ գործուղելով արտգործնախարարին: Ներկայիս նախագահի մամլո խոսնակի վերոնշյալ հայտարարությունը, փաստորեն, բացահայտում է, թե ինչն է եղել դրա իրական պատճառը: Միևնույն ժամանակ, նախորդ գագաթաժողովներից և ոչ մեկին նախագահի չմասնակցելը հրապարակավ բացատրելու կարիք նախագահականում չեն զգացել: Հետեւաբար հարց է առաջանում, թե ո՞րն է այսօրինակ վարքագծի իրական պատճառը:
Ըստ ադրբեջանական եւ հայկական լրատվամիջոցների, Լիսաբոնյան հռչակագրում կրկնելով, թե ՆԱՏՕ-ն նախկինի պես շարունակելու է կողմնակից լինել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը, գագաթաժողովը կատարել է հետեւյալ լրացումը. «…ինչպես նաև շարունակելու է աջակցել այդ հակամարտությունների կարգավորմանը այդ սկզբունքների հիման վրա»: Փաստ է, որ «այդ սկզբունքներ» ասելով, ՆԱՏՕ-ն նկատի ունի նշվող երկրների տարածքային ամբողջականության, անկախության ու ինքնիշխանության հարգումը: Սա լուրջ լրացում է: Բանն այն է, որ նախկինում դաշինքն ընդամենը հիշեցնում էր երկրների տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր սկզբունքային մոտեցումը: Ավելին, միայն հակամարտությունների խաղաղ բանակցություններին աջակցելու դիրքորոշումն ընդգծելով`դաշինքն, ըստ էության, մի կողմից իրեն իրավունք չի վերապահում միջամտելու դրանց, մյուս կողմից չի բացառում նաև այլ սկզբունքների (ԼՂ դեպքում՝ ազգերի ինքնորոշման) կիրառումը: Մինչդեռ հիմա հատուկ ընդգծում է իր դիրքորոշումն այն մասին, որ այդ հակամարտությունները պետք է լուծվեն միայն իր կողմից ճանաչված երկրների, այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սա հակամարտության կարգավորումն ուղղորդելու բացահայտ հավակնության ցուցադրություն է, ինչը ուղղակիորեն հակասում է հայկական կողմի շահերին: Այս ընդգծումն անելով՝ ՆԱՏՕ-ն մտնում է կարգավորման գործընթացի մեջ՝ դրանով իսկ հայտարարելով հարավկովկասյան տարածաշրջանում ավելի ակտիվ դերակատարություն ստանձնելու իր ցանկության մասին: Իսկ այն հանկարծակի ծնված հերթապահ որոշման արդյունք չէ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես գալով ԱՄՆ-ԵՄ էներգետիկ խորհրդի նիստում (երբ?), հայտարարեց. «Մենք աշխատում ենք Եվրոպայի համար բնական գազի նոր աղբյուրների ապահովման ուղղությամբ` Մերձավոր Արեւելքի և Կասպյան տարածաշրջանի մեր գործընկերների, այդ թվում եւ՝ Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմամբ: Մենք Եվրոպայի համար գազի մատակարարման նոր ուղիներ ենք ապահովում Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով: Հարավային գազային միջանցքը կօգնի եվրոպական շուկային՝ ունենալու էներգիայի այլընտրանքային աղբյուրներ և կամրապնդի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»: ՆԱՏՕ-ի ֆունկցիան, փաստորեն, սկսելու է դառնալ «գազային» այդ միջանցքի անվտանգության ապահովումը, ինչն առաջին հերթին ենթադրում է մուտք Հարավային Կովկաս:
Ահա սա է, որ անհանգստացրել է հանրապետության նախագահին, որն ընդամենը կես տարի առաջ Բրյուսելում ինքն էր անուղղակիորեն ՆԱՏՕ-ին տարածաշրջան հրավիրում: Հատուկ հայտարարությամբ հանդես գալով` նախագահականը ցույց է տալիս իր ընդվզումը կոնկրետ այս մոտեցման դեմ: Խոսնակի այդ ուղերձն ուղղված էր ոչ այնքան Հայաստանի, որքան միջազգային հանրությանն ընդհանրապես եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցներին՝ մասնավորապես: Նաեւ այս համատեքստում կարելի է դիտարկել ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովի հենց նախօրյակին նախագահ Ս.Սարգսյանի այցը Մոսկվա եւ հանդիպումները Դ.Մեդվեդեւի հետ: Մոսկվայից վերադառնալուց առաջ ՀՀ նախագահը մի շատ ուշագրավ միտք հայտնեց. «Հիմա վերադառնում եմ Հայաստան՝ շատ ավելի վստահ վաղվա օրվա նկատմամբ»: Հենց այդ հայտարարությանը, փաստորեն, հաջորդեց խոսնակի բացատրությունը Սերժ Սարգսյանի` Լիսաբոն չմեկնելու որոշման մասին: Չի կարելի բացառել, որ Մոսկվայում Սարգսյան-Մեդվեդեւ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը եղել է հենց ՆԱՏՕ-ի նոր հավակնությունների հարցը, եւ ՀՀ նախագահը Կրեմլից ստացել է իր շահերի պաշտպանությանն ուղղված համապատասխան երաշխիքներ: Այս ամենի ֆոնին, իհարկե, առաջին հերթին փոխվում են սպասելիքները դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից: Սակայն դա այլ թեմա է, որին դեռ կանդրադառնանք:
Գևորգ Դարբինյան