Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք ջանքեր չենք գործադրել այն ձախողելու համար, որովհետեւ այն ի սկզբանե ձախողված միջոցառում էր` ոչ ժամանակին էր, ոչ տեղին էր: Անկապ տեղը մարդը որոշել էր ինչ-որ բան անել առանց որեւէ գաղափար ունենալու: Վանյանի համար դա փող աշխատելու միջոց է»,- ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը (www.pigh.tv):
Խոսքը Գեորգի Վանյանի կողմից նախաձեռնած ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու մասին է: Վանյանը շուրջ տասը հազար դոլար է ստացել ԱՄՆ դեսպանատնից` կազմակերպելու համար այս փառատոնը, որն արդեն երկրորդ տարին է չի կազմակերպվում: Տիգրան Քոչարյանը նրանցից մեկն է, ով դեմ է այս փառատոնի անցկացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա մանրամասնորեն ներկայացրեց իր դիրքորոշումը:
Նախ` Վանյանին հնարավորություն է տրված եղել հանրությանը ներկայանալու եւ բացատրելու, թե ինչ գաղափարների հիման վրա է նա կազմակերպում այդ փառատոնը: Հրավիրված է եղել «Ազատություն» ռ/կ` բանավիճելու մեկ այլ բլոգեր Ռուբեն Մուրադյանի հետ: Սակայն հաղորդմանը չի գնացել:
«Եթե նա ասելիք ունենար, գաղափարախոսություն ունենար, ապա կգնար այդ հանդիպմանը ... Նա չի պաշտպանում իր գաղափարներն ու գաղափարակիցներին»,- ասաց Տիգրան Քոչարյանը եւ օրինակ բերեց ֆեյսբուքում հակափառատոնային ակցիան, երբ երկու օր շարունակ հայհոյում էին փառատոնի մասին հայտարարությունը տեղադրած կնոջը, իսկ Վանյանը նույնիսկ չմիջամտեց, ու չասաց, որ նա կապ չունի փառատոնի կազմակերպման հետ:
Ի պաշտպանություն Գեւորգի Վանյանի հանդես էր գալիս թատերագետ, Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Ասաց, որ ճանաչում է Վանյանին, ու թե նա զարգացած, անալիտիկ մտածելակերպով գործիչ է ու հրաշալի մարդ: Տ. Քոչարյանը հակադարձեց, որ այո Վանյանը հրաշալի վերլուծաբան է, եւ նրա վերլուծությունները տեսնում ենք day.az-ում, երբ ադրբեջանցիներից ներողություն է խնդրում «Խոջալուի» համար: Ժ. Դադասյանն այնքան էլ տեղյակ չէր Վանյանի բուռն «տոլերանտական ու խաղաղասիրական» գործունեությունից: Նա պարզապես այն տեսակետն էր հայտնում, որ մշակութային երկխոսությունները եւ թշնամուն ճանաչելը անհրաժեշտ են: Ժ. Դադասյանը տեղյակ չէր նաեւ, որ ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական եւ թուրքական ֆիլմերի ցուցադրություն կազմակերպվել է, եւ դա ռեալ հնարավորություն էր թշնամուն ճանաչելու համար:
Վերջում երկու բանախոսներն էլ այն եզրահանգմանը եկան, որ վատ չէր լինի, օրինակ, ֆիլմերի փառատոն կազմակերպել, որի շրջանակներում կցուցադրվեն Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների (ուդեր, թալիշներ, թաթեր, լեզգիներ եւ այլն) կողմից նկարահանված ֆիլմերը: