կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-13 01:35
Հասարակություն

Մարդկային հոգիներ` աստղերի պես հեռու...

Մարդկային հոգիներ` աստղերի պես հեռու...

«Իմ դասատուն ընկեր Մարությանն էր, ինձ գիրք չկար, գրիչ չկար, տժար էր սվրիլը»,-դժվարանալով բացատրում է Հայկազը, երբ հարցնում ես դպրոցը չշարունակելու մասին: Մենք միասին գնացինք դպրոց ուղիղ 15 տարի առաջ, և մեր ուսուցչուհին Հայկազին նստեցրեց առաջին նստարանին: Թեև գրքերը քիչ էին, բայց նա Հայկազին խիստ պատվիրեց, որ ես և ինքը միասին օգտվենք «Այբբենարանից» ու մնացած գրքերից (մենք գրեթե հարևաններ էինք):

 

Հայկազն ապրում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, Ալիխանյանների ընտանիքի միջնեկ որդին է, մտավոր զարգացման խնդիրներ ունի, 2-րդ կարգի հաշմանդամ է: «Մի քանի օր մենակ դպրոց գնաց, դասարանի աշակերտները նեղացնում էին, ծեծում, ձեռ առնում, որ չի կարում նորմալ խոսա, գիրք էլ չուներ, ինքն էլ չուզեց սովորի, ես էլ չստիպեցի»,-ասում է Հայկազի մայրը` տիկին Աստղիկը:

 

Այժմ նա գիտի միայն իր անունը գրել և հաշվել մինչև տասը: Դպրոցում համեստ էր, ոչ մի ավելորդ բան չէր անում, ուշադիր լսում էր ուսուցչուհուն, իսկ ամենատպավորիչը նրա ծիծաղն էր: Երեխաները չէին սիրում նրան: Հիշում եմ, որ մի անգամ էլ տանձերով խփել էին նրան: Ամեն անգամ, երբ նեղացնում էին Հայկազին, քիչ էր մնում լացեի. արդեն հասցրել էինք մտերմանալ, դասերից հետո էլ իմ պայուսակն ինքն էր տուն բերում…

 

«Ես և մեր ուսուցչական աշխատակազմը սիրով Հայկազին մեր դպրոց ընդունեցինք, ոչ մի տարբերություն, անգամ կասեմ, որ մնացածներից ամենաշատն էինք նրան սիրում, անմիջական, զգայուն, խելացի աչքերով աշակերտ էր, սակայն որոշ ժամանակ անց հասկացանք, որ մեզ դժվար աշխատանք է սպասվում»,- ասում է Արծվաբերդ գյուղի 8-ամյա դպրոցի տնօրեն Ալբերտ Ուզունյանը:

 

Հայկազը չկարողացավ հասկանալ և ընկալել դասերը, մյուս կողմից էլ երեխաների վերաբերմունքը. Աստղիկին դպրոց կանչեցին: Այս մասին տեղեկացան նաև գյուղապետարանում: «Մենք երեխաների մասին տեղյակ պահեցինք մարզպետարանի կրթության բաժնին, արձագանքը շուտ եղավ, մարդիկ եկան Ալիխանյանների երկու որդիներին` Հայկին ու Հայկազին տանելու հատուկ հաստատություն, որտեղ կապահովվեին նրանց համար բարեկեցիկ պայմաններ, կրթություն»,- ասում է գյուղապետ Վոլոդիա Ուզունյանը:

 

Ալիխանյանների ամենամոտ հարևանը` Արևիկ տատը, պատմում է, որ հանկարծակի գոռոցներ է լսել.«Աստղիկը բղավում էր, էտ մարդկանց դուրս հանում տնից, ամբողջ թաղը հավաքվել էր, չէինք կարում տնից հանեինք էտ մարդկանց, Աստղիկին էլ հանգստացնեինք»: Մայրը ոչ մի դեպքում չէր համաձայնել բաժանվել իր երեխաներից: Գյուղում նաև խոսում են, որ մայրը չի ցանկացել երեխաներին պետության հոգածությանը հանձնել, քանի որ բավականին մեծ գումար է պետությունը հատկացնում նրանց համար` 18 000 Հայկի ու 12 000 դրամ` Հայկազի համար:

 

Գյուղական նեղլիկ ճանապարհների խաչմերուկում է գտնվում նրանց տունը, արտաքինից այն խոսում է իր հարկի տակ ապրող մարդկանց աղքատ և պարզ կենցաղի մասին: Առաջին անգամ այս տան կողքով անցնելիս գուցե անծանոթ մեկը կանգ առնի զարմանքից, սակայն գյուղացիների համար այն արդեն վաղուց քննարկված է: Երկհարկանի մի տուն, որի պատուհանների զգալի մասն անփեղկ են, ու չես հասկանում, գոմն է տան մեջ, թե տունը` գոմի:

 

Ընտանիքն ունի վեց անդամ. ընտանիքի հայրը Արայիկ Ալիխանյանն է, մայրը` Աստղիկ Ալիխանյանը, ավագ որդին` Հայկը, մյուս որդին` Հայկազը, աղջիկը` Սերյանն ու տան փոքր երեխան` Սերժը:

 

Հատկապես Հայկին դրսում ոչ ոք չի տեսնում, նա արդեն 23 տարեկան է` տնային կալանքի մեջ, ամբողջովին մերկ… «Հայկս սիրում է ժամերով պատուհանից դուրս նայել, չեմ կարում սենյակ բերեմ, վախենում եմ դուրս կգա: Բայց նա ագրեսիվ երեխա չի, ուղղակի ուզում է մարդկանց հետ շփվել, հասկանալ կյանքի գինը պատուհանից այն կողմ, իսկ այ երեկոյան ապշած նայում է երկինք, կանչում է ինձ ու ձեռքը մեկնում աստղերին, գրկում եմ իրան ու ասում` «սիրուն աստղեր են, մեզանից հեռու», ծիծաղում է…»,- արցունքոտ աչքերով պատմում է մայրը: Իսկ երբ արդեն վերադառնում է սենյակ, տետրի թղթերի վրա նկարում է հենց այդ նույն աստղերը: Մայրը նրա նկարները կախել է սենյակի պատից: «Երբ տուն մարդ է գալիս, Հայկը նրա ձեռքից բռնած տանում է նկարների մոտ, հետո մոտենում պատուհանին, ձեռքը երկինք մեկնում: Նկարում է տարբեր բաներ` նասկիներից մինչև մեքենաներ, մի անգամ հաց էր ուտում, ամանը ձեռքիս թողեց, մատիտն ու թուղթը վերցրեց, սկսեց ափսեի ուտելիքը նկարել»,-ցույց տալով «Կարտոֆիլներով ափսեն» նկարը` ասում է մայրը:

 

Հայկազը 21 տարեկան է, նա դեռ մանկուց շփվել է հարևանների հետ, օգնել ծնողներին, համեմատաբար նորմալ խոսում է: Առավոտյան, երբ դեռ շատերը քնած են գյուղում, լսվում է Հայկազի ձայնը, նա կովերի, ոչխարների և էշի հետ գնում է հանդ: Մեր տան ներքևի մասով է ճանապարհն անցնում, և դեռ օրը կարգին չբացված, լսում էինք Հայկազի հայհոյանքը անասուններին` շատ կցկտուր, բայց և մեզ համար արդեն պարզ և հասկանալի… Իսկ երբ հարևաններն ասում էին ամոթ է, մի հայհոյիր, սկսում էր անհոգ և չար ծիծաղել:

 

Երբ զրուցում էի Աստղիկի հետ, Հայկը, ում մայրը իմ գալու առիթով հագցրել էր, ուշադիր լսում էր մեզ, ուզում մի բան գլխի ընկնել, զարմացած գնում-գալիս էր` հագուստից նեղված: Մի աներևույթ բան կար Հայկի աչքերում` ուղղված մորը, անկեղծ պատասխաններ ակնկալող հարցականներ, բայց և խորը կապվածություն, որը լինում է միայն մոր և զավակի միջև:

 

Հայկազը շատ աշխատասեր է, միշտ վազվզում է` մեկ դաշտ, մեկ անասունների մոտ, իսկ երեկոյան` աղբյուրից ջուր բերելուց հետո, գնում գյուղամեջ: «Էրեգ էլ եմ քնացել Անին տենամ, համերգի վախտ ինքն էլ ա կյալիս, իրան պիրիլ դեմ մըր տուն…»,-ամաչելով, ձեռքերով աչքերը փակելով` ասում է սիրահարված Հայկազը: Թեև շատերը նրան լուրջ մարդ չեն համարում և երբեմն խաբելով ուզում են աշխատեցնել, այնուամենայնիվ Հայկազը շատ պատվախնդիր է: Ինքը չի աշխատում ուրիշների համար, նաև արգելում է մորը և քրոջը նույնն անել:

 

«Ինչպես կարելի է նույն տան մեջ տարբեր մտավոր կարողության երեխաների միասին մեծացնել, կներեք, բայց դա ուղղակի անընդունելի է, ես ոչ մի կերպ դա չեմ հասկանում: Նրանց հետ առողջներն էլ կարող են հիվանդանալ: Նման պայմաններում, երբ 23 տարեկան արդեն հասուն տղամարդն ամբողջությամբ մերկ ապրում է 15 տարեկան դեռահաս աղջիկ երեխայի հետ, դա միայն որակվում է այլասեռում»,- ասում է գյուղի մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Աղաբեկյանը:

 

Այս մասին Աստղիկը ոչինչ չասաց, նա էլ հասկանում է, որ սխալ է վարվում, բայց իր երեխաներից հեռու ապրել չի կարող: «Ես շատ կուզեի, որ մարդիկ մեզ նորմալ մարդու պես վերաբերվեին, հարգանք լիներ, վստահություն, շփում, ոչ թե էս վիճակը` մեկուսացած, առանց շփման, եթե իմ էրեխեքը կարողանան դուրս գալ փողոց, լսեն, խոսեն և՛ ես, և՛ իրենք երջանիկ կլինենք»,- սրտնեղած ասում է մայրը:

 

Տան անդամները հոգատար են միմյանց հանդեպ և արդեն շատ վաղուց համակերպվել են իրենց բաժին ընկած կյանքին: Գյուղացիներն արդեն հանգիստ են տվել այս ընտանքին, որն ապրում է իր սահմանած կանոններով, հոգսերով ու թաքուն երազներով:

 

Ընտանիքի պատմությունը գուցե այլ ընթացք ունենար, բայց ամեն ինչ վճռեց մայրը. նա ընտրեց ընտանքի 6 անդամների միասնությունը… Բայց մյուս կողմից Հայկն ու Հայկազը կարող էին այսօր ընկերներ ունենալ, գիտելիք, անձնական երջանկություն:

 

Մայրաքաղաքում այսօր իրազեկվածությունը համեմատաբար մեծ է, մարդիկ գիտեն հարգել, օգնել և հավասար ապրել հաշմանդամ մարկանց հետ, իսկ գյուղերում դժբախտավոր քիչ են մարդիկ, ովքեր հասկանում են սա:

 

Մայրն անհագիստ էր, շտապում էր ավարտել մեր զրույցը, ուր որ է հայրն էր գալու տուն, հնարավոր է` ինձ վատ վերաբերվեր, գուցեև վռնդեր: Կնոջ պահվածքում հաստատակամություն կար, երեխաների աչքերում` հույս և հավատ…Նրանք պայքարել գիտեն, սիրել ու պաշտպանել իրար:

 

Մի քանի րոպե կանգնել էի տան բակում ու չնայած գոմաղբի անտանելի հոտին` չէի կարողանում կտրվել այս ընտանիքից, դա մի զգացողությունն էր, որ կորցրել էի մի ժամանակ և Փառք Աստծո, գտել նորից…

 

Գայանե Ասրյան