կարևոր
319 դիտում, 16 րոպե առաջ - 2026-11-09 18:18
Հասարակություն

Հայաստանում հարգել են ռուսաստանցի օդաչուների հիշատակը

Հայաստանում հարգել են ռուսաստանցի օդաչուների հիշատակը

Հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականին Արցախյան պատերազմի ավարտման մասին եռակողմ հայտարարության ստորագրման օրը ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի ռուսաստանցի օդաչուների հիշատակին։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Արարատի մարզում տեղադրված հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հիշատակի արարողություն, որի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիշեցրել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ռուսաստանցի զինծառայողների կյանք է արժեցել:

Նրա խոսքով՝ այսօր շատ կարևոր է պահպանել նրանց հիշատակը, ովքեր մինչև վերջ հավատարիմ մնացին իրենց մասնագիտական և զինվորական պարտքին:

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նախիջևանի կողմից ադրբեջանցի զինվորականները խոցել են ռուսական Մի-24 ուղղաթիռը, որն ուղեկցում էր Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը։ Միջադեպը տեղի է ունեցել Երասխի մոտակայքում։ Հրթիռակոծման հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում: Զոհվել են մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինան։ Անձնակազմի մեկ այլ անդամ վիրավորվել է։