կարևոր
505 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-03 11:06
Հասարակություն

Վանդալիզմ՝ Երևանում. վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը

Վանդալիզմ՝ Երևանում. վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը

Հայաստանը աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգն է ու դարեր շարունակ խաչը հայերիս համար համարվել է սրբություն, բայց արի ու տես որ 21-րդ դարում կան մարդիկ, ովքեր կարող են ոտնձգություն իրականացնել խաչի ու խաչքարի վրա տեղադրված Աստծո որդու՝ Հիսուսի քանդակի նկատմամբ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 2-ին, պարզվում է՝ հերթական անգամ ստահակը կամ ստահակները կոտրել են Արաբկիր վարչական շրջանում Ադոնցի փողոցում Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ տեղադրված խաչքարի վրայի Հիսուսի քանդակը։

Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի մտահաղացմամբ ու հովանավորությամբ և այն նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ այս խաչքարի նկատմամբ վանդալիզմ է իրականացվում և մի քանի անգամ SHAMSHYAN.com-ը անդրադարձել էլ սրբապղծությանը ու ցավոք դեպքերից ոչ մեկը չէր բացահայտվել։ Ճիշտ լուծումներից մեկն այն կլինի, որ Արաբկիրի թաղապետարանը նշված հատվածում տեղադրի տեսախցիկներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանում հերթական անգամ անհայտ անձը կամ անձինք 2022թ․ օգոստոսի 29-ին վանդալիզմ էին իրականացրել:Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել էին Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:

Հավերժության նշանի որոշ հատված էլ ճիվաղը կամ ճիվաղները նույնպես վնասել էին:

Խաչքարը տեղադրվել էր 2007 թ.-ին՝ այն ժամանակ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի հովանավորությամբ և այն կրում էր «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը:Ֆոտոլրագրողը  հայտնել էր, որ նշված վայրից ոստիկանության Արաբկիրի բաժինը 1-1,5 կմ հեռավորության վրա էր գտնվում: