կարևոր
508 դիտում, 42 րոպե առաջ - 2026-10-13 12:12
Տարածաշրջան

Պարո՛ն Զարիֆ, դուք պարտավոր եք պատասխան տալ, և մենք ձեզանից պատասխան ենք պահանջելու. իրանցի փորձագետը՝ նախկին արտգործնախարարին

Պարո՛ն Զարիֆ, դուք պարտավոր եք պատասխան տալ, և մենք ձեզանից պատասխան ենք պահանջելու. իրանցի փորձագետը՝ նախկին արտգործնախարարին

Միջազգային հարցերի վերլուծաբան դոկտոր Էհսան Մովահեդիանը «Խանե Էղթեսադ» («Տնտեսության տուն») լրատվամիջոցի հետ զրույցում քննադատել է Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին՝ Կովկասում Իրանի բաց թողած հնարավորությունների և տարածաշրջանում ստեղծված սպառնալիքների համար։

«Պարո՛ն Զարիֆ, դուք պնդում եք, թե մենք բոլորին դիտարկում ենք որպես սպառնալիք։ Սակայն պետք է գիտակցեք, որ այս իրավիճակը ձեր պաշտոնավարման ընթացքում բաց թողնված հնարավորությունների հետևանքն է։ Մինչև Ղարաբաղյան պատերազմը մենք նման մտահոգություններ չունեինք՝ կապված, այսպես կոչված, կեղծ միջանցքների, Թրամփի երթուղու, Իսրայելի ներթափանցման կամ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայության հետ։ Հենց ձեր անգործությունն ու անուշադրությունն են նպաստել այս խնդիրների առաջացմանը»։

Քանի որ իմ ուսումնասիրությունների հիմնական ուղղությունը Կովկասն է, անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ պարոն Զարիֆի այն հայտարարությանը, թե մենք Ադրբեջանին, Հայաստանին և տարածաշրջանի մյուս երկրներին դիտարկում ենք որպես սպառնալիք։

Պարոն Զարիֆին պետք է հիշեցնել, որ եթե այսօր Կովկասում Իրանի համար սպառնալիքներով լի իրավիճակ է ձևավորվել, ապա դա մեծապես պայմանավորված է այն հնարավորությունների կորստով, որոնք տեղի են ունեցել հենց նրա և նրա նախընտրած կառավարության պաշտոնավարման տարիներին։

2020 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, մինչ այդ մենք նման լուրջ մտահոգություններ չունեինք։ Չէինք անհանգստանում, որ կարող էին առաջ քաշվել, այսպես կոչված, կեղծ միջանցքների նախագծերը, ձևավորվել Թրամփի երթուղին, իսրայելական ուժերն ու կառույցները ներթափանցել Ղարաբաղ, կամ ՆԱՏՕ-ն ընդլայնել իր ներկայությունը տարածաշրջանում։

Այսօր ստեղծված սպառնալիքներով լի իրավիճակը հետևանք է այն բանի, որ ձեր պաշտոնավարման ընթացքում առկա հնարավորությունները չօգտագործվեցին, իսկ տարածաշրջանային զարգացումներին անհրաժեշտ ուշադրություն չդարձվեց։

Դուք չկարողացաք օգտվել այդ հնարավորություններից։ Որպես արտաքին գործերի նախարար՝ փոխանակ ժամանակին այցելելու Կովկաս և ակտիվ դիվանագիտական գործունեություն ծավալելու, շարունակ ձգձգեցիք ձեր այցը։

Պատճառաբանում էիք, թե պետք է զբաղվեք բյուջեի քննարկումներով և խորհրդարանում մասնակցեք արտաքին գործերի նախարարության բյուջեին վերաբերող քննարկումներին։

Այդպես ժամանակը կորցրիք, իսկ երբ պատերազմն արդեն ավարտվել էր, միայն երկարատև ուշացումից հետո որոշեցիք մեկնել տարածաշրջան։

Ավելին՝ նույնիսկ ինքնաթիռում գտնվելիս ուշադրություն չդարձրիք փորձագետների դիտարկումներին ու խորհուրդներին։ Այցի սկզբից մինչև վերջ ձեր ուշադրությունը կենտրոնացած էր աղմկահարույց գործունեությամբ հայտնի մի բանկային ղեկավարի, ինչպես նաև պարոն X-ի և պարոն Y-ի վրա։

Արդյունքում դուք չկարողացաք արդյունավետորեն օգտագործել այդ դիվանագիտական այցի ընձեռած հնարավորությունները։

Հետևաբար, հետագայում տեղի ունեցած զարգացումների համար պատասխանատվությունը կրում եք առաջին հերթին դուք, այլ ոչ թե ուրիշները։

Սա վերաբերում է Կովկասում Իրանի քաղաքականությանը և ձեր պաշտոնավարման ընթացքում բաց թողնված պատմական հնարավորություններին։

Սակայն այսօր պարոն Զարիֆը, փոխանակ ընդունելու իր պատասխանատվությունը և հանդես գալու որպես այս իրադարձությունների համար պատասխանատու պաշտոնյա, փորձում է իրեն ներկայացնել դատավորի կամ պաշտպանի դերում։

Պարո՛ն Զարիֆ, այս հարցում հենց դուք պետք է պատասխան տաք։

Կովկասում Իրանի բաց թողած հնարավորությունները և տարածաշրջանում Իրանի շահերի դեմ ուղղված պատմական նշանակության այս զարգացումները տեղի են ունեցել ձեր պաշտոնավարման ընթացքում։

Ուստի դուք պարտավոր եք պատասխանատվություն կրել ձեր վարած քաղաքականության և դրա հետևանքների համար։ Մենք ձեզանից անպայման պատասխան ենք պահանջելու։