կարևոր
544 դիտում, 58 րոպե առաջ - 2026-09-11 18:38
Հասարակություն

Խաչերթ և միասնական աղոթք տեղի կունենա

Խաչերթ և միասնական աղոթք տեղի կունենա

Սեպտեմբերի 12-ին տեղի կունենա Խաչերթ և միասնական աղոթք։ Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից։

«Խաչի մասին քարոզչությունը հիմարություն է թվում կորստյան ճամփին գտնվողների համար, մինչ մեզ՝ փրկության ճամփին գտնվողներիս համար, դա Աստծու զորությունն է» (Ա Կորնթ. Ա 18)։

Սիրելի հավատացյալներ,

Ուրախ ենք տեղեկացնելու, որ սեպտեմբերի 12-ին՝ Խաչվերացի տոնի նախատոնակին, Արարատի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ և Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցական հովվությունները կազմակերպում են Խաչերթ և միասնական աղոթք։

Խաչերթը կմեկնարկի ժամը 18։00-ին՝ Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց։ Եկեղեցական թափորի առաջնորդությամբ՝ հավատացյալները հոգևոր երգերով ու աղոթքներով կքայլեն դեպի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Այստեղ միասնական աղոթք կհնչի մեր ժողովրդի բարօրության և մեր Հայրենիքի խաղաղության համար։

Արարողության ավարտին հավատացյալներին իր հոգևոր պատգամը կփոխանցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Սիրով հրավիրում ենք բոլոր հավատացյալներին մասնակցելու Խաչերթին և ունկնդրելու Առաջնորդ Սրբազանի քարոզը։

«Ո'վ է որպէս Տէր Աստուած մեր.

խաչեցաւ վասն մեր, թաղեցաւ և յարեաւ.

հաւատարիմ եղև աշխարհի և համբարձաւ փառօք:

Եկայք, ժողովուրդք, զօրութիւն ընդ հրեշտակս երգեսցուք ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց»,-ասված է հաղորդագրության մեջ։