կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-01 10:44
Քաղաքական

Խոստանալը դեռ չի նշանակում ամուսնանալ

Խոստանալը դեռ չի նշանակում ամուսնանալ

Երկրի կառավարման ավտորիտար մեթոդները և ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտի մաքրումն ապահովեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեև ոչ բացարձակ, բայց, այնուամենայնիվ, հաղթանակը։ Եվ ահա՝ «ասպարեզում նորից նույն դեմքերն են»։ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով կրկին նշանակվեց Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Մեր հասարակությունը նորից հայտնվեց նրա եվրոամբիցիաների և դրանց հետ կապված քաղաքական ու տնտեսական խնդիրների ճիրաններում։

Այսօր Հայաստանը նման է անհաջողակ հարսնացուի․ կարծես թե հորիզոնում նշմարվում է օտարերկրացի փեսացուն, բայց բոլոր ազգականները աղաղակում են՝ կանգ առ, նա վաղուց ամուսնացած է, իսկ քեզանից որոշել է պարզապես օգտվել։ Բայց միայն իմաստուններն են սովորում ուրիշների սխալների վրա։ Մնացածը նախընտրում են սեփական ճակատին հարվածներ ստանալ։

Նիկոլը ստիպված է օձի պես ոլորվել ի տես համայն աշխարհի, քանի որ չկա հստակություն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի, ինչպես նաև Եվրոմիության և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հարցում։ Ցանկություն կա համարձակորեն հետևել եվրոպական վեկտորին, բայց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացվող տնտեսական օգուտները նույնպես չի ուզում կորցնել։ Չէ՞ որ այս պահին ԵՄ-ին բաժին է ընկնում Հայաստանից ապրանքների արտահանման ընդամենը 7,9%-ը, իսկ ԵԱՏՄ-ին՝ 38,4%-ը։ «Եվրոփեսացուն» փուչիկ է դուրս գալիս։ Իսկ նրան հաճոյանալով և ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ «հարսնացուն» ընդամենը երկու տարում կկորցնի ՀՆԱ-ի 14%-ից մինչև 20%-ը։

Է՜հ, իսկ չէ՞ որ Եվրոմիությունը խոստանում էր ընդունել Հայաստանին իր ընտանիք և բացել շուկան մեր արտադրանքի համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց ինքնավար առևտրային միջոցառումների ներդրման մասին, որոնք պետք է տուրքերից ազատեին դեպի ԵՄ հայկական արտահանման մինչև 80%-ը։ Թարմ մրգերը, բանջարեղենը, ըմպելիքները, ալկոհոլը պետք է հորդեին եվրոպական ցուցափեղկեր՝ փոխարենը մեր պետբյուջեն հարստացնելով արտարժույթային հասույթով։ Հայտարարվել էր նույնիսկ 52 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի և հավաստագրման հարցում օգնելու համար փորձագետներ ուղարկելու մասին։ Ի՜նչ շքեղ հեռանկար էր բացվում։

Բայց դա նախընտրական դատարկաբանություն դուրս եկավ։ ԵՄ-ն փաստացի հրաժարվեց մեր բանջարեղենից, դրանց մատակարարումներն այդպես էլ չսկսվեցին։ Հայաստանին լկտիաբար խաբեցին։ Նման պայմաններում ֆերմերները շոկի մեջ են, երկրում ուժեղացել են գործազրկությունը, եկամուտների մակարդակի նվազումը և բնակչության արտահոսքը։ Փոխարենը Արևմուտքը, թեկուզ վերապահումներով, ընդունեց մեր ընտրությունների արդյունքները, որոնք լի էին առճատատման հռետորաբանությամբ, ընդդիմադիր թեկնածուների դեմ քրեական գործերով, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հալածանքներով և այլ «հաճույքներով»։ Բայց դրանք ԵՄ-ի պայմաններն էին, և Փաշինյանը դրանք ջանասիրաբար կատարում էր․ ընտրությունները պետք է ճանաչվեին ժողովրդավարական։

Իսկ ի՞նչ կասեք ԵԱՏՄ-ի մասին։ Ահա սա մեր վարչապետի համար ամենաբարդ հարցն է․ ինչպե՞ս անել, որ կառույցի բոլոր մասնակիցներին խաբի։ Ստիպված է պտտվել-ճողոպրել։ Չոլպոն-Ատայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, հաստատեց, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը մնում է Հայաստանի արտաքին տնտեսական առաջնահերթություններից մեկը, մյուս կողմից՝ «ԵԱՏՄ-ն չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք», իսկ Միության երկրների հարաբերությունները երրորդ պետությունների հետ չպետք է ընկալվեն որպես «զրոյական գումարով խաղ»։

Կարճ ասած՝ տղերք, դուք այնտեղ ինտեգրվեք որքան ուզում եք, զարգացրեք արդյունաբերական կոոպերացիան և ընդհանուր շուկան, իսկ Երևանը կպահի վեկտորը դեպի Արևմուտք։ Ընդ որում, հայկական տնտեսության համար բոլոր արտոնությունները դուք պարտավոր եք պահպանել՝ ի վնաս սեփական երկրների։ Մի՞թե Փաշինյանն իսկապես մտածում է, որ նման էժանագին հնարքով կկարողանա բոլորին հիմարացնել։ Բացի այդ, Հայաստանի՝ գոնե մինչև 2035 թվականը ԵՄ-ին անդամակցելու համար բավարար չէ միայն ԵԱՏՄ-ին չանդամակցելը, անհրաժեշտ է նաև ընդհանուր սահման ունենալ Եվրոմիության երկրների հետ, ինչը հնարավոր է միայն հիվանդ երևակայության մեջ։ Եվ պետք է հաշվի առնել, որ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովում ընդունված դաշնակցային հռչակագիրը չի նախատեսում հանրապետությանը անվտանգության լիարժեք երաշխիքների տրամադրում։ Դիտորդների ներկայություն, քաղաքական աջակցություն, սպառազինության մատակարարում վարկային պարտավորությունների դիմաց․ նման «ապրանք» միշտ էլ ավելցուկով կա։ Բայց հարաբերությունների սրման դեպքում, օրինակ՝ Ադրբեջանի հետ, և Բաքվի տարածքային հավակնությունների ընդլայնման պարագայում, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի «երդվյալ բարեկամները» ավելի շուտ զոհաբերելու են Հայաստանի շահերը, քան կհամարձակվեն վիճել Անկարայի հետ։ Այո, և մեր հասարակության մեջ քչերն են լուրջ հավատում եվրոինտեգրմանը՝ արդարացիորեն համարելով, որ ԵՄ-ի հետ մերձեցումը ընդամենը թափանցիկ վարագույր է, որի հետևում նշմարվում է Թուրքիան։ Իսկ եթե թույլ տանք Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների լիովին հավանական սրումը, ապա Հայաստանը, իրացնելով Արևմուտքի հետ ռազմական համագործակցության իր ձգտումը, ընդհանրապես վերածվում է պոտենցիալ թիրախի՝ ամերիկյան ենթակառուցվածքներին իսլամական հարվածների համար։ Արաբական երկրներն դա արդեն իրենց մաշկի վրա զգացել են։

Ահա այսպիսի քաղաքական ապուր է եփվում Եվրոմիության սալօջախին, որն առանց քաշվելու իր երկար քիթը խոթում է ընտրությունների մեջ՝ «անհրաժեշտ» թեկնածուներին առաջ մղելու համար։ Այսօր Փաշինյանը պահանջված է, իսկ վա՞ղը։ Վարչապետի քաղաքական երկարակեցությունը Արևմուտքի երկակի ստանդարտների քաղաքականության լույսի ներքո անհուսալի է թվում։

Բավական է հիշել Ռումինիայի ընտրությունները, որոնց ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի ցուցումով հեռացվեց անկախ թեկնածու Կելին Ջորջեսկուն։ Այո, և ԵՄ-ի ողջ գործունեությունն ուղեկցվում էր Բուխարեստի հասցեին սպառնալիքներով՝ Բրյուսելի պայմանները չընդունելու դեպքում․ Ռումինիայի մուտքը Եվրոմիության հիմնադրամներ կսահմանափակվի, եթե «ոչ համակարգային ուժերի» ներկայացուցիչը, ով խոստացել էր վերջ դնել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ենթարկվելուն, շարունակի մասնակցությունը ընտրարշավին։ Վերջակետ։ Ժողովրդավարություն՝ մաքուր տեսքով։

Կամ վերցնենք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Հունգարիայում։ Դրանք նույնպես ուղեկցվում էին Արևմուտքի և օտարերկրյա ԶԼՄ-ների կոշտ ու հետևողական միջամտությամբ։ 2014 թվականից ի վեր Հունգարիայում ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք սերտորեն համագործակցում են միգրանտների հետ և ինտեգրում նրանց եվրոպական հասարակության մեջ, ուղղակիորեն ԵՄ-ից ստացել են ավելի քան 62,4 միլիոն եվրո։ Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն ուղղակիորեն մեղադրեց Ուկրաինային և Եվրոմիությանը Բուդապեշտում իշխանափոխություն անելու ցանկության մեջ։ Նա հայտարարեց, որ ընտրական գործընթացը փախհամաձայնեցվել է ուկրաինական կառավարության և Բրյուսելի կողմից։ Երբ ընտրությունների հավանական արդյունքները դադարեցին բավարարել ԵՄ-ին և Կիևին, նրանք ոտնահարեցին հունգար ժողովրդի կամ արտահայտման ազատությունը՝ սկսելով կառավարությունը «ճիշտով» փոխարինելու արշավ։ Ինչպե՞ս ամենապարզ ձևով վարկաբեկել հետևողական եվրոսկեպտիկ Վիկտոր Օրբանին։ Ճի՛շտ է։ Մեղադրել նրան Ռուսաստանի դրածո լինելու մեջ։ Ապացույցներն ավելորդ են։ Բրյուսելը չի կարող սխալվել։

Ընդ որում, Արևմուտքը, որի երկար ականջները ցցված են եվրոպական երկրների ընտրարշավների հետևում, չի հասկանում, որ վարկաբեկում է ինքն իրեն՝ «ճիշտ» թեկնածուներին գահին բազմեցնելով։

Ահա հետաքրքիր է՝ ինչպե՞ս իրենց կպահեն այդ եվրոպացիները Ռուսաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Ի՞նչ էպիտետներով կկոչեն ընտրական արշավի արդյունքները, որտեղ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա իր թեկնածուներին մղել օրենսդիր իշխանություն։ Շատ շուտով կտեսնենք։ Եվ, հուսով եմ, ճիշտ հետևություններ կանենք, թե ինչպիսին է արևմտյան ժողովրդավարությունը։

Ս.Ս.