|
Փոխարժեքներ
31 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 422.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.214 |
| GBP | ⚊ | £ 493.49 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզի սրտում բացվել է Ադրբեջանում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալներին նվիրված ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը պատկանում է Փարիզի քաղաքապետարանին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին (CCAF)։ Միջոցառման նպատակն է հիշեցնել՝ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ կիրառված բռնությունն ու բռնի տեղահանությունն ուղեկցվել են Արցախի քաղաքական ղեկավարության ձերբակալություններով։
Այսօր նրանցից 19-ը շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Քաղաքապետարանի շենքի վրա ցուցադրելով հայ գերիների դիմանկարները՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը ցանկանում է հանրային ուշադրություն հրավիրել նրանց ճակատագրին։ Փարիզի այս նախաձեռնությունը մեկուսացված քայլ չէ. Ֆրանսիայի մայրաքաղաքը տարիներ շարունակ հետևողականորեն իր աջակցությունն է հայտնում արցախահայությանը։
Դեռևս 2020 թվականին Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ 2023 թվականին՝ Արցախի շրջափակման և հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական ճնշումների խստացման շրջանում, Փարիզը մարդասիրական օգնություն նախաձեռնեց, իսկ քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն անձամբ մեկնեց Հայաստան՝ հասնելով մինչև Հակարիի կամուրջ՝ աջակցելու շրջափակված արցախահայերին։ Նույն թվականի նոյեմբերին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն Արցախի ժողովրդին շնորհեց Փարիզի պատվավոր քաղաքացու կարգավիճակ՝ վերահաստատելով քաղաքի քաղաքական, բարոյական և մարդասիրական համերաշխությունը։
Փարիզի դիրքորոշումը լիովին համահունչ է Ֆրանսիայի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աճող ներգրավվածությանը։ 2026 թվականի փետրվարի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց բանաձև՝ պահանջելով Ադրբեջանում պահվող հայ պատանդառված բանտարկյալների ազատ արձակումը։ Նույն տարվա հուլիսին Կորսիկայի խորհրդարանը հանդես եկավ «Աջակցություն Արցախին և Ադրբեջանում պահվող հայ պատանդառված բանտարկյալների ազատ արձակում» վերնագրով որոշմամբ։ Ավելի վաղ՝ 2025 թվականի դեկտեմբերին, Նիցցայի քաղաքապետարանը ևս քաղաքապետարանի շենքի ճակատին փակցրել էր հայ պատանդառված բանտարկյալների դիմանկարները՝ պահանջելով նրանց շուտափույթ ազատումը։ Այս գործընթացներից անմասն չէ նաև Եվրախորհրդարանը, որը բազմիցս է պահանջել Բաքվից ազատ արձակել հայերին. 2025 թվականի ապրիլի 2-ի բանաձևով կառույցը պահանջել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ընդգծել արցախահայության՝ անվտանգ, անարգել ու արժանապատիվ վերադարձի իրավունքը։
«Այսօր Փարիզում ցուցադրվող 19 դիմանկարները լոկ բանտարկյալների դեմքեր չեն. դրանք Արցախի պատմության, նրա քաղաքական կյանքի և նրա ժողովրդի իրավունքների կենդանի վկայություններն են»,- արձագանքել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։ Ցուցահանդեսը միաժամանակ հիշեցնում է արցախահայության՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։ Հարկ է նշել, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ապահովել Արցախն ստիպողաբար լքած անձանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը։
Այդ իրավական պարտավորությունը մինչ օրս մնում է թղթի վրա։ «Քանի դեռ հայ գերիներն ազատ չեն, նրանց դեմքերը շարունակելու են հիշեցնել աշխարհին, որ արդարությունը չի կարող փոխարինվել մոռացությամբ, իսկ մարդու ազատությունը՝ քաղաքական պայմանավորվածություններով»,- նշել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը։
Տասնինը դեմք, տասնինը ճակատագիր և մեկ ընդհանուր պահանջ՝ ազատությո՛ւն։