կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-01 14:52
Հասարակություն

Հայերը սկսել են քիչ ամուսնանալ եւ շատ ամուսնալուծվել

Հայերը սկսել են քիչ ամուսնանալ եւ շատ ամուսնալուծվել

2013 թվականի սկզբին, 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է Հայաստանում գրանցված ամուսնությունների բացարձակ ցուցանիշը. լրագրողներին այսօր ասաց ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Փոխարենը, յուրաքանչյուր 1000 գրանցված ամուսնալությունների համեմատ, ամուսնալուծությունների թիվը 2013 թվականին կազմել է 205 դեպք' 2012 թվականի 170-ի փոխարեն:

 

Արձանագրված ամուսնությունների թիվը կազմել է 18 հազար 363` 2012 թվականի 19 հազար 63-ի համեմատ: Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 6.1 պրոմիլե` 2012 թվականի 6.3 պրոմիլեի համեմատ:

Բայց դրա փոխարեն, 2012 թվականի համեմատ, ավելացել են ամուսնալուծությունների դեպքերը:

 

«Իհարկե, աճել են ամուսնալուծության դեպքերը' 15.6 տոկոսով, եւ 2013 թվականին արձանագրվել է ամուսնալուծության 3756 դեպք` 2012 թվականի 3250-ի համեմատ: Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով' ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը կազմել է 1.2 պրոմիլե' 2012 թվականի 1.1 պրոմիլեի համեմատ»,- ներկայացրեց Կարինե Կույումջյանը:

 

Նրա խոսքերով' ամուսնության ընդհանուր գործակիցը միջին հանրապետականից բարձր են Վայոց Ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավարի եւ Կոտայքի մարզերում' համապատասխանաբար` 6.6; 6.9;  6.3 եւ այլն գործակիցներով: Կան նաեւ մարզեր` Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի, որտեղ ամուսնության ընդհանուր գործակիցները նվազում են արձանագրել, եւ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Տավուշի մարզում' կազմելով 4.9 պրոմիլե:

 

Ամուսնալուծությունների դեպքերի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Լոռու մարզում` կազմելով 2 պրոմիլե`հանրապետական 1.2-պրոմիլե միջին հանրապետական  ցուցանիշի  համեմատ, որին հաջորդում է Երեւանը' 1.5 պրոմիլեով: Ամուսնալուծությունների ցուցանիշը հանրապետական միջինից մի քիչ ավելի բարձր է նաեւ Վայոց Ձորի մարզում` այնտեղ 1.4 պրոմիլե է: Իսկ մնացած մարզերում ամուսնալուծության ընդհանուր գործակիցը միջին հանրապետականից ցածր մակարդակի վրա է գտնվում: