|
Փոխարժեքներ
16 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Եվրամիության անդամ պետություն դառնալն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հայտարարել , որ Եվրոպական միությունը, ըստ երևույթին, պատրաստ չէ ընդունել Թուրքիային, և հավելել, որ ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ։ Էրդողանի խոսքով՝ դրանից ի վերջո կտուժի հենց Եվրոպան։
Թուրքիան 1995 թվականից Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ունի։ Դրանից հետո 2005 թվականին մեկնարկել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք, սակայն, կանգ են առել ու հայտնվել փակուղում։
ԵՄ-ն տարիներ շարունակ քննադատել է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների, հիմնարար իրավունքների, դատական համակարգի անկախության և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները։
Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ՝ այս ոլորտներում հետընթացը դարձել է անդամակցության գործընթացի կանգի հիմնական պատճառներից մեկը։
2016 թվականի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, լայնածավալ ձերբակալությունները և իշխանության կենտրոնացումը ավելի են խորացրել Բրյուսելի և Անկարայի տարաձայնությունները։ ԵՄ խորհուրդը 2018 թվականին արձանագրեց, որ Թուրքիայում ժողովրդավարության, հիմնարար իրավունքների և դատական անկախության ոլորտներում շարունակվող հետընթացի պատճառով անդամակցության բանակցությունները փաստացի հայտնվել են փակուղում։