|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Այսպիսի եզրակացության հանգեցին փետրվարի 24-ին Մոսկվայի АиФ մամլո կենտրոնում կայացած գիտաժողովի մասնակիցները: Հանդիպումը, որին մասնակցում էին տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, վերլուծական կենտրոնների ղեկավարներ, դիվանագետներ ու հասարակական գործիչներ, կազմակերպել էր Մոսկվայի հայկական կազակերպությունների ֆորումը:
«Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը համարում է, որ միջնորդների առաջարկած մադրիդյան սկզբունքները չեն լուծում Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի եւ անվտանգության հարցերը: Նրանք առաջարկում են կարգավորումը սկսել այն հարցերից, որոնք հակամարտության հետեւանք են՝ վերահսկվող տարածքներ, փախստականներ եւ այլն: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության հիմնական թերությունը ԼՂՀ-ն բանակցային գործընթացի սուբյեկտ չճանաչելն է:
ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հասցեին Ադրբեջանի մշտական սպառնալիքները ուժի չկիրառման մասին Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի խախտում են:
Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Զախարովը կարծում է, որ ԼՂ-ի հետ կապված իրավիճակը շատ կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար՝ Իրանում եգիպտական, լիբիական տիպի հեղափոխություն առաջացնելու տեսանկյունից: Բանախոսը նաեւ համոզված է, որ Ռուսաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որ Հայաստանը դառնա նրա պատվարը Անդրկովկասում. «Եթե Ռուսաստանը հեռանա Հայաստանից, նա Անդրկովկաս չի վերադառնա առաջիկա հարյուր տարվա ընթացքում»:
Պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Զարգարյանը համոզված է, որ պատմականորեն Լեռնային Ղարաբաղին պատկանող տարածքների նկատմամբ Ադրբեջանի անհիմն հավակնությունները, հրթիռակոծումներն ու ռմբահարումները, ԼՂՀ բնակիչների գազանաբարո սպանությունները, պատանդ վերցնելու փաստերը իրավական հիմք են (ամրագրված միջազգային իրավական պրակտիկայով) Բաքվից ԼՂ-ի անկախանալու համար:
«Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մյուս կողմից՝ Ադրբեջանը մեր հարեւանն է, սահմանակից պետություն, ԱՊՀ անդամ,- ասում է ԱՊՀ ինստիտուտի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը:- Միաժամանակ, մենք Հայաստանի առաջ պայմանագրային կոնկրետ ռազմական պարտավորություններ ունենք: Այդ պատճառով Ռուսաստանը ստիպված է խուսանավել»: Արեւմուտքի ռազմավարությունը Հարավային Կովկասում՝ դեպի Կասպից դուրս գալն է: «Գրավը դրվեց Վրաստանի վրա, նրա անդամությունը ՆԱՏՕ-ին պատահական չէ, Ադրբեջանը տատանվեց Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնելու որոշում կայացնել: Արեւմուտքը պետք է այնպիսի պարգեւ առաջարկեր, որից Ադրբեջանը չկարողանար հրաժարվել: Եվ այդ պարգեւը Լեռնային Ղարաբաղն էր»,- ասում է փորձագետը:
Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ռազմական երաշխիքների ներքո. Արեւմուտքը չկարողացավ ուղղակի ռազմական ճնշում գործադրել նրա վրա՝ Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար: Այդ պատճառով արեւմտյան քաղաքական գործիչները դիմեցին ինտրիգների. մտածվեց փուլային կարգավորման ծրագիր՝ խաղաղապահ ուժեր մտցնել «վիճելի տարածքներ», իսկ հետո հանրաքվե անցկացնել:
ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆելիքս Ստանեւսկին կարծում է, որ Ադրբեջանում եւ Հայաստանում լուրջ թյուրըմբռնում կա այդ հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի շահագրգռության առնչությամբ: Դիվանագետը համոզված է, որ Ռուսաստանը գնում է հին խորհրդային քաղաքականության հունով, որի հիմքում մարքսիստական համոզմունքն է տնտեսական բազիսի որոշիչ նշանակության առումով, իսկ վերնաշենքը քիչ բանի վրա է ազդում: Իսկ Արեւմուտքը փողը ներդնում է մարդկանց, ոչ թե տնտեսության մեջ: «Սա շատ արդյունավետ միջոց է,- ասում է Ֆ. Ստանեւսկին:- Եվ Արեւմուտքը հաղթում է մարդկանց հոգիների պայքարում: Այդ մարդիկ դառնում են այն երկրի հակառակորդները, որը նրանց ֆինանսավորում է: Մեզ համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ազգային անվտանգության հարց է: Եվ Ռուսաստանը ամեն ինչ անում է լուծելու այդ հակամարտությունը: Բայց այնուհետեւ ամեն ինչ Հայաստանից եւ Ադրբեջանից է կախված»: