կարևոր
715 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-17 09:20
Հասարակություն

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կադրային փոփոխությունների շարքը կարող է շարունակվել, և առաջիկայում պաշտոնին հրաժեշտ տվողների ցանկում կարող է հայտնվել նաև նախարարի տեղակալներից մեկը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը փոխնախարար Արաքսյա Սվաջյանի մասին է։ Ըստ նույն աղբյուրների՝ նրա պաշտոնավարման շուրջ դժգոհությունները հատկապես սրվել են ամառային ճամբարների կազմակերպման հետ կապված խնդիրներից հետո։ Այս պահին ծառայողական քննություն է ընթանում։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Աղբյուր» ճամբարին, որի գործունեության կազմակերպման նպատակով կառավարության որոշմամբ հատկացվել էր ավելի քան 32 միլիոն դրամ, որպեսզի սոցիալապես անապահով և խոցելի խմբերի երեխաները հնարավորություն ունենան ամառային հանգիստ կազմակերպելու։

Սակայն ճամբարի աշխատանքների մեկնարկից շատ չանցած արձանագրվել են լուրջ խնդիրներ։ Ծնողների և մասնակիցների դժգոհությունները վերաբերել են կենցաղային պայմաններին, այդ թվում՝ հիգիենայի ապահովմանը, սննդի որակին և երեխաների ժամանցի կազմակերպմանը։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը դժգոհություն է առաջացրել նաև իշխանության ներսում, զայրացրել է Նիկոլ Փաշինյանին, և հենց այդ հանգամանքն է պատճառ դարձել, որ քննարկվի պատասխանատու փոխնախարարներից ևս մեկի պաշտոնանկության հարցը։

Միևնույն ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկվում։ Նա շարունակում է պաշտոնավարել՝ չնայած այսքան սկանդալներին, ինչպես նաև իր մտերիմների՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ կոռուպցիոն գործի բացահայտմանը, որը ներկայումս քննվում է դատարանում։

Նախարարն այդ գործով մեղադրյալ կամ դատավարության մասնակից չէ, սակայն ընդդիմախոսները պնդում են, որ ոլորտում առկա խնդիրների համար քաղաքական պատասխանատվությունը շարունակում է կրել հենց նախարարը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: