կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-23 10:18
Առանց Կատեգորիա

Կադրային կարուսե՞լ, թե՞ դիմագծի փոփոխություն

Կադրային կարուսե՞լ, թե՞ դիմագծի փոփոխություն

Այս տարվա ընթացքում կատարված կադրային մեկ-երկու փոփոխությունները որոշակիորեն ընդգծում են չարատավորված, բարեխիղճ և հասարակության կողմից քիչ թե շատ հարգանք վայելող անհատներով իշխանության դեմքը փոխելու միտումը: Անկասկած, դրանց շարքից էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վաղամեռիկ Գարեգին Ազարյանի փոխարեն ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի այլևս նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի «ընտրությունը»: Վերջինս, չնայած նախկինում իր զբաղեցրած բավականին բարձր պաշտոններին, կարողացել էր զերծ մնալ սկանդալներից, նրա անունը գրեթե երբեք չի կապվել կոռուպցիոն, ինտրիգային որևէ լուրջ միջադեպի հետ, նա ակնհայտորեն դուրս է հայաստանյան` միջինից բարձր պաշտոնյաների ընդհանրական իմիջի և կերպարի համատեքստից, վաստակել է պրոֆեսիոնալ իրավաբանի և պարկեշտ մարդու համարում:

 

ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում նա, թերևս, ամենահարմար թեկնածուն էր նաև այն պատճառով, որ նախկինում այդ կառույցում և ընտրական համակարգում գործունեության փորձառություն ունի, այսինքն՝ շատ լավ պատկերացնում է համակարգը: Այսուհանդերձ, սակայն, փոփոխությունը որոշակի հարցադրումներ է առաջացնում, որոնք ավելի շատ համակարգային բնույթ ունեն: Նախ` եթե այդ պաշտոնում Մուկուչյանի թեկնածությունը նկատի էր առնվում ի սկզբանե, և ընտրական համակարգի դեմքը փոխելու քաղաքականություն էր որդեգրվել, ապա նա այդ պաշտոնը պետք է ստանձներ ոչ թե հիմա՝ Գարեգին Ազարյանի վախճանվելու պատճառով, այլ այն ժամանակ, երբ ձևավորվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատի ու Վճռաբեկ դատարանի նախագահները երկրի ղեկավարին էին ներկայացնում իրենց առաջարկած ԿԸՀ անդամի թեկնածուներին:

 

Խնդիրն այն է, որ որքան էլ պրոֆեսիոնալ լիներ, Ազարյանը մարմնավորում էր ընտրական այն համակարգը և մշակույթը, որը մշտապես լեգիտիմության ճգնաժամի տեղիք էր տվել և որի ուղղակի արդյունքը եղել էր մարտիմեկյան ողբերգությունը: Այս համատեքստում հարց է առաջանում` արդյո՞ք Մուկուչյանի տեղափոխությունը նաև այս քաղաքականության փոփոխություն է ենթադրում: Առայժմ նման պնդում անելու որևէ հիմք չկա: Ընդամենը տպավորություն է ստեղծվում, թե նախագահը պարզապես մի պրոֆեսիոնալին ստիպված, հանգամանքների անկանխատեսելի դասավորության պատճառով, փոխարինում է մյուսով: Այս իմաստով Մուկուչյանի համար իսկապես դժվար է լինելու: Եվ դա ունի երկու պատճառ: Նախ` այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ դրդապատճառներով ու ինչ սկզբունքներից ելնելով նա որոշեց թողնել կարգավիճակով ավելի բարձր Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնն այն դեպքում, երբ պաշտպանված էր օրենքով և ուղղակի անձեռնմխելի էր անգամ նախագահի համար:

 

Նման քայլի գնալն ընդամենը ցույց է տալիս, որ Մուկուչյանն առաջնորդվել է պարզապես նոմենկլատուրայի առաջնայնություններով և այն տարածված մտայնությամբ, որ եթե համակարգն այդպես է նպատակահարմար գտնում, հարմարվելուց բացի, այլ ընտրություն չկա: Իսկ դա մտավախություն է առաջացնում, որ Մուկուչյանը նաև իր նոր պաշտոնում է նույն մտայնությամբ առաջնորդվելու և արդյունքում կրկին գործնականորեն չի պահպանվելու ԿԸՀ-ի` անկախ լինելու սկզբունքը: Իսկ եթե կադրային այս փոփոխության իմաստն այն է, որ Ազարյանին, իր մասնագիտական որակներով, միայն Մուկուչյանը կարող էր փոխարինել, ապա պետք է առնվազն եզրակացնել, որ իշխանությունը պարզապես բախվել է կադրային սովի հետ և առանցքային պոստերում իր հենակետային կադրերին նոր փոխարինողներ չգտնելու պատճառով ապավինում է արդեն իսկ իրացվող կադրային ռեսուրսներին:

 

Եթե այդպես է, ապա հիմա էլ Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնում Մուկուչյանին համարժեք փոխարինող գտնելու խնդիր է առաջանալու: Գուցե ներսից էլի մարդ գտնեն: Բայց դա արդեն կադրային կարուսելի է նմանվելու: Մյուս կողմից՝ Մուկուչյանի տեղափոխությունը հերթական ապացույցն է այն բանի, որ ԿԸՀ-ն իշխանության քաղաքական վերահսկողությունից դուրս չի գալու, որովհետև չնայած դրա ձևավորման խնդիրը դրվեց պետության վրա, բայց կրկին կիրառվեց քաղաքական նախընտրության գործոնը: Իսկ դա ամբողջությամբ խեղաթյուրում է ոչ միայն ընտրական համակարգի անկախության, այլև առհասարակ ընտրական ինստիտուտի իմաստը:

 

Մուկուչյանն իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվեց, այնուհետև Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից, որպես ԿԸՀ անդամի թեկնածու` թափուր մնացած պաշտոնը զբաղեցնելու համար երկրի ղեկավարի նշանակմանը ներկայացվեց հատուկ հանձնաժողովի նախագահի պաշտոնում «ընտրվելու» համար: Պարզ է, որ եթե ԿԸՀ անդամներն իրական, օբյեկտիվ ընտրություն կատարելու լինեին, Մուկուչյանը կամ որևէ այլ մեկը չէր կարող վստահ լինել իր անվերապահ ընտրության մեջ ու դրա համար իր բավականին հարմարավետ պաշտոնը չէր թողնի ու այնպիսի մի խոցելի, գլխացավանքային ոլորտ մտներ, ինչպիսին ընտրական համակարգն է և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այսինքն՝ տեղի է ունեցել ֆիկտիվ, կանխորոշված ընտրություն: Մնում է հուսալ, որ Մուկուչյանի առջև ոչ թե խնդիր է դրվել իր մարդկային ու մասնագիտական որակները ծառայեցնել նոմենկլատուրայի շահերին, այլ ընտրական համակարգն իրապես հանել ներկայիս ճգնաժամից:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ