Միասին կարող ենք
կարևոր
1090 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-04 20:05
Հասարակություն

Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը քննարկումների մեջ է, Կնեսետի վրա մեր դրական ազդեցությունն ենք փորձելու․ Հակոբ Սևան

Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը քննարկումների մեջ է, Կնեսետի վրա մեր դրական ազդեցությունն ենք փորձելու․ Հակոբ Սևան

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ակտիվ քննարկման թեմա է դարձել՝ առաջացնելով ինչպես սպասումներ, այնպես էլ տարբեր հարցեր։ Թեմայի շուրջ զրուցել ենք Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանի հետ։

-Պարոն Սևան, նախ՝ ինչպե՞ս եք գնահատում Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քայլը։

-Անձնապես և Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի կողմից դրական կհամարենք Իսրայելի կառավարության կողմից ընդունված որոշումը, ճանաչումը Հայոց ցեղասպանության, և մենք՝ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբն արդեն հայտարարությամբ ողջունել է այդ քայլը և դրական համարել։ Ինչպես հայտարարության մեջ  կոչ արեցինք, որ այս հսկայական քայլից անմիջապես հետո պետք է կառավարությունը դիմի Կնեսետին՝ Իսրայելի խորհրդարանին, որպեսզի բանաձևով վավերացնի, ընդունի ճանաչումը Հայոց ցեղասպանության։

-Որքանո՞վ է այս քայլը արժեքային՝ հաշվի առնելով Հոլոքոստի հիշողության քաղաքականությունը Իսրայելում։

-Պետք է նկատի ունենալ, որ տասնյակ տարիներով Իսրայելը, որպես հրեա ժողովրդի երկիր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց ողջակիզումը համարում են մարդկային պատմության մեջ ժողովրդի բնաջնջման բացառիկ, եզակի ողբերգություն։  Եվ այս առումով էլ կարծում եմ զգուշավոր են եղել  Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով, այնպես որ իրենց այս որոշումը, որպես ողջակիզված ազգ, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, բավական արժեք է ներկայացնում։ 

-Հատկապես Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբն ի՞նչ դեր է ունեցել այս գործընթացում,  հայկական լոբբին ի՞նչ կարևոր աշխատանքներ է կատարել այս ուղղությամբ։

-Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը բավականին՝ 40 տարվա, եթե ոչ ավելի, աշխատանք ունի այս պայքարի մեջ, 70-ականներին և հատկապես 80-ականներին Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը լծված էր ճանաչման գործընթացին, և վերջին 15 տարվա ընթացքում բավականին  լուրջ աշխատանք ենք կատարել հենց Կնեսետի՝ Իսրայելի խորհրդարանի ներսում․․․ Անցյալ տարի, երբ Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցի ընթացքում ընդունեց Հայոց ցեղասպանությունը, դրական ազդակ ստացանք, որ կարելի է գործը շարունակել․․․  Իսկ 10 օր առաջ երկրի արտգործնախարարի հայտարարությունն արդեն ինքնին լուրջ գործի մղեց մեզ՝ Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբին։ Այդ օրվանից սկսած քննարկումների մեջ ենք, որպեսզի մեր դրական ազդեցությունն ունենանք Կնեսետի վրա։

- Իսկ Իսրայելի կառավարության այս որոշումնի՞նչ նշանակություն ունի հենց Երուսաղեմի հայկական համայնքի համար։

-Իսրայելի կողմից այսպիսի որոշումը կարող է ավելի դրական ազդեցություն ունենալ համայնաքային մակարդակում, օրինակ՝ պետության և մեր համայնքի պատրիարքության միջև համագործակցության վրա։ Ընդհանրապես մեր գաղութը, մեր պատրիարքությունը պաշտոնական հարաբերությունների մեջ է Իսրայելի պետության հետ։ Որպես համայնք, որպես փոքրամասնություն իհարկե խնդիրներ ունենք և հուսով ենք այդ խնդիրներն ինչ-որ տեղ դրական լուծում գտնեն այս ֆոնին։ 

-Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը դեռ պետք է հաստատվի Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի կողմից։  Արդյո՞ք հիմքեր կան հուսալու, որ խորհրդարանը հավանության կարժանացնի։ Թեկուզ  որոշակիորեն Ձեզ հայտնի՞ է ինչպես են տրամադրված Իսրայելի խորհրդարանում ։  

-Իսրայելի կոալիցիոն կառավարությունը մեծամասնություն է խորհրդարանում, և կառավարության ցանկացած միացյալ որոշում չեմ կարծում ձախողվի Կնեսետում քվեարկության ժամանակ։ Այսինքն՝ պետք է նկատի ունենալ, որ ոչ միայն կոալիցիոն կառավարության, այլև ընդդիմադրության մեջ էլ կան կուսակցություններ, որոնք տարիներով նպաստել, աջակցել և քվեարկել են հօգուտ մեզ, որովհետև մեր առաջ քաշած  հարցը համամարդկային է։

-Պարոն Սևան, Իսրայելի կառավարության որոշմանը Հայաստանը պետական մակարդակով չարձագանքեց, նույնիսկ դիվանագիտական վարքականոնին հատուկ ժեստ չարեցին ու շնորհակալություն չհայտնեցին․ սա կարո՞ղ է բացասաբար անդրադառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։ Եթե այո, ապա ի՞նչ հետևանքների կարող ենք բախվել։

-Գիտեք, Հայաստանի կողմից պետական մակարդակով չարձագանքելը աբսուրդ վիճակի մեջ է դրել ամբողջ հայությունը։ Ես հիշում եմ, դեռ Սերժ Սարգսյանի օրոք «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին, երբ Կնեսետի մեջ աշխատանք էինք տանում, ու երբ կառաջարկեցինք ղեկավար դեմքերին Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետի օրակարգ մտցնել, զարմացան, բայց վերջապես կարողացանք համոզել, որ օրակարգ բերեն հարցը։ Այդ ղեկավար անձերից մեկը մի դիպուկ միտք ասաց․ «վայ այն պետությանը, որի ղեկավարությունը կկմկմա իր իրավունքները բարձրաձայնելիս»։  

Այսօր ճիշտ նույն վիճակում ենք․ վայ այն Հայաստանին, որի ղեկավարն այսօր կմկմում է իր իրավունքների, իր զոհերի ձայնը բարձրացնելուց, այսինքն՝ շատ աբսուրդ վիճակի մեջ ենք, շատ ցավալի է․․․  Այսօր նաև տեսնում ենք թե ինչ հայհոյախառն բառապաշար են գործածում Իսրայելի դեմ, որը նույնիսկ անարգանք է ցեղասպանության մեր նահատակների նկատմամբ։

Չեմ կարծում, որ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է պայմանավորված լինել սեփական երկրի շահերով, ինչ-ինչ քաղաքական հաշվարկներով․․․Հուսով եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, որպես Հայ դատի պահանջատիրության մեկ մասնիկը, կշարունակվի տարբեր երկրների կողմից և դրական արդյունքի կհասնենք։

Հարցազրույցը՝ Հերմինե Զեյնալյանի։
Մանրամասն՝ ձայնագրությունում։