|
Փոխարժեքներ
22 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Այսօր աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ միավորելով ջանքերը կենսաբազմազանության պահպանման, բնության կորուստների կանխման և էկոհամակարգերի վերականգնման շուրջ։ Այդ մասին գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Օրվա շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Սևանա լիճ բաց թողեցինք շուրջ 120 հազար հատ Սևանի իշխանի մանրաձուկ՝ որպես լճի կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված հերթական կարևոր քայլ։
Սևանա լիճը Հայաստանի բնապահպանական կարևորագույն խորհրդանիշներից է, իսկ Սևանի իշխանը՝ մեր բնական ժառանգության անբաժանելի մասը։ Մանրաձկների բացթողումը ոչ միայն ձկնային պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառում է, այլև երկարաժամկետ ներդրում է լճի էկոհամակարգի կայունության, կենսաբազմազանության պահպանության և ապագա սերունդների բնապահպանական անվտանգության համար։
Այս տարվա Կենսաբազմազանության միջազգային օրվա ուղերձը՝ Acting locally for global impact («Գործել տեղական մակարդակում՝ հանուն գլոբալ արդյունքի»), առանձնահատուկ խորհրդանշական է նաև մեզ համար։ Սևանա լճում իրականացվող այս ծրագիրը հենց այդ գաղափարի լավագույն արտահայտություններից մեկն է․ տեղական մակարդակում իրականացվող յուրաքանչյուր պատասխանատու քայլ կարող է դառնալ գլոբալ բնապահպանական փոփոխությունների կարևոր բաղադրիչ։
Բնության պահպանությունը սկսվում է կոնկրետ գործողություններից։ Մեր յուրաքանչյուր նախաձեռնություն, ուղղված կենսաբազմազանության վերականգնմանն ու պահպանությանը, ներդրում է համաշխարհային բնապահպանական օրակարգում և ապացույց, որ շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը սահմաններ չի ճանաչում։
Հայաստանը հոկտեմբերին հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, ինչը միջազգային վստահության և մեծ պատասխանատվության կարևոր ցուցիչ է, և մենք նպատակ ունենք COP17-ը դարձնել ոչ միայն քննարկումների, այլև իրական գործողությունների և գործնական արդյունքների հարթակ՝ բնության պահպանության ոլորտում համատեղ և ազդեցիկ լուծումներ ձևավորելու համար»,- նշված է գրառման մեջ։