|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Երվանդի Ծատուրյանը։ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով։
Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է 1945 թ. հունվարի 8-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (ղեկ.՝ Վարդան Աճեմյան)։ Այնուհետև վարպետաց դասեր է ստացել Մոսկվայում՝ ուսանելով Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի և Գեորգի Դանելիայի մոտ։
Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ՝ հանդիսանալով նաև «Մենք են, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսորը։ Որպես ստաժոր՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում աշխատել է նաև Յուլի Ռայզմանի ֆիլմում։
Շուրջ 20 տարի որպես ռեժիսոր աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ բեմադրելով շուրջ 25 ներկայացում, որոնց թվում՝ Վ.Դավթյանի «Ծիրանի ծառ», Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամերը», Ալ. Օստրովսկու «Կատաղի փողեր», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Մ. Շատրովի «Կապույտ նժույգները կարմիր մարգագետնի վրա», Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն։
Նիկոլայ Ծատուրյանը երկար տարիներ դասավանդել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։
Շուրջ 12 տարի՝ 1992-2004 թթ., ղեկավարել է Երևանի «Մետրո» թատրոնը՝ բեմադրելով Ա. Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ», Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ», Մ.Պանյոլի «Տոպազ», Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» ներկայացումները։
1973 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բեմադրություններ է իրականացրել նաև Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու-Յորքում։
Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ՝ բեմադրելով 22 ներկայացում։ Նկարահանվել է «Պատահար» և «Ընկեր Փանջունի» ֆիլմերում (ռեժ. Ա. Մանարյան)։
2004 թվականին նշանակվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2014 թվականից եղել է նույն թատրոնի գեղարվեստական խորհրդատուն։
Նիկոլայ Ծատուրյանն աշխատել է այնպիսի նշանավոր դերասանների հետ, ինչպիսիք են Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզ(Մհեր) Մկրտչյանը, Կարեն Ջանիբեկյանը։
Լավագույն բեմադրություններն են՝ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա», Ֆ. Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը», Ա. Քալանթարյանի «Բումերանգ», Կ. Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Գ. Սունդուկյանի «Փուղի զորութինը», Վ. Կրասնագորովի «Սիրո Casting», Ս.Կոսյանի «Թռիչք», Ու․ Գիբսոնի «Հրաշագործը», Ա. Աղասարյանի «Երեք անունով մի աղջիկ»։