Միասին կարող ենք
կարևոր
1144 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-09 15:31
Հասարակություն

Թող որ երի՛ցս լինեն նզովյալ նրանք, որ, Շուշի՛, հռչակեցին քեզ «դժբախտ ու դժգույն»․ Վարդան Պետրոսյան

Թող որ երի՛ցս լինեն նզովյալ նրանք, որ, Շուշի՛, հռչակեցին քեզ «դժբախտ ու դժգույն»․ Վարդան Պետրոսյան

(հատված «Շուշի» պոեմից)

 

 

Նզովյա՛լ լինեն թող բոլոր նրանք,

որ նախընտրեցին

անպիտան լաթի արժեքից էլ ցած

մորթն իրենց տկար

և քեզ դավեցին,

մեղկ ու մեղսավոր, ոչինչ չարժեցող

գոյությունն իրենց վերապատվեցին,

Շուշի՛,

քո խոցված հպարտությունից:

Թող բոլոր նրանք լինեն նզովյա՛լ ...

 

Նզովյալ լինեն թող բոլոր նրա՛նք,

որ դար ու դարեր

բյո՜ւր-հազարներո՜վ,

որպես հերթափոխ անխուսափելի,

եկան՝ զարկվեցին ժայռե կողերիդ,

մերթ՝ քեզ քծնեցին,

մերթ՝ նզովեցին,

բայց հոգու խորքում խոստովանեցին՝

քո վեհության դեմ ոչինչ են իրենք,

եթե մինչև իսկ քեզ պիտի տիրեն:

Բյո՜ւր-հազարներո՜վ եկան ծունկ իջան

ոտքերիդ առջև, ինչպես ծնկում են,

երբ աղոթում են տաճարի դռանն:

Մերթ՝ խնկարկեցին գեղեցկությունդ,

մերթ՝ շռայլեցին անսակարկ սիրո,

հավատարմության բառեր բռնազբոս,

միայն թե ... բացես դարպասներդ գոց,

միայն թե ... խաբվես երդումներին սին:

Սակայն բառերն այդ բառեր էին լոկ,

որոնք չունեին ո՛չ սիրտ, ո՛չ ոգի,

և չէր կարող դա, ի՛մ չքնաղագեղ,

չզգալ քո հոգին:

 

Թող որ երի՛ցս լինեն նզովյալ

նրանք, որ, Շուշի՛,

հռչակեցին քեզ «դժբախտ ու դժգույն»,

որ քեզ դավեցին քո վերջին ճիգում,

երբ ազատության դրոշն էր ձեռքիդ,

երբ փռված էր քո ոտքերի առջև,

ինչպես որ գորգը՝ վերելքի ճամփին,

վերջին խոյանքը խենթ զավակներիդ,

որ մատաղվեցին առաջին կանչիդ:

Նզովյա՛լ լինեն թող բոլոր նրանք,

թո՛ղ որ երիցս լինեն նզովյալ:

 

Նզովյալ լինեն նաև թող նրա՛նք

(և թող որ լինեն հավե՛տ նզովյալ),

որ պատճառ դարձան, որպեսզի,

Շուշի՛,

առ այսօր միայն մաղթանքի համար

բացված իմ շուրթերն

այսօր նզովեն:

 

Վարդան Պետրոսյան