Միասին կարող ենք
կարևոր
1861 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-12 17:52
Հասարակություն

Նա ապրեց, կրթեց ու լուսավորեց իր իսկ լեռնաշխարհում (Վաչագան Ռստակյանի պայծառ հիշատակին)

Նա ապրեց, կրթեց ու լուսավորեց իր իսկ լեռնաշխարհում (Վաչագան Ռստակյանի պայծառ հիշատակին)

2026 թ. մարտի 31-ին՝ կյանքի 89-րդ տարում, Ախալքալաք քաղաքում երկրային կյանքին հրաժեշտ տվեց ջավախահայ վաստակավոր մանկավարժ, անվանի մտավորական, կյանքի լուսավոր ուղի անցած և իր հայրենի լեռնաշխարհում պայծառ հետք թողած Վաչագան Ռստակյանը: 

Վաղ տարիներ

Վաչագան Սոսի Ռստակյանը ծնվել է 1937 թ. փետրվարի 5-ին՝ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղում՝ երաժիշտ-դուդուկահարի ընտանիքում։ 1944 թ. ընդունվել է գյուղի տարրական դպրոցը և ավարտել 1948 թ.։ Նույն թվականին ընտանիքով եղել է Արևմտյան Վրաստան՝ Մախարաձեի քաղաքամերձ Զվանիի թեյի տնտեսությունում, աշխատել ջրկիր։

1949 թ. վերադարձել է գյուղ, շարունակել ուսումը հարևան Փոքր Սամսար գյուղի 8-ամյա դպրոցում և ավարտել այն 1953 թվականին։ 1951 թ. ընդունվել է ԼԿԵՄ շարքերը, եղել դպրոցի կոմերիտքարտուղարը։ 

Մանկավարժի ուղին

Վաչագան Ռստակյանը 1953-1957 թթ. սովորել և ավարտել է Ախալքալաքի հայկական մանկավարժական ուսումնարանը և անմիջապես ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը (շնորհիվ ուսումնարանում ունեցած եզրափակիչ բարձր գնահատականների՝ նրանից չի պահանջվել ստացիոնարում սովորելու համար պարտադիր միամյա մանկավարժական աշխատանքային ստաժ)։ 

1962 թվականին ավարտել է ինստիտուտի հիշյալ բաժինը միջնակարգ դպրոցի հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցչի որակավորմամբ։ 

Ինչպես ինքն է հաստատել, մանկավարժ դառնալու մտահղացումը նրա մոտ եղել է դեռևս պատանեկան հասակից։ Եվ երբ 1957 թ. ծեծել է Մանկավարժականի դռները, նա արդեն ձևավորված մանկավարժ էր՝ Ախալքալաքի մանկավարժական ուսումնարանն ավարտած մանկավարժ-դասվար։ 

Վերադարձ հայրենի եզերք և աշխատանքային գործունեություն

Կադրերի ընտրության և տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ և Վրացական ՍՍՀ Լուսավորության մինիստրության պահանջով 1962 թ. Վաչագան Ռստակյանը  գործուղվել է Ջավախք և աշխատանքի անցել հայրենի Մեծ Սամսար գյուղի միջնակարգ դպրոցում: Հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցչի գործառույթներին զուգահեռ նա զբաղեցնում էր դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնը։ 

Խոստումնալից մանկավարժը 1966 թ. անցել է ՍՄԿԿ շարքերը։

Մանկավարժի բարեխիղճ, անբասիր աշխատանքը, հասարակական կյանքում դրսևորած ակտիվությունն աննկատ չի մնում. տեղի իշխանությունների երաշխավորմամբ Վ. Ռստակյանը 1974 թ. ստանձնում է Ախալքալաքի շրջանի շրջժողկրթբաժնի տեսչի պաշտոնը, ուր և աշխատում է մինչև 1986 թվականը։ 

1982 թ. Վ. Ռստակյանը հրավիրվում է մասնակցելու Սփյուռքի հայ ուսուցիչների մանկավարժական ընթերցումներին, ուր ելույթ է ունենում «Շրջանի դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասավանդման դրվածքը» թեմայով, ապա մասնակցում այդ կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսին։ 

ՀՍՍՀ Լուսավորության մինիստրությունը, Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտը և «Հայոց լեզուն ու գրականությունը դպրոցում» հանդեսի խմբագրությունը նրա ակտիվ ու արդյունավետ մասնակցությունը նշանավորում են «Ստեղծագործող ուսուցիչ» մեդալով, գովասանագրերով։ 

1986-1989 թթ. Վ. Ռստակյանն աշխատել է նախ Բավրայի միջնակարգ դպրոցի, ապա Ախալքալաքի թիվ 116 պրոֆտեխուսումնարանի տնօրեն։

1988 թվականից նորից աշխատել է Ախալքալաքի շրջանի Ժողկրթբաժնում որպես այդ բաժնին կից գործող մեթոդկաբինետի մեթոդիստ՝ մինչև վերջինիս լիկվիդացումը։ 

Ե՛վ որպես տեսուչ, և՛ որպես հետագայում մեթոդիստ, նա դառնում է շրջանի դպրոցների ղեկավարության և համապատասխան մասնագետների խորհրդատուն ու մտերիմը։ Տևական էր Վ. Ռստակյանի մանկավարժական գործունեությունը ժողկրթբաժնում և վերջինիս կից մեթոդկաբինետում՝ շուրջ երեք տասնամյակ, թեև դրանից հետո էլ նա հեռու չմնաց բաժնից ու նրա ենթակա դպրոցներից։ Երբ նա ղեկավարում էր Բավրայի միջնակարգ դպրոցը և ապա Ախալքալաքի ուսումնարանը, ուսուցիչների պահանջով նա շարունակել է մնալ որպես հայոց լեզվի ու գրականության գլխավոր մասնագետ, մասնակցել ուսուցիչների որակավորման մրցույթին և նվաճել «Գերազանց ուսուցիչ» պատվավոր կոչումը։ 

2004 թվականից շարունակել է աշխատել իր մասնագիտությամբ։ Դասավանդել է Ախալքալաքի թիվ 1 դպրոցում, Դիլիսկայի 8-ամյա և Վաչիանի միջնակարգ դպրոցներում (վերջին երկուսում աշխատանքը համատեղվել է տեսչական աշխատանքի հետ՝ համապատասխան մասնագետ չլինելու պատճառով)։ 

Վաչագան Ռստակյանը Ախալքալաքի շրջանում և նրա սահմաններից դուրս հայտնի մտավորական, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին դասախոս Գր. Քեհյանի ջանքերով հիմնադրված Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում դասախոսել է (հենց հիմնադրված տարվանից) նախ «Վրաստանի պատմություն», ապա «Հայոց պատմություն» ու «Հայոց լեզու» առարկաները: Վ. Ռստակյանը հայոց լեզու և պատմություն է դասավանդել Գյումրիի «Պրոգրես» համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում, կարճ ժամանակով դասախոսել նաև Երևանի Մ. Խորենացու անվան համալսարնի Ախալքալաքի մասնաճյուղում՝ դասավանդելով «Հայոց պատմություն» առարկան։  

Վ. Ռստակյանը չի հանդուրժել Մ. Սահակաշվիլու իշխանության վարած հայահալած քաղաքականությունը։ 2011 թ. ոչ իր կամքով թողել է դասախոսական և Ախալքալաքի թիվ 1 դպրոցում մանկավարժական աշխատանքը՝ աշխատանքի հրավիրվելով 2007 թ. հիմնադրված Ալաքալաքի երիտասարդական կենտրոն: Նշյալ կենտրոնում նա  հայոց պատմության նախապատրաստական խմբավարն էր: 

Վաչագան Ռստկյանի մանկավարժական աշխատանքը գնահատվել է ըստ ամենայնի. 

  1. 1970 թ․ արժանացել է Վ․ Ի․ Լենինի ծննդյան 100-ամյա հոբելյանական մեդալի,
  2. տեսչական և ուսուցչական աշխատանքի ընթացքում ճանաչվել է առաջին կարգի ուսուցիչ (ատեստավորմամբ), ապա՝ հնգամյակի հաղթող, ընտրվել շրջանի հայոց լեզվի և գրականության գլխավոր մասնագետ, 
  3. ուներ հնգամյակի հարվածային ուսուցչի կրծքանշան,  
  4. Հայկական ԽՍՀ կրթության մինիստրության կողմից պարգևատրվել է «Ստեղծագործող ուսուցիչ» մեդալով,  
  5. 2009 թ. հոկտեմբերի 6-ի N 307 հրամանով արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի՝ հայ ինքնության, ազգային լեզվամտածողության և սփյուռքահայ սերնդի հայեցի կրթության ու դաստիարակաության գործում ներդրած նշանակալի ավանդի համար,  
  6. ՀՀ սփյուռքի նախարարության կողմից արժանացել է «Մայրենիի դեսպան» մեդալի, 
  7. արժանացել է բազում գովասանագրերի և շնորհակալագրերի։

Այդուհանդերձ, Վաչագան Ռստակյանն իր ամենամեծ պարգևը համարել է այն մեծ սերն ու համակրանքը, որ վայելել է իր սաների ու ուսանողների շրջապատում։ 

Ընտանիք, հետաքրքրություններ

Վ. Ռստակյանը իր ուսման և մանկավարժական գործունեության տարիները դեռևս վաղ պատանեկության շրջանից զուգորդել է գյուղատնտեսական – շինարարական աշխատանքներով։ Եղել է հոտաղ, հնձվոր, աշխատել է ուսուցչական շինբրիգադում։ 1958 թ.՝ ինստիտուտի երկրորդ կուրսում սովորելիս, կամավոր Ղազախստան (խոպան) է մեկնել համակուրսեցիներ Աշոտ Պոտոսյանի և Հրանտ Մաթևոսյանի (հետագայում հայ նշանավոր արձակագիր) հետ։ Ղազախստանում նա ինստիտուտի ուսանողական խմբի հետ մասնակցել է հացահատիկի բերքահավաքի աշխատանքներին, լավ աշխատանքի համար պարգևատրվել Ղազախական ՍՍՀ ԼԿԵՄ ԿԿ-ի պատվոգրով։ 

Ամուսնացել է 1960 թվականին՝ համագյուղացի և դպրոցի դասվար Ռիմա Աղվանի Զուռնաջյանի հետ։ Վաչագան Ռստակյանը երեք զավակների հայր էր։ Դուստրը՝ Դեղձանիկը, մանկավարժ է, ավագ որդին՝ Դավիթ Ռստակյանը՝ ինժեներ-մաթեմատիկ, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, կրտսերը՝ Հայկը՝ Ղարաբաղյան շարժման մասնակից։  

Վ. Ռստակյանն ուսուցչական աշխատանքին զուգահեռ զբաղվել է մեղվապահությամբ, սիրել է շախմատը, երաժշտությունը, նվագել է ջութակ, որի համար գլուխ է խոնարհել իր ուսուցչի՝ շնորհալի ջութակահար Ալեքսանդր Էլբակյանի հիշատակի առջև։ 

Նվիրյալ մանկավարժն ու անհանգիստ մտավորականը

Վաչագան Ռստակյանն իր գիտամեթոդական հոդվածներով, ակնարկներով ու ծրագրային առաջարկներով հանդես է եկել ինչպես Ախալքալաքի շրջանի տեղական, այնպես էլ Վրաստանի և ՀՀ-ի այլևայլ թերթերում ու հանդեսներում՝ ինչպես դրվատելով մանկավարժի շնորհակալ աշխատանքը, ընթերցող լայն շրջաններին ներկայացնելով կոլեկտիվներին, իրենց աշխատանքում արդարացրած շնորհալի անհատներին, այնպես էլ համարձակորեն բարձրացնելով կրթական ոլորտում առկա բոլոր խնդիրները, որոնք նա խորապես տեսնում էր իր մասնագիտական փորձառության շնորհիվ։ Անգամ խոր ծերության տարիերին Վ. Ռստակյանն ուշի-ուշով հետևում էր իր հայրենի եզերքի ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական ծրագրերին և, իբրև փորձառու մեթոդիստ ու սրտացավ մտավորական, հանդես գալիս ոլորտի բարելավմանն առնչվող ոչ միայն մտահոգություններով, այլ նաև բազմապիսի առաջարկներով: «Դրօշակ» հանդեսում տպագրված հոդվածը՝ «Հայոց մայրենին երեկ և այսօր» վերտառությամբ, նվիրված էր հենց այդ մտահոգություններին:  Վաստակավոր մանկավարժը նախ ներկայացնում է, թե ինչպիսի հետևողականությամբ էր վերահսկվում հայերենի դասավանդման որակը խորհրդային տարիներին, այնուհետև վեր հանում արդի փուլում առկա խնդիրներն ու մտավորականի իր բարձրությունից մատնանշում լուծման իր տարբերակները: 

Կյանքի պատկառելի տարիքում էլ Վաչագան Ռստակյանը չդադարեց ծառայել իր սիրելի կրթական գործին. ութսուննանց տարիքում նա շարունակում էր աշխատել  Ախալքալաքի նշանավոր դեմքերի մեկի՝ Համո Օհանջանյանի անունը կրող կրթամշակութային կենտրոնում: Նշված հաստատության խմբերին դասավանդելով հայոց պատմություն՝ նա իր սաներին պատգամում էր քաջատեղյակ լինել իր ժողովրդի պատմությանը, արժանի դասեր քաղել նրանից, ինչպես և հավատարիմ մնալ հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու ավանդույթներին: 

Վերջաբան

Հայրենի Ջավախքը ծնունդ է տվել բազում հայտնի մարդկանց: Նրանցից շատերն իրենց գործունեությամբ, մասնագիտական նվաճումներով հասել են անասելի բարձունքների՝ բարձր պահելով նաև իրենց ծննդավայրի անունը: Այդուհանդերձ, հաղթանակել են նրանք, ովքեր չեն հեռացել ծննդավայր-հայրենիքից և ամուր կառչել այն հողին, որը սկիզբ է դրել իրենց: Հենց նրանք են, որ ապահովել են ջավախահայության թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեմտավոր շարունակականությունը հայրենի հողի վրա: Վաչագան Ռստակյանը հենց այդ երախտավորներից է, ով ոչ միայն ծնվեց ու հասակ առավ, այլև ապրեց, գործեց, պայքարեց, կրթեց ու լուսավորեց իր իսկ լեռնաշխարհում և հավերժացավ նրա գրկում՝ հաղթանակա՛ծ: 

Վաչագան Ռստակյանը միացավ իր սիրելի Ջավախքում հանգչող մյուս մեծերին և  այդ պատվավոր պանթեոնից կշարունակի հսկել ապրողներին: Նա կրկին կշարունակի կրթել սերունդներին, իսկ ուսուցիչներին ու իր հայրենակիցներին կփոխանցի արժեքավոր խորհուրդներ արդեն իր հոդվածներով ու ակնարկներով, պատգամած արժեքներով ու բարի հիշողություններով: Նրա անունը ևս ոսկե տառերով կդաջվի պատմության անդաստաններում, իսկ նա իր թողած պատկառելի ժառանգությամբ կդասվի կրթության երախտավորների շարքին: 

Հարգանք և խոնարհում նրա պայծառ հիշատակին: 

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: 

 

Վահե Սարգսյան