կարևոր
979 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-26 15:46
Իրավական

Տեր Գարեգինի փաստաբանները միջնորդեցին հնարավորություն տալ նրան մասնակցելու պատարագներին

Տեր Գարեգինի փաստաբանները միջնորդեցին հնարավորություն տալ նրան մասնակցելու պատարագներին

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը միջնորդեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը` տնային կանալքը, երկարաձգել ևս 3 ամսով։

Փաստաբանները հիշեցրին, որ Արագածոտնի թեմի դիվանապետը նախկինում երբևէ դատված չի եղել, ունի կայուն ընտանեկան և սոցիալական կապեր, իսկ նախաքննության ընթացքում դրսևորել է բացառապես օրինապահ վարքագիծ։ Այս ամենը, ըստ պաշտպանների, խոսում է այն մասին, որ խափանման միջոցը պետք է վերանայվի։

Առաջարկեցին տնային կալանքի փոխարեն կիրառել վարչական հսկողություն և հնարավորություն տալ քահանային կատարել կրոնական ծեսեր ու մասնակցել դրանց։ Եթե, այնուամենայնիվ, դատարանը երկարաձգի տնային կալանքը, ապա փաստաբանը խնդրում է գոնե հնարավորություն տալ Արսենյանին ամեն կիրակի ժամը 10:00-ից 14:00-ն բացակայել մշտական բնակության վայրից՝ պատարագներին մասնակցելու համար։

Ինքը` տեր Գարեգինը խնդրեց դատավորին հնարավորություն տալ իր եղբորն ու քրոջն այցելել իր հետ բնակվող ծնողներին։ Տնային կալանքի ռեժիմի պատճառով նշված հարազատներն իրավունք չունեն այցելել Արսենյանին, և հետևաբար՝ նաև նրա հետ բնակվող ծնողներին։