Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել քրեական գործը և դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։
Ինչպես նշեց պաշտպան Արամ Օրբելյանը, դատարանի վարույթում է գտնվում մի քրեական գործ, որի շրջանակում Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 01․08․2003 թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով, որն այս տարվա հուլիսի 1-ից այլևս ուժը կորցրել է։ Այսպիսով, Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած հոդվածներն իրավական ուժ չունեն և դադարել են գոյություն ունենալ, իսկ մեղադրանքի բացակայության պայմաններում քրեական գործը ենթակա է կարճման։ Արարքը ապաքրեականացնող և անձի վիճակը բարելավող օրենքն ունի հետադարձ ուժ և կիրառվում է նախկին հարաբերությունների վրա։
«Երբ քրեական օրենքը ճանաչվում է ուժը կորցրած, նշված դեպքի նկատմամբ ոչ թե պետք է կիրառել քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածը, այլ 9-րդ հոդվածը, համաձայն որի, ուժը կորցնելու հանգամանքին տրվում է հետադարձ ուժ և նախատեսվում է, որ օրենքը ուժը կորցրել է սկզբից։ Առկա պայմաններում քրեական գործը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման», - ընդգծեց Օրբելյանը։
Մեղադրող կողմի կարծիքով՝ նոր օրենքը կիրառելու հիմքեր չկան, որովհետև հանցանքի ապաքրեականացում տեղի չի ունեցել, և առաջադրված մեղադրանքը շարունակում է ուժի մեջ մնալ։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությանն անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ սույն գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելիս։