կարևոր
994 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-15 23:53
Քաղաքական

Համարժեք փոխանակու՞մ, թե՞ փաշինյանական դիվանագիտության լիակատար ձախողում. քաղաքագետը` գերիների փոխանակման մասին

Համարժեք փոխանակու՞մ, թե՞ փաշինյանական դիվանագիտության լիակատար ձախողում. քաղաքագետը` գերիների փոխանակման մասին

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է. 

«Որքան էլ Փաշինյանը փորձի ժխտել, փաստ է՝ որ 4 հայ գերյալներին Բաքուն և Անկարան փոխանակել են Հայաստանում բանտարկված 2 ծագումով սիրիացի թուրքական գործակալների և ահաբեկիչների վրա։

Արդյո՞ք սա համարժեք փոխանակում կարելի է համարել, եթե հարցը դիտարկենք պետական և ազգային ընդհանուր շահերի տեսանկյունից։

Շատ չեմ ուզում ծանրանալ, բայց անգամ պաղեստինական զինյալ խմբավորումները, որոնք միջազգայնորեն ճանաչված պետություն չեն ներկայացնում, նման փոխանակումներում արձանագրել են անհամեմատ ավելի արդյունավետ դիվանագիտական արդյունքներ։

Այսպես՝ 2025 թ. հունվար–փետրվարին տեղի ունեցած փոխանակումների ժամանակ Իսրայելը ազատ արձակեց մոտ 1135 պաղեստինցի, փոխարենը ստանալով 19 իսրայելցի պատանդ և 5 Թաիլանդի քաղաքացի (տարբեր փուլերով)։

2025 թ. հոկտեմբերին տեղի ունեցած խոշոր փոխանակման ժամանակ ՀԱՄԱՍ-ը ազատ արձակեց շուրջ 20 կենդանի իսրայելցի պատանդների՝ դիմացը ստանալով մոտ 1900–2000 պաղեստինցի կալանավորների և բանտարկյալների։ Նրանցից մոտ 250-ը համարվում էին զինյալներ կամ մեղադրվում էին ծանր հանցագործությունների մեջ, իսկ մնացածը հիմնականում պատերազմական գործողությունների ընթացքում ձերբակալված անձինք էին։

2025 թ. փետրվարին արձանագրվել է նաև մեկ ուրիշ փոխանակում, որի ընթացքում մոտ 596 պաղեստինցի ազատ արձակվեցին իսրայելցի պատանդների մարմինների կամ աճյունների դիմաց։

Հիմա կարող եք ավելի առարկայորեն դատել փաշինյանական դիվանագիտության արդյունավետության մասին՝ հատկապես այն փաստի ֆոնին, որ նույնիսկ ոչ պետական դերակատարները կոշտ բանակցություններով կարողանում են իրենց մարդկանց և կողմնակիցների համար անհամեմատ ավելի շահավետ արդյունքներ ապահովել, մինչդեռ Հայաստանի իշխանությունները նույն հարցում հանդես են գալիս թույլ, անսկզբունքային և ստորադաս դիրքերից։

Իսկ եթե հարցը դիտարկենք 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի և իբր «բարեհաջող ընթացող» այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակներում, ապա 4 հայ պատանդների՝ 2 ահաբեկչի դիմաց փոխանակումը փաշինյանական դիվանագիտության լիակատար ձախողում է՝ պետական արժանապատվության և բանակցային ինքնիշխանության կորստի բացահայտ և աղաղակող ցուցիչ»։