կարևոր
1402 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-22 13:58
Քաղաքական

Քաղաքական կուսակրոնության ուխտը` ժողովրդին կամավոր տված երդումը Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունն են խախտել․ Վահե Գրիգորյան

Քաղաքական կուսակրոնության ուխտը` ժողովրդին կամավոր տված երդումը Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունն են խախտել․ Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հրաժարական հրաժարականից հետո.

Ներկայիս իշխանությունն ընտրվել է 2021թ նախընտրական ծրագրով, կառավարություն կազմել` 2021թ․ կառավարության ծրագրով։

Այս երկու ծրագրերն էլ գրել է հենց իշխող քաղաքական ուժը.

Այս երկու ծրագրերում էլ իշխող ուժը սևով սպիտակի վրա գրել է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման անհրաժեշտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության մասին։

Ավելին. ՔՊ նախընտրական ծրագրում գրված է նաև, որ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Նախընտրական ծրագիրն ու դրա հիման վրա գրված կառավարության ծրագիրը քաղաքական ուժի «կուսակրոնության ուխտն» են, քանի որ այդ ծրագրով կառավարությունն իր իսկ կամքով փաստորեն երդվում է կատարել այն, երդվում է ժողովրդի առջև և դրա դիմաց ժողովրդից ստանում է քվե։

Սակայն այս երկու ծրագրերն գրելուց ու հաստատելուց, սրանց շնորհիվ վերընտրվելուց հետո Կառավարությունը արդեն մեկ տարի անց` 2022 հոկտեմբերի 6-ին ուխտադրժաբար, ի հակադրումն իրեն վարչապետ դարձած կուսակցական և կառավարական ծրագրերի, խախտելով ժողովրդին տրված քաղաքական երդումը, ճանաչում է Արցախը ադրբեջանի մաս։

Այսինքն, իշխող ուժը իր իսկ ծրագրով և իր իսկ ձևավորած կառավարության ծրագրով ժողովրդի հետ ուխտ էր արել, ժողովրդին երդվել էր կատարել այն, սակայն, փաստորեն, դրժել է այդ երդումը։

Փաստորեն, քաղաքական կուսակրոնության ուխտը` ժողովրդին կամավոր տված երդումը Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունն են խախտել, հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը պահանջում է կուսակրոնության պահանջը ենթադրաբար խախտած որևէ հոգևորականի հրաժարական, ապա ինքը դա պետք է պահանջի բացառապես իր իսկ հրաժարականից հետո` որպես իր կողմից տրված կամավոր երդումի նկատմամբ ուխտադրուժ գործունեության համար վրա հասած հետևանք։

Հակառակի պարագայում ստացվում է, որ փաստացի ուխադրուժը, ով չի տալիս հրաժարական, պահանջում է ենթադրյալ ուխտադրուժի հրաժարականը։

Элементарно, Ватсон!»: