կարևոր
2194 դիտում, 1 օր առաջ - 2025-06-05 15:52
Տնտեսական

Զրո պատասխանատվություն, 100 տոկոսանոց անպատասխանատվություն ու անսահման պոպուլիզմ․ Թադևոս Ավետիսյան

Զրո պատասխանատվություն, 100 տոկոսանոց անպատասխանատվություն ու անսահման պոպուլիզմ․ Թադևոս Ավետիսյան

«Հրապարակ»-ը գրում է․ «2024 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր թիվը՝ 782 հազար 832, ինչը նոր ռեկորդ է»։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Ըստ նրա, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսության մեջ ստեղծվել է 242 հազար 119 նոր աշխատատեղ, որոնք բոլորն էլ ապահովված են աշխատավարձով։ Փաշինյանն ընդգծել է, որ շատ հաճախ լինում է վիճակագրությունների հետ կապված հոռետեսություն, բայց իր ներկայացրած վիճակագրությունն ավելի քան վստահելի է:

«2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173 հազար 996 դրամ, 2025 թվականի ապրիլին՝ 304 հազար 992 դրամ, միջին աշխատավարձի աճը կազմել է 130 հազար դրամ կամ 70%։ Նույն ժամանակահատվածում կուտակային գնաճը կազմել է 25 տոկոս, ու սա թերեւս մեզ կարող է օգնել պատասխանել հարցին՝ մարդիկ այսօր ավելի՞ լավ են ապրում, թե՞ 2018-ին էին ապրում: Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով»,- ասել է նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի կարծիքով, ակնհայտ է, որ իշխանությունը խիստ ընտրողաբար է տարբեր վիճակագրական ցուցանիշներ ներկայացնում։ «Փորձում են սրանով կառուցել այն միֆը, որ իբր թե ՀՀ քաղաքացիները լավ են ապրում, բայց լավ ապրելը շատ հայեցողական հասկացություն է։ «Լավը» նշանակում է սոցիալապես ապահով, ավելի անվտանգ եւ կյանքի որակի իմաստով որոշակի գրանցող առաջընթացով։ Ինչ է՝ հիմա ավելի անվտա՞նգ են ապրում, իհարկե՝ ոչ, ավելի որոշակի՞ է կյանքը՝ ոչ, որովհետեւ անորոշությունները հանրային կյանքի բոլոր ոլորտներում են, սկսած անվտանգությունից մինչեւ տրանսպորտային, կենցաղային ցանկացած խնդիր։ Նույնիսկ հորդառատ անձրեւի դեպքում Երեւանի բնակիչներն իրենց հոգսաշատության մեջ նոր ռիսկեր պետք է հաղթահարեն։ Իսկ Խոզնավարի բնակիչները լա՞վ են ապրում, ես եղել ու խոսել եմ այդ մարդկանց հետ, թող գնան ու հաշվեն, թե քանի խոշոր եղջերավոր անասուն էին պահում ու քանի հեկտար հող էին մշակում եւ հիմա ինչքան են մշակում ու պահում։ Թող հարցնեն, թե սահմանամերձ բնակավայրում վերջին անգամ հարսանիք երբ է եղել։

Սրանք են իրական ցուցանիշները, ոչ թե այդ ուռճացված նկարչությունը, որը թելադրված նկարում են ու հետո էլ իրենք հնչեցնում։ Հիմա եթե թոշակառուները, անապահովները լավ են ապրում, բա այդ ո՞նց է, որ 2018-ի համեմատ գյուղական բնակավայրերում ծայրահեղ աղքատությունը, որ խոստացել էին վերացնել, աճել է, չէ՞ որ աղքատության միջին մակարդակը խոստացել էին կրկնակի կրճատել, բայց չի կրճատվել։ Սրանք հավաքական ցուցանիշներ են։ Կամ՝ թող վերցնեն համեմատեն, թե իրենց օրոք միջին կենսաթոշա՞կն է ավելի արագ աճել, թե՞ գները։ Կամ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժե՞քն է ավելի արագ աճել, թե՞ անապահովության նպաստը կամ նվազագույն կենսաթոշակն ու աշխատավարձը»,- նշում է տնտեսագետը։

Թադեւոս Ավետիսյանը անդրադառնում է աշխատատեղերի՝ Փաշինյանի ներկայացրած ռեկորդային ցուցանիշներին․ «Բազմիցս եմ ասել, որ ներկայացվող վիճակագրության մեջ մի հսկայական մասը ստվերային աշխատատեղերն են, իհարկե՝ դրական է, որ դրանք ստվերից եկել են օրինական դաշտ, բայց դրանք նոր աշխատատեղեր չեն։ 2-րդ․ աշխատատեղերի ավելացման մասով ներկայացված թվերն առավելապես վերաբերում են ժամանակավոր աշխատատեղերին՝ հանգստի, սննդի ոլորտում եւ այլն, այդ աճն էլ առավելապես պայմանավորված է արտաքին գործոնով»։

Թ․ Ավետիսյանը նկատում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ստեղծեց մի իրավիճակ, երբ ՀՀ տնտեսությունը, արտաքին այդ գործոնով պայմանավորված, դրական աճի կարճաժամկետ մեծ հնարավորություն ունեցավ․ «Դա արտահայտվեց ՌԴ քաղաքացիների ներհոսքով, դրամական տրանսֆերտների ավելացմամբ, այսինքն՝ դա ներքին պահանջարկ էր, որն ավելացավ, իսկ այդ ներքին պահանջարկն առաջ բերեց նոր հնարավորություններ, եւ որոշ տնտեսվարողներ օգտվեցին դրանից, ինչն արտահայտվեց նաեւ աշխատատեղերով»։

Ակնհայտորեն, նույն գնաճով պայմանավորված, ՌԴ շատ քաղաքացիներ չմնացին Հայաստանում․ «Այո, որովհետեւ անիվը հետ է պտտվել, մինչդեռ այդ ժամանակ ասվում էր, որ այդ միջոցները պետք է կապիտալացվեն, դառնան իրական աճի ներուժ, որ երկարաժամկետ բնույթ ունենան, չարվեց, եւ դրա համար այս տարվա 1-ին եռամսյակում մոտ 5 տոկոսի տնտեսական աճի ցուցանիշ է արձանագրվել՝ նախորդ 2 տարիների միջինի համարյա կեսը, եւ գնալով ունենք 2 կարեւոր բացասական միտում, մեկը՝ տնտեսական ակտիվության աճը թուլանում է, իսկ գնաճը՝ զուգահեռաբար բարձրանում։ Միայն ապրիլին 5 տոկոս սննդամթերքի միջին գնաճ ենք ունեցել՝ տարվա սկզբի համեմատ։ Իսկ այս ընթացքում ո՛չ անապահովության նպաստ է բարձրացել, ո՛չ կենսաթոշակ, ո՛չ էլ նվազագույն աշխատավարձ, այսինքն՝ գնաճը խժռում է մարդկանց, առավել եւս՝ անապահով աշխատող աղքատների եւ աղքատների առանց այն էլ ցածր եկամուտները։ Մինչդեռ խոստացել էին, որ միջին կենսաթոշակը պետք է հասցնեն նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին՝ մինչեւ 2026-ը։ Հիմա 2025-ն ենք, եւ 75 հազարից ավելի է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, իսկ իրենց նկարած թվերով միջին կենսաթոշակը չի հասնում 50 հազարի, այսինքն՝ 50 տոկոս տարբերություն կա, հիմա ո՞վ կարող է պնդել, որ մեկ տարվա մեջ 50 տոկոս կենսաթոշակ կբարձրացնեն։ Վստահաբար, չեն անելու եւ բերելու են պատճառներ, որն այսօր արդեն ակնհայտ է։ Թող իրենց տված խոստումները կատարեն, ոչ թե թիթեռ նկարեն եւ փորձեն մարդկանց խաբել»։

Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ բարձր աշխատավարձ 80-90 տոկոսով հիմնականում ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել, ցածր աշխատավարձ 80-90 տոկոսով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն: Բացի այդ, նա պարբերաբար հայտարարում է, որ եթե ուզում եք շատ վաստակել, պետք է շատ աշխատել, եւ աղքատությունն էլ մեր ուղեղում է, ոչ թե գրպաններում։ Վարչապետի այս ուղերձներն ո՞ւմ են ուղղված։

«Այն, ինչ ասում են, ինձ հիշեցնում է վայրի կապիտալիզմը, այդ կարգով ապրում են ջունգլիներում, երբ ուժեղն ուտում է թույլին, մինչդեռ մեր սահմանադրության առաջին հոդվածը հենց նրա մասին է, որ մեր պետությունը սոցիալական ուղղվածություն ունի, ուրեմն արդար բաշխում պիտի լինի, եւ պետությունը դրական գործառույթ պետք է իրականացնի, այսինքն՝ ցանկացած մեկն ինչքան էլ ունենա լավ կրթություն, լինի մրցունակ, կան դեպքեր, որ կոչվում են կյանքի դժվարին իրավիճակներ, երբ մարդը հայտնվում է խոցելի վիճակում, եւ այդ պարագայում պետությունն իր դերակատարումը պետք է ունենա։ Հետո, ինչ է՝ հիմա մեղավոր են դարձել արդեն քաղաքացինե՞րը, որ հայտնվում են կյանքի դժվարին իրավիճակում։ Դժվար իրավիճակում սկանդինավյան երկրներում էլ են հայտնվում, որ ամենաբարձր սոցիալական ու տնտեսական կայունության մակարդակն ունի, բայց այնտեղ բազմաթիվ քաղաքացիներ դառնում են գործազուրկ, հիվանդանում են, եւ այստեղ է, որ պետք է իրականացվի պետության դրական գործառույթը սոցիալական տարբեր ծրագրերով։

Հիմա որ իրենց հարցնես, հարյուրավոր ծրագրեր կասեն՝ գյուղատնտեսությունից մինչեւ կրթական ու սոցիալական, բայց դրանց արդյունքն ի՞նչ է։ Դրանք անում են, մի քանիսը տապալվում է, մի քանի հոգու ձերբակալում են կամ 1-2 հոգու վրա քրեական գործ են հարուցում, իսկ իրականում՝ պետական բյուջեի միջոցներն են մսխում եւ անընդհատ խոսում են, որ դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցում, որ կրթվեք ու լավ ապրեք։ Լավ, ՀՀ քաղաքացու վրա դրեցիր այդ պարտավորությունը, բա դու ի՞նչ ես անում՝ որպես պետություն, երբ անվտանգություն չես ապահովում, անորոշություններն օր-օրի աճում են, երբ հանրային կյանքի պառակտումը հասել է գագաթնակետին, այսպիսի մթնոլորտում ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը։

Սա ինձ հիշեցնում է հենց իրենց առաջնորդության բանաձեւը՝ 0 պատասխանատվություն եւ 100 տոկոսանոց անպատասխանատվություն, ու որպեսզի սա կոծկեն՝ անսահման պոպուլիզմ։ Եվ օր-օրի աղքատացող մարդուն ամեն անգամ բացատրում են, թե ինքն ինչքան լավ է ապրում, եւ ամեն օր կրակի թիրախ դարձող գյուղացուն ասում են, որ այսպիսի անվտանգություն երբեք չենք ունեցել։ Սա է իրողությունը։ Իսկ այն, ինչ ասում են, հայ մարդու համար ոչ միայն վիրավորական է, այլեւ կոնցեպտուալ սխալ գաղափարախոսություն է, երբ մի ամբողջ ժողովրդի մեղադրում ես, որ աղքատությունն իր գլխի մեջ է։ Ու սա՝ այն դեպքում, որ ժողովրդի 1/3-ն աղքատության մեջ է, իսկ չափավոր աղքատ է մեր բնակչության գրեթե 60 տոկոսը»,- եզրափակում է տնտեսագետը։