կարևոր
1705 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-20 18:23
Աշխարհ

Իրականում ո՞վ է վերահսկում Ադրբեջանին. բացառիկ անդրադարձ՝ Իրանից

Իրականում ո՞վ է վերահսկում Ադրբեջանին. բացառիկ անդրադարձ՝ Իրանից

Թեև Բրիտանիայի ներկայությունը Ադրբեջանի Հանրապետության տեղեկատվական տարածքում սահմանափակ է թվում, Այսրկովկասի զարգացումներին ծանոթ փորձագետները կարծում են, որ երկիրը առանցքային դեր է խաղում տարածաշրջանի աշխարհաքաղաքական նախագծերում։ Ադրբեջանի անկախությունից հետո տասնամյակների ընթացքում պարզ դարձավ, որ Բրիտանիան նշանակալի դեր է խաղացել հանրապետությունում քաղաքական իրադարձությունների վրա ազդելու գործում։

Նույնիսկ Ալիևների ընտանիքի իշխանության գալը` Իրանի և Ռուսաստանի անուղղակի համագործակցությամբ, դիտվում է որպես անգլո-սաքսոնական նախագծի մի մաս: Բացի այդ, Մեծ Բրիտանիան մեծ վերահսկողություն ունի Ադրբեջանի առանցքային նավթագազային հատվածի վրա, և այդ ռազմավարական դերը երկրի դիրքերն ավելի ակնառու է դարձրել տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներում:

Ռուսական հետախուզական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն՝ Անգլիան համարվում է երկրի թիվ մեկ թշնամին։ Ռուս պաշտոնյաները լավ գիտեն, թե իրականում ով է վերահսկում Ադրբեջանի Հանրապետությունը։ Մյուս կողմից, Թուրքիան հայտնի է որպես բրիտանական «Մեծ Թուրան» նախագծի գլխավոր շարժիչ և իրականացնող. այս նախագիծը ներառում է թյուրքական պետությունների կազմակերպությունը և հարակից այլ նախաձեռնություններ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես վերջերս նշանակալից այց է կատարել Չինաստան։ Որոշ ռուս վերլուծաբաններ կարծում են, որ անգլո-սաքսոնները հաստատվում են Չինաստանում՝ որպես համաշխարհային կառավարման ապագա կենտրոններից մեկը։ Այդ իսկ պատճառով «Գոտի և ճանապարհ» նախագիծը, որը տարածվում է Չինաստանից մինչև Եվրոպա, գտնվում է բրիտանական կուլիսային գործակալների հսկողության և վերահսկողության ներքո:

  1. Ռազմական, դիվանագիտական ​​շարժումներ

Անցյալ մարտին տեղեկություններ հայտնվեցին, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Բաքվում նոր ռազմական կցորդ է նշանակել: Այս գործողությունը դիտվում է որպես ևս մեկ քայլ՝ ուղղված թյուրքական պետությունների կազմակերպության նախագծի ամրապնդմանը և իրականացմանը: Լեյտենանտ հրամանատար Գևին Թարբարդը, ով տեղակայվել է Ադրբեջանում, իրադարձությունը բնութագրել է որպես «պատմական քայլ՝ ուղղված պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդմանը»:   

Նախկինում Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի պարտականությունները կատարում էր Վրաստանում գտնվող դիվանագետը: Սակայն այժմ այդ զինվորականը կարող է ուղղակիորեն համագործակցել Ադրբեջանի անվտանգության և ռազմական ուժերի հետ և օգնել արագացնել խնդիրների լուծման գործընթացը։

Հարկ է նշել, որ այս նշանակումը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հեքմաթ Հաջիևի՝ Լոնդոն այցելելուց և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Վերնոն Քոքերի հետ հանդիպելուց անմիջապես հետո։ Սակայն հանդիպման մասին մանրամասները մնում են անորոշ։

  1. Ռազմավարական նպատակները և «Մեծ Թուրան» նախագիծը

Ադրբեջանը հայտնի է որպես Բրիտանիայի՝ «Մեծ Թուրանի» ռազմավարական նպատակին հասնելու ճանապարհին գտնվող առանցքային երկիր։ Չնայած ադրբեջանական ռեժիմի բռնապետական ​​բնույթի քննադատությանը, Բրիտանիան զգալի քաղաքական աջակցություն է ցուցաբերում այդ երկրին:  

Օրինակ՝ նոյեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մեկնեց Բաքու՝ մասնակցելու COP29 համաժողովին, որից որոշ երկրներ խուսափել են Ղարաբաղի ցեղասպանության հետ կապված խնդիրների պատճառով։

Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով՝ Անգլիան այն արևմտյան երկրներից է, որն իր ուրույն տեղն ունի Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման և արդյունավետ համագործակցության գործում։ Այս սերտ հարաբերությունները արդյունք են Լոնդոնի կողմից Հայաստանին աջակցող քարոզչությունից խուսափելու և Ֆրանսիայի ու  Եվրախորհրդարանի կողմից երկրին աջակցող հայտարարությունների մերժման։ Բացի այդ, վերլուծաբանները նաև մատնանշել են Մեծ Բրիտանիայի առանցքային դերը «ռուսական ապատեղեկատվության» դեմ պայքարում օգնելու գործում։

Այս բոլոր միջոցառումները մտնում են Բրիտանիայի ռազմավարական նպատակների շրջանակում. նպատակ, որում նախատեսվում է «Մեծ Թուրան» նախագիծը՝ կենտրոնանալով Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման վրա։ Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի կամ Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամության պնդումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական խաղ Բաքվի կողմից, որն արագորեն կորցնում է իր արդիականությունը, երբ փոխվում են աշխարհաքաղաքական պայմանները:

Չնայած տնտեսական ճգնաժամերին՝ Մեծ Բրիտանիան շարունակում է ընդլայնել իր գլոբալ նախագծերը։ Այդ կապակցությամբ անցյալ տարվա սկզբին լուրեր տարածվեցին Ադրբեջանի ՊՆ մարդկային ռեսուրսների վարչության պետ, բրիգադային գեներալ Էլչին Խալիլովի պաշտոնանկության մասին։ Այս փոփոխությունից հետո նրա իրավահաջորդ նշանակվեց գնդապետ Ազար Հեյբաթլին, ով նախկինում զբաղեցնում էր Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի ռազմական կցորդի պաշտոնը։

  1. Համագործակցություն ռազմական պատրաստության ոլորտում

Չնայած Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական ուսուցման համագործակցության մասին սահմանափակ հրապարակային տեղեկատվությանը, Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը 2021 թ. գարնանը հայտարարեց, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունները կանոնավոր խորհրդակցությունների մեջ են: Այս համագործակցության նշանավոր կողմերից է ադրբեջանցի սպաների վերապատրաստումը Մեծ Բրիտանիայի բարձրակարգ համալսարաններում, ինչը առանձնահատուկ նշանակություն ունի։

  1. Մշակութային և լեզվական փոխազդեցությունները դիվանագիտական ​​ոլորտում

Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օրխան Սուլթանովը մինչ այդ պաշտոնը ստանձնելը աշխատել է որպես Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան հումանիտար հարցերի բաժնի առաջին քարտուղար։ Հետաքրքիր է, որ արտաքին հետախուզության ծառայության շենքում ներքին հաղորդակցությունն իրականացվում է անգլերենով, ինչը ցույց է տալիս անգլերենի մեծ դերն այս հաստատությունում:

Բացի այդ, զգալի թվով ադրբեջանցի նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ ավարտել են Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարանները, և նրանց միջազգային կրթությունը զգալի ազդեցություն է ունեցել երկրի կառավարման լանդշաֆտի վրա:

  1. Ակադեմիական, կառավարչական հաջողության օրինակներ

Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆերիդ Տարաբօղլու Ախմեդովը 2003 թ. ստացել է Չիվնինգի կրթաթոշակ և ստացել Անգլիայի Էսեքսի համալսարանի մարդու իրավունքների մագիստրոսի կոչում։ Նա նաև իր իրավունքի դոկտորի կոչում է ստացել Օքսֆորդի համալսարանից 2016 թվականին։

Բրիտանական թագավորական ընտանիքի հետ սերտ կապեր ունի նաև Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Էլչին Գուլիևը։ Նա գրեթե ամեն տարի հանդիպում է թագավորական ընտանիքի անդամների հետ։ Անցյալ տարի նա Վինձորի թագավորական ձիերի շոուի ժամանակ հանդիպել է Չարլզ III-ի (Անգլիայի թագավոր) հետ և նրա հետ դիտել ղարաբաղյան ձիերի ներկայացումը:

Նախկինում Էլչին Քուլիևը հանդիպել է նաև Անգլիայի թագուհու հետ և կատարել է Իլհամ Ալիևի և Մեծ Բրիտանիայի թագավորական արքունիքի կապի դերը։

Պետական ​​միգրացիոն ծառայության ղեկավար Վեսալ Հուսեյնովը, արտերկրում կրթություն ստացած մեկ այլ նշանավոր գործիչ, մասնակցել է ղեկավարության և կառավարման ծրագրերին Էդինբուրգ և Լոնդոն քաղաքներում։ Այնուհետեւ նա հաճախել է Ջոն Քենեդու անվան հանրային դպրոցը: Նա ընդունվել է Հարվարդի համալսարան և ստացել հանրային կառավարման մագիստրոսի կոչում 2011 թվականին։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում բարձր մակարդակի ղեկավարության և պետական  պաշտոնների նշանակված մարդիկ հաճախ ավարտում են միջազգային հեղինակավոր համալսարաններն ու հաստատությունները Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում կամ Թուրքիայում: Օրինակ՝ Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռոշան Նաջաֆը սովորել է Կոլումբիայի համալսարանում և մասնագիտացել է տնտեսական քաղաքականության կառավարման և միջազգային էներգետիկ քաղաքականության մեջ։

Նա անցյալ տարի հանդիպել է նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ։ Նման միտումը արտացոլում է միջազգային կրթության կարևոր դերը երկրի բարձրագույն ղեկավարության ձևավորման գործում:

  1. Անգլերենի մշակութային և կազմակերպչական ազդեցությունը

Pasha Holding Company-ում և ադրբեջանական այլ խոշոր հոլդինգներում գերիշխում է անգլիական աշխատանքային համակարգը և բոլոր վարչական նամակագրությունները կատարվում են անգլերենով։ Այս մոտեցումն արդյունավետ է եղել ոչ միայն գործադիր կառավարման, այլ նաև միջազգային հարաբերությունների ամրապնդման գործում։

Բացի այդ, Ադրբեջանում գործում են անգլիական դպրոցներ և քոլեջներ, հատկապես այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Օքսֆորդը և Քեմբրիջը, որոնք կարևոր դեր են խաղում երկրի նոր սերնդի էլիտաների կրթման գործում:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրը 2024 թ. այցելել է Ադրբեջան և դասախոսություն է կարդացել ADA համալսարանում (Ադրբեջանի դիվանագիտության ակադեմիա): Նաև, ըստ տեղեկությունների, նա 2014-2018 թվականներին եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում և տարածաշրջանային դիվանագիտական ​​հարաբերությունների մեծ փորձ ունի։ 

 

Զիաուլ Սալեհին

Պարսկերենից թարգմ.՝ Իսակ Հունանեսյան