Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Իրանը գիտեր ԱՄՆ-ի և Իսրայելի պլանների մասին՝ կապված Սիրիայում զինված ընդդիմադիր խմբավորումների ակտիվացման հետ, ամբողջ հետախուզությունը փոխանցվել է սիրիական կառավարությանը, Իրանի պետական հեռուստատեսությանը տված հատուկ հարցազրույցի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Ամեն ինչ պարզ էր: Ե՛վ վերլուծականները, և՛ լրատվականները նախապես նշում էին, որ նմանատիպ շարժում է առաջանալու: Թե՛ վերլուծության, թե՛ հետախուզական տվյալների տեսանկյունից մենք գիտեինք, որ ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից կա կուլիսային ծրագիր։ Տեղի ունեցողի և հետախուզության տեսանկյունից մեր երկրում և Սիրիայում հատուկ ծառայությունները լիովին տեղյակ էին ընդդիմության շարժումների մասին ։ Եվ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է Սիրիայի կառավարությանը և սիրիական բանակին», - հայտարարել է Արաղչին։
Ավելի վաղ պետական հեռուստատեսությունը գրաված Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարել էին, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ: Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին ասել է, որ ինքը մնում է Սիրիայում մի քանի նախարարների հետ, նրանք չգիտեն, թե որտեղ են գտնվում երկրի նախագահը և պաշտպանության նախարարը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադը, ընտանիքի հետ միասին, ժամանել է Մոսկվա, Ռուսաստանը նրան ապաստան է տվել։ Վարչապետը նաև ասաց, որ կապ է հաստատել զինված ընդդիմության ղեկավարության հետ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ ցուցումներ տալով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: