կարևոր
874 դիտում, 16 ժամ առաջ - 2025-05-07 10:55
Հասարակություն

Եթե աշխատես՝ կծռվես. Ծռատոնը` Ախալցխայի Փոքր Պամաճ գյուղում

Ազգային ու կրոնական տոները, անկախ կրոնական հայացքներից, պետք է պահել, պահպանել, դա իր կարևոր դերն ունի մեր ազգային ինքնության համար: Ծռատոնը կամ Սուրբ Գևորգի տոնը նշվում է Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Խանդո և Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ հայաբնակ գյուղերում:

Ավանդույթի համաձայն, այդ օրը մարդկանց, հատկապես՝ հղիներին, արգելված էր որևէ գործ անել, կտրող, ծակող գործիքներ օգտագործել, հակառակ դեպքում ինչ-որ ձախորդություն կլինի, «կծռվի» և դա իր հետքը կթողնի, դրա համար էլ տոնը կոչվել է «Ծռատոն»:

Եթե ստիպված էին որևէ անհետաձգելի գործ անեին, ապա դրանից անմիջապես հետո մի քիչ գարի էին ցանում, ցանած գարին ծուռումուռ է դուրս գալիս՝ իր վրա կրելով մեղքը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մայիսի 6-ին ՀԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդության Ախալցխայի և Բորժոմի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանի նախաձեռնությամբ տոնը նշվեց Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի «Բուրալ» կոչվող բարձունքում: Նույն վայրում գտնվող Սբ. Գևորգ մատուռում մատուցվեց պատարագ և կատարվեց մատաղի օրհնության կարգ, որին հաջորդեցին Ախալցխայի և հարակից հայկական գյուղերի ազգագրական խմբերի գեղեցիկ ելույթները, հնչեցին հիմնականում Կարնո պարեր, իսկ վերջում Հայկական կոխ` ըմբշամարտ:

 

Լուզիա Մոսոյան

Բանահավաք

 

Yerkir.am-ը ստորև մեկ տեսանյութով հատվածաբար ներկայացնում է Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի «Բուրալ» կոչվող բարձունքում Ծռատոնի օրը տեղի ունեցած միջոցառումը: Ուշագրավ են հատկապես Կարին-Ջավախքի ժողովրդական գեղեցիկ պարերը՝ Ախալցխա քաղաքի և համանուն շրջանի հայաբնակ գյուղերի խմբերի կատարմամբ: