կարևոր
1924 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-01 10:00
Քաղաքական

Այդ քայլով Փաշինյանը թքեց իր քաղաքացիների երեսին. Տարասով․ «Հրապարակ»

Այդ քայլով Փաշինյանը թքեց իր քաղաքացիների երեսին. Տարասով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեղավորի կեցվածքով ու արդարանալու ակնկալիքով էր Փաշինյանն Էստոնիա մեկնել: Մայիսի 9-ին սպասվող մոսկովյան այցին ընդառաջ Եվրոպային պետք էր ցույց տալ, որ «գծից շեղում չկա»: Իսկ գիծը հակառուսականությունն է, որը որդեգրել է այս իշխանությունն ու ցանկացած առիթով ի ցույց է դնում, երբեմն՝ ավելի բուռն, ոչ դիվանագիտական դրսեւորումներով, երբեմն՝ սիմվոլիկ քայլերով, որոնցից էր նաեւ Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր այցելությունը: 

Իհարկե, Ռուսաստանը կոմունիստական երկիր չէ, բայց Խորհրդային Միության իրավահաջորդն է, եւ այդ խորհրդանշական ժեստը, հասկանալիորեն, կարող է դուր չգալ Մոսկվային: Գաղտնիք չէ, որ բալթյան երկրները մշտապես հակառուսական դիրքորոշմամբ են աչքի ընկել, ու այդ երկրներից մեկն այցելությունն ու Ռուսաստանին առնչվող թեմայով արված քայլը, ակնհայտորեն, պատահական չէր կարող լինել կամ այդպես ընկալվել:
Որ Փաշինյանի էստոնական ուղեւորության տակ հայ-էստոնական երկկողմ հարաբերություններին առնչվող լուրջ օրակարգ չկար` չէր կարող լինել, կարող ենք համոզվել` դիտելով այցելության մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունները. դրանք կարճ են՝ ընդհանուր բնույթի ստանդարտ ձեւակերպումներով, ու անպայման հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության գործընթացի հիշատակմամբ, որը գործող իշխանությունների պաշտոնական բառապաշարի անբաժան մասն է դարձել: 

Էստոնիա Փաշինյանի այցելությունը հատկապես ուշագրավ է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասի հայտարարության ֆոնին, որն ուղիղ տեքստով ԵՄ անդամության թեկնածու երկրներին ասել էր, որ նրանք չպետք է ներկա գտնվեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին:

Իհարկե, Հայաստանն այդ երկրների ցանկում չէ, եւ ԵՄ անդամակցության գործընթացն իրականում ընդամենը իմիտացիա է` իր միակողմանի նախաձեռնությամբ ու այդ մասին խորհրդարանում ոչ մի քայլ չենթադրող նախագիծն ընդունելով, բայց այս պահանջն անուղղակիորեն կարող է վերաբերել նաեւ Փաշինյանին, որն արդեն վաղուց իրեն «վառել է»՝ որպես  Հարավային Կովկասում հակառուսականության հիմնական գործիք:
«Փաշինյանը փորձում է չեզոքացնել այն նեգատիվ ազդեցությունը, որը կարող է պայմանավորված լինել նրա՝ Մոսկվա այցելությամբ: Ես կարծում եմ, որ նա առհասարակ չէր ցանկանում այնտեղ երեւալ, բայց իրավիճակն այնպիսին է, որ Հաղթանակի զորահանդեսին չմասնակցելով, հայկական կողմը, ըստ էության, ամբողջությամբ կխզեր հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի հետ, այլեւ՝ այլ երկրների: Կարծում եմ՝ այդ կոնֆրոնտացիային Փաշինյանը պատրաստ չէ, ուստի իր այցելությամբ եւ իր գործողություններով, օրինակ, Կոմունիզմի զոհերի հուշարձան գնալով, նա փորձում է հավասարակշռություն պահպանել՝ Արեւմուտքին ցույց տալով, որ ստիպված է այցելում Մոսկվա»,- «Հրապարակ»-ին ասում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

Վերլուծաբանը ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունը նողկալի ու դեմոնստրատիվ է բնորոշում՝ շեշտելով, որ դա ամենեւին չի խոսում ՀՀ վարչապետի դրական որակների մասին: «Այնպես չէ, որ Ռուսաստանը կոմունիստական երկիր է, բայց խնդիրն այն է, որ նա թքում է իր իսկ քաղաքացիների երեսին, այն հայ կոմունիստների, որոնք ստեղծել են այն երկիրը, որը նա այսօր ղեկավարում է: Եթե չլինեին կոմունիստները, Հայաստանը գուցե այսօր ընդհանրապես չլիներ»,- շեշտում է մեր զրուցակիցն ու շարունակում. «Նա աշխատում է հայ ժողովրդի շահերի դեմ, փորձում է կտրել կապը Հայաստանի պատմության հետ: Փաշինյանի մասին հետագայում հայերը հիշելու են այնպես, ինչպես 1915 թվականի ցեղասպանությունն են հիշում»:

Ստանիսլավ Տարասովը վստահ է՝ Փաշինյանի մոսկովյան այցը հայ-ռուսական, մեղմ ասած, բարդ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից որեւէ էական նշանակություն չի կարող ունենալ: Ինչպես մեր զրուցակիցն է ասում, այդ այցը տեղավորվում է ավանդական այցելությունների շրջանակում եւ դիտարկվում ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա տրամաբանության մեջ»։