|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հայաստանում դատական բարեփոխումների հրամայականն անկասելի է: «Ժառանգություն» կուսակցությունը, հետևելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է, որ այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է իր մարտավարական շահերին: Առաջնորդելով դատարանների դռները փակելու անհեռանկար և վտանգահարույց գործողությունը և հանրային աջակցություն չստանալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը սկսում է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը խորհրդարանի հետ միասին, պատրաստ է անգամ սահմանադրական փոփոխությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Քաղաքականապես անհասկանալի է, թե ինչն էր նրան խանգարում այս կարևորագույն խնդիրներին լուծում տալ անցած մեկ տարվա ընթացքում: Գրեթե մեկ տարի հայաստանյան քաղաքական դաշտում բարձրաձայնում էին այս հիմնարար դրույթները, իսկ այժմ դարձյալ փորձ է կատարվում միանձնյա որոշումներ ընդունել՝ շրջանցելով անհրաժեշտ քաղաքական և հանրային քննարկումների փուլը, ինչը հղի է ներքաղաքական ցնցումների և նենգադուլների հետագա կրկնություններով:
Կոչ ենք անում վարչապետին զերծ մնալ արկածախնդրական քայլերից, որոնք վտանգում են ՀՀ միջազգային հեղինակությունը՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության:
Ակնկալում ենք խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ու հասարակական ուժերի հետ օր առաջ քննարկումների կազմակերպում՝ օրենսդրորեն բացառելու համար հին ուժերի վերադարձը և սահմանադրական կարգի տապալման բոլոր հնարավոր փորձերը:
«Ժառանգություն» կուսակցություն