Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում Ալեքսանդրապոլի վերջին քաղաքագլուխը մեծանուն Աշուղ Ջիվանու որդին էր՝ Պարույր Լևոնյանը (1883-1934):
Պարույր Լևոնյանը Հայաստանի Աառաջին Հանրապետության շրջանի պատմության մեջ մնաց որպես Ալեքսանդրապոլի վերջին քաղաքագլուխ (1920 թ. հունիս 16 - նոյեմբերի 7): Երբ Քյազըմ Կարաբեքիրի գլխավորած թուրքական զորաբանակը 1920 թ. նոյեմբերին պաշարեց ու գրավեց Ալեքսանդրապոլը՝ հաստատվելով այնտեղ, Պարույր Լևոնյանը դադարեց լինել սիրելի քաղաքի քաղաքագլուխը:
Պարույր Լևոնյանն այնուհետև հեռանում է Ռումինիա՝ Բուխարեստ, որտեղ ծանոթանում է Գայանեի հետ: Ամուսնանում են, ունենում աղջիկ՝ Օլգան:
Երբ ես 2016 թվականի սեպտեմբերին Ջիվանու դուստր Հռիփսիմե Լևոնյանի (1890-1967 թթ.) թոռան՝ Ջիվան Հակոբյանի հետ հարցազրույց էի անում, նա հայտնեց, որ Օլգան, որն ապրում է ԱՄՆ Բոստոն քաղաքում, այդ ժամանակ Ջիվանու միակ կենդանի թոռն էր: Հուսով եմ՝ տիկին Օլգան այսօր էլ ողջ է և շարունակում է իր հասարակական-բարեսիրական գործերը, որոնք նա երկար տարիներ ծավալել է ԱՄՆ-ում:
Պարույր Լևոնյանը Ռումինիայում ծավալում է հասարակական-քաղաքական գործունեություն, կապեր է հաստատում հայոց ավանդական կուսակցությունների, այլ կազմակերպությունների հետ: Նրա մոտ ընկերներն էին Անդրանիկը, Նժդեհը, Դրո Կանայանը:
Հետաքրքիր փաստ. Պարույր Լևոնյանի մահվանից հետո Դրոն ամուսնանում է նրա կնոջ՝ Գայանեի հետ: Եվ տասնամյակներ շարունակ միայն նրանց մոտիկից ճանաչողները, շատ նեղ շրջանակ է իմացել, որ Գայանեի աղջիկը՝ Օլգան, իրականում ոչ թե Դրոյի, այլ Պարույրի աղջիկն է՝ աշուղ աշուղ Ջիվանու թոռնուհին:
Երկար տարիներ ապրելով Բոստոն քաղաքում՝ տիկին Օլգան չի կարողացել կապ պահպանել Խորհրդային Միությունում (Երևան, Թիֆլիս, Մոսկվա և այլուր) ապրող Ջիվանու խոշոր գերդաստանի ներկայացուցիչների, իր արյունակից հարազատների ու բարեկամների հետ: Խորհրդային տարիներին բոլորին էր հայտնի “առաջին ձև” կոչված փաստաթուղթը, որտեղ լրացվում էր արտասահմանում բարեկամներ ունենալ-չունենալու մասին: Եվ Պարույր Լևոնյանի սերունդերը կապ հետ չէին պահպանում միայն նրա համար, որ նեղություն կամ ավելորդ գլխացավանք չպատճառեն Խորհրդային Միությունում ապրող իրենց հարազատներին (Ջիվան Հակոբյանի ծնողները, աշխատելով պետական հիմնարկներում, ունեցել են այդ “առաջին ձևը”):
Ջիվանու դուստր Հռիփսիմե Լևոնյանի թոռ Ջիվան Հակոբյանը մեզ հետ զրույցում առաջին անգամ հանրայնացրեց այդ հետաքրքիր պատմությունն այն մասին, թե ինչպես է Դրոյի, իսկ իրականում Պարույր Լևոնյանի աղջիկը՝ տիկին Օլգան, ի վերջո, գտել իր արյունակից-հարազատներին:
Դա եղել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժին հաջորդող շրջանում, երբ մի քանի ինքնաթիռով օգնություն բերվեց ԱՄՆ-ից և բաժանվեց տուժած կարիքավորներին: Որոշ ժամանակ անց Հայաստանից լրագրող է այցելում ԱՄՆ, այդ օգնության հետքերով գալիս է Բոստոն, հանդիպում Օլգայի հետ՝ բոլորի նման իմանալով, որ տիկին Օլգան լեգենդար Դրոյի աղջիկն է, և հարցազրույց է կազմակերպում հետը:
Լրագրողը հարցնում է, թե ինչպես կազմակերպվեց օգնությունը, ովքեր միացան և այլն, իսկ ամենավերջում խնդրում է ներկայացնել նաև հոր՝ Դրաստամատ Կանայանի մասին: Այստեղ Օլգան հայտարարում է, որ ինքն իրականում Դրոյի աղջիկը չէ, այլ Ալեքպոլի վերջին քաղաքագլուխ Պարույր Լևոնյանի աղջիկն է, Ջիվանու թոռնուհին:
Եվ մի օր պատահաբար Ջիվան Հակոբյանի մայրիկը Հայաստանում կարդում է այդ հոդվածը, և բոլորով ուրախանում են, որ վերջապես գտել են իրենց հարազատին:
Հավելենք նաև, որ Օլգան Վազգեն Առաջին Վեհափառի միջոցով մինչ այդ փորձել էր գտնել իր հարազատներին, սակայն Ջիվան Հակոբյանի հոր՝ Դիզբեկի (աշուղ Ջիվանու թոռան) մահվան պատճառով հանդիպումը ձգձգվել է: Ջիվան Հակոբյանն այնուհետև խմբագրից խնդրել է Օլգայի հեռախոսահամարները, կապնվել, տիկին Օլգան հետո եկել է Հայաստան, և այդպիսով ջերմացած մեր հարաբերություններ շարունակվել են մշտապես:
Հ.գ. Ավելի քան մեկ դար անց՝ այս օրերին, երբ Ալեքսանդրապոլ-Գյումրին վերստին ընտրում է իր քաղաքային իշխանությանն ու քաղաքագլխին, համընդհանուր լարվածության մթնոլորտում Փաշինյանի պետականակործան իշխանության ներկայացուցչին քվեարկող գյումրեցիներին ուղղված քննադատությունների շարքում հիշատակվեցին նաև պատմության ցավալի դեպքերը:
Նշվեց, որ մեկ դար առաջ եղել են ալեքպոլցիներ, որոնք, իբր, քաղաքագլխի հետ միասին թուրքերին դիմավորել են աղուհացով: Միգուցե եղել է նման դեպք, միգուցե թուրքական սարսափազդու ջարդերի ու վայրագությունների պայմաններում կարող է և որոշ ալեքսանդրապոլցիներ ողջ մնալու ճանապարհը դա են համարել, բայց Պարույր Լևոնյանի նման պատվախնդիր քաղաքագլուխը չէր կարող լինել նրանց մեջ, ես չեմ հիշում դա հաավստող որևէ պատմական փաստ կամ փաստաթուղթ:
Մեծանուն Ջիվանու որդին, Արամի, Դրոյի ու մյուս լեգենդար գործիչների ընկերը կարող էր հանդիպել քաղաք ներխուժած թուրքերի հետ, ավելին, իբրև սեփական քաղաքի ու քաղաքացիների ճակատագրով ապրող քաղաքագլուխ, անգամ պարտավոր էր դա անել: Դա պատմության դաժան պարտադրանքն է: Բայց միայն այդքանը, և ոչ ավելին:
Լուսանկարները՝ Ջիվան Հակոբյանի արխիվից։
Վահե Սարգսյան